Տարբերվող արտաքին, համարձակ լուսանկարներ, ահա թե ինչպես են տեսնում մարդիկ մոդել Սառա Թիլքյանին, բայց նա վերջերս հանրությանը ներկայացրեց իր դիզայներական հավաքածուն: Tert.am Life-ը զրուցել է Սառայի հետ մանկության, ապագա ծրագրերի ու դիզայներական հավաքածուի մասին:

 

-Սառա, դու ընթերցողին հայտնի ես որպես մոդել, բայց քչերը գիտեն, որ մասնագիտությամբ դիզայներ ես: Ե՞րբ ես սկսել դիզայների կարիերադ:

 

-Երբ այն տարիքում էի, որ ոչինչ չէի գիտակցում, ինձ նկարչության են տարել:  4 տարեկան էի, եթե չեմ սխալվում ու առաջին նկարս եղել է հագուստ: Այդ պատճառով, արդեն չեմ էլ մտածել ուրիշ բանի մասին, միշտ իմացել եմ, որ նկարիչ եմ լինելու: Իսկ ավելի ուշ  որոշեցի, որ դիզայնով կզբաղվեմ:

 

 

--Ինչպիսի՞ն ես եղել դպրոցական տարիքում, ինչպե՞ս են ընդունել քեզ շրջապատում:

 

-Ես դպրոցական տարիքում էլ եմ տարբերվել, որովհետև այն ժամանակ էլ շատերին անհասկանալի ոճով էի հագնվում: Դասընկերներս իմ ոճը չէին հասկանում:  Երկու դպրոց եմ փոխել: Սկզբում ամեն ինչ լավ էր,  երբ եկա նոր դպրոց, ամեն ինչ կտրուկ փոխվեց, մակարդակն իջավ: Ես այդ ժամանակ միայնակ գնում, հասնում էի Օպերա՝  նկարչության, իսկ իրենք չգիտեին, թե դա  որտեղ է: Նրանք մեծանում էին պապիկ տատիկների հետ սերիալ նայելով:

 

-Ինչո՞վ է տարբերվել քո մանկությունը;  

 

-Ես և քույրս քաղաքակիրթ  ձևով ենք մեծացել: Միշտ արվեստի մեջ ենք եղել՝ բալետներ, օպերաներ, ներկայացումներ: Դուրս էինք գալիս մի ժամով, հեռուստացույց երկու ժամ էինք նայում, այն էլ «Կուլտուրա» հեռուստաալիքը:  Բայց ինձ այդ ամենը հաճելի էր:

 

-Իսկ ի՞նչ մասնագիտություն ունեն ծնողներդ:

 

-Մայրս քիմիկոս է, հայրս՝ արևելագետ:

 

-Մայրիկիդ ճաշակն անդրադարձե՞լ է քեզ վրա:

 

-Ինձ թվում է, ընդհանրապես, չի անդրադարձել, որովհետև մենք շատ տարբեր ենք:

 

 

-Ինչպե՞ս են նրանք արձագանքել քո որոշումներին, ընտրություններին:

 

-Ընտանիքս միշտ էլ աջակցել է ինձ ու քրոջս, ինչ ընտրություն էլ, որ արել ենք:

 

-Ինչո՞վ է զբաղվում քույրդ:

 

-Քույրս այստեղ լրագրության բաժնում է սովորել, իսկ հիմա ուսումը շարունակում է ԱՄՆ-ում:  Նա սովորող է՝ հանճար է:

 

-Նա ինչպե՞ս է արձագանքում քո աշխատանքներին: 

 

-Շատ նորմալ: Ճիշտ է, բաներ կան, որ չի հավանում, բայց Սառա դիզայներին  շատ լավ է  վերաբերում:  Երբ խոսում ենք,  հարցնում եմ՝ ինչ-որ բան լա՞վն է, թե՞ ոչ, ասում է ՝ լավն է, բայց ես չէի հագնի:

 

-Դու կրում ես միայն քո կարած հագուստը: Ե՞րբ ես սկսել կարել ու ինչպե՞ս կբնութագրես քո ոճը:

 

-Երբ գնում էի խանութներ, ինչ փորձում էի, ավելի մեծ էր լինում: Հասկացա, որ պետք է ինքս իմ չափսով հագուստ կարեմ, նաև կտարբերվեմ: Չէի սիրում, երբ նույն հագուստով տեսնում էի այլ մարդու: Իմ ոճը Սառայի ոճն է, կոնկրետ անուն չունի:

 

 

-Ի՞նչն է քեզ համար կարևոր հագուստում, հարմարավետությու՞նը, տե՞սքը։

 

-Ես հարմարության հետևից չեմ գնում, երևի, տարօրինակ է: Օրինակ՝ ես չեմ սիրում, երբ ոտքերս փակ են լինում:

 

-Բայց հիմա տաբատով ես…

 

-Դա միայն այսօր:

 

-Իսկ կիսաշրջազգեստով չե՞ս մրսում:

 

-Մրսում եմ, հետո  ինչ: Կարևորն այն է, որ ես էսթետիկ հաճույք ստանամ իմ տեսքից:

 

՞րն է քո ամենասիրելի գույնը:

 

-Ես փոփոխական մարդ եմ, բայց միակ բանը, որի հանդեպ սերն ինձ մոտ չի փոխվում, կարմիր գույնն  է:

 

 

-Սառա, քո բրենդը կրում է Թիլքյան ազգանունը: Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար ազգանունդ:

 

-Թիլք նշանակում է աղվես, ու իմ տարբերանշանի վրա էլ աղվես կա: Իսկ իմ ազգանունն ինձ համար ամեն ինչ է:

 

-Իսկ դու քեզ նմանեցնու՞մ ես աղվեսի կամ այլ կենդանու:

 

-Ես՝ ոչ, բայց շատ-շատ են նմանեցնում: Ես անցյալ կյանքում ջրահարս եմ եղել:

 

-Անցյալ կյանքի գոյությանը հավատում ես, իսկ հորոսկոպի՞ն:

 

-Ես հորոսկոպով երկվորյակ եմ ու հավատում եմ այն ամենին, թե ինչ են ասում երկվորյակների մասին:

 

-Համարու՞մ ես, որ երկու ես ունես:

 

-Ես շատ «ես»–եր ունեմ: Բոլորին լավ չեմ ճանաչում, քանի որ մինչև, օրինակ, հարցազրույցի գալս լրիվ այլ մարդ էի, այստեղից դուրս գամ՝ այլ մարդ կլինեմ:

 

 

Սառա, իսկ ո՞ւր են քո երկար մազերը:

 

–Կարճ մազերս էքսպերիմենտներիս արդյունքն են: Ես գունաբացող նյութ էի քսել ու քնել: Առավոտյան արթնացա, մազերս պոկվում էին: Երկու ամիս տարբեր փորձարկումներ արեցի, հետո արհեստական մազեր ավելացրի, իսկ վերջում կտրեցի: Հիմա մազերս երկարացնում եմ:

 

–Սառա, գրքեր կարդու՞մ ես:

 

–Ոչ, ես կարդալու հանդեպ ֆոբիա ունեմ:

 

–Հետևու՞մ ես նորաձևությանը: Ունե՞ս սիրելի դիզայներներ:

 

–Մի պահ կար, որ շատ էի հետևում: Հիմա՝ ոչ, որովհետև դա ինձ վրա ազդում է: Ունեմ սիրելի դիզայներ, բայց գաղտնիք է, ես չեմ սիրում բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ սիրում եմ: Ես անտանելի  խանդոտ եմ այդ հարցում:

 

–Սիրու՞մ ես խոսել անձնական կյանքիդ մասին:

 

–Չեմ սիրում և ճիշտ չեմ համարում:

 

 

–Իսկ եթե հասկանաս, որ հայտնի դառնալու կամ սեփական PR–ի համար պետք է խոսես, կխոսե՞ս:

 

–Ես երբեք չեմ երազել հայտնի դառնալու մասին և այդ դեպքում էլ չեմ խոսի:

 

–Վերադառնանք քո բրենդին: Ինչու՞ որոշեցիր դաշտ մտնել հոլովակով:

 

–Ես վաղուց էի ուզում այդպես անել: Հոլովակի սցենարիստը և ռեժիսորը Ինա Աբրահամյանն է:  Իմ դիզայներական հավաքածուի գաղափարն առաջացել է համալսարանի ավարտական քննությունից հետո: Դիպլոմային աշխատանքի հանձնման ժամանակ  հանձնաժողովում գիտնականներ էին, ճարտարապետներ, բայց ոչ մի կապ չունեին նորաձևության հետ, ու ես ստացա ամենացածր գնահատականը: Ես որոշեցի բողոքարկել և առաջին հարցս այն էր, թե ո՞վ է նորաձևության աշխարհից: Միակ մարդը Գևորգ Շադոյանն էր: Ես խնդրեցի պրոֆեսիոնալ կերպով բացատրել ցածր գնահատականիս պատճառը, նա ասաց, որ իր ճաշակով չէր, որովհետև նյութերն իրար հետ չեն սազում: Բայց ես  ներկայացնելու ժամանակ ասում էի, որ գլխավոր իմաստն այն է, որ ես համատեղել եմ անհամատեղելին, իսկ նորաձևությունը սիրում է էքսպերիմենտներ:  Այդ ժամանակ էլ առաջացավ այն միտքը, որ հենց այսպես պետք է մուտք գործեմ նորաձևության աշխարհ։ Ես սրանով կապացուցեմ, որ շատ ավելի առաջ կգնամ, քան իմ կուրսեցիները, ովքեր կեզրափակվեն իրենց համար հարսի շորիկ կարելով:

 

–Ինչպիսի՞ արձագանքներ ես լսել:

 

–Միայն լավ արձագանքներ եմ լսել, բայց ես ընդունում եմ բոլոր անկեղծ քննադատություններն ու մտածում դրանց մասին:

 

–Ի՞նչ ես պատրաստվում անել հիմա:

 

–Ես Հայաստանում իրական concept store բացելու միտք ունեմ, որը կունենա նաև սրճարան: Այնտեղ ներկայացված կլինեն undrground հայ դիզայներները: Հիմա հավաքում եմ խումբ:


Աղբյուրը՝ Tert.am Life

loading...