UCOM ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի բաժանորդները ձանձրանալու ժամանակ չեն ունենա. աշնանային նոր եթերաշրջանն արդեն մեկնարկել է և հեռուստադիտողները հնարավորություն ունեն երեկոյան ժամանցը լրացնելու 5 նոր նախագծով։ Այսօր սպասվում է պրեմիերա. Վաչե Թովմասյանը հեռուստադիտողներին կներկայացնի իր նոր նախագիծը` «Ոսկե դպրոցը»։

Tert.am Life–ը ներկայացնում է լուսանկարներ նկարահանման հրապարակից և հարցազրույց դերասանուհի Լալա Մնացականյանի հետ։

Ֆիլմի «վախը» Լալա Մնացականյանի կերպարն է։ Դպրոցում նրանից սարսափում են։ Հենց ընկեր Կարախանյանն է, որ մեծ խնդիրներ է ստեղծում Վաչեի հերոսի համար։ Լալա Մնացականյանը կերպարը ստեղծելիս իր աչքի առաջ նախատիպ է ունեցել` իր ուսուցչուհին, որը ևս շատ խիստ էր։ Դերասանուհին մեկ առ մեկ հիշում էր նրա ժեստերն ու կրկնօրինակում` ավելացնելով նոր գույներ, որոնք համապատասխանում են հերոսուհուն։

 

 

«Կերպարիս ազգանունը Կարախանյան է, բայց քանի որ շատ խիստ է, երեխաները Թարախանյան են ասում։ Նրանից վախենում է ամբողջ դպրոցը, ամուսինը փախել է իր ձեռքից, տղա ունի, բայց ինքը մենակ կին է, որովհետև իր խստաբարո լինելը տանն էլ է կիրառում։ Նա մտածում է դպրոցի բարօրության մասին, որովհետև տնօրենը «թեթև» կին է, շատ ավելի քիչ կապ ունի դպրոցի հետ։ Փաստացի, դպրոցը ղեկավարում է փոխտնօրենը։ Կարծում եմ` շատ հմայիչ, հումորային, հետաքրքիր կերպար է ստացվել»,– ասաց դերասանուհին։

Լալա Մնացականյանն առաջին անգամ է նկարահանվում սիթքմում, թեև փաստում է, որ առաջարկների պակաս չի ունեցել։ Վաչեի առաջարկն իրեն գրավել է այնքան, որ հրաժարվել է մյուս գործերից ու անցել նկարահանումների։ «Ինձ դուր չէին գալիս այն առաջարկները, որոնք ստանում էի։ Որպես դերասանուհի` ինձ կերպարն է հետաքրքիր։ Ինձ միանգամից  հետաքրքրեց կերպարը, չէի կարող հրաժարվել։ Ամեն դպրոցում կա էսպիսի ուսուցիչ։ Պատմությունն էլ հետաքրքիր է»– նշեց նա։

Ակնկալիքների մասին Լալա Մնացականյանը նախընտրեց չխոսել։ Նա միայն նշեց, որ իր աշխատանքին մոտենում է մասնագիտորեն և անկեղծ, իսկ մնացածը էկրանը ցույց կտա։

 


Աղբյուրը՝ Tert.am Life

loading...