Տեւական ժամանակ է՝ Վարշամ Գեւորգյանը հեռուստատեսային որեւէ նախագծում ներգրավված չէ: BRAVO.am-ը դերասանից հետաքրքրվել է՝ ինչով է զբաղվում այս շրջանում, եւ թե որն է էկրաններից բացակայելու պատճառը: Նա նաեւ պատմել է ընտանիքի մասին:
«Արդեն չորս տարի է՝ սեփական փրոդաքշն ունեմ, որը զբաղվում է գովազդների, տեսահոլովակների նկարահանմամբ: Բացի հիմնադիր տնօրեն լինելուց, երբեմն հանդես եմ գալիս որպես ռեժիսոր, այս կամ այն նախագծի մտահղացման հեղինակ: Այս տարիների ընթացքում համագործակցել եմ «Ռեինկարնացիա», «3.33» խմբերի հետ, քանի որ նրանց աշխատանքը հավանում եմ, բացի այդ իմ ընկերներն են»,-պատմել է Վարշամը:
Դերասանը շեշտել է, որ շարունակում է զբաղվել իր մասնագիտական գործունեությամբ՝ աշխատելով Համազգային թատրոնում.«Միշտ մտածել եմ, որ դերասանը պետք է զուգահեռ բիզնես ունենա, բայց դա, իհարկե, լինի իր մասնագիտությանը մոտ, կամ էլ բխի դրանից»:
Վարշամի խոսքով՝ այս կամ այն նախագծում նկարահանվելու առաջարկներ այժմ էլ ստանում է, բայց ինչ-ինչ պատճառներով համագործակցությունը չի ստացվում.«Ամեն անգամ մի բան խանգարում է: Ինձ համար կարեւոր կետեր կան, որոնք պետք է պատշաճ լինեն՝ սցենարը, ռեժիսորը, անձնակազմը, քանի որ թիմային աշխատանք է: Կան նախագծեր էլ, որոնցում չեմ նկարահանվել, բայց եթե առաջարկ ստանայի, մեծ սիրով կհամաձայնեի: Այնպես չէ, որ իմ առաջ չնկարահանվելու պայման եմ դրել, գուցե հաջորդ առաջարկը հարմար լինի եւ ընդունեմ:)»:
Ընտանիքի եւ երեխաների մասին էլ դերասանը հետեւյալն է ասել.«Տղաս՝ Նարեկը, դպրոցական է, իսկ Մարիան դեռեւս մանկապարտեզ է հաճախում: Նրանց հետ հիմնականում կինս է լինում, տարբեր պարապմունքների են հաճախում: Ճիշտ է՝ տղաս ինձ հետ ներկայացման մեջ է խաղացել, բայց աղջիկս ավելի մեծ հակումներ ունի ապագայում այս ոլորտն ընտրելու:)»:
Աղբյուրը՝ Bravo.am