Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի երկրորդ որդին` Ռոբերտոն, իր ծնունդով ոգեշնչել է ծնողներին, եւ շուտով նրանք նոր երգ կթողարկեն` ի դեմս որդու` նվիրված բոլոր երախաներին:

Life.panoarama.am-ի հետ զրույցում Գրիգորը պատմեց, որ «Իմ հարստություն» երգում ամփոփված են իրենց ամենաթանկ զգացմունքները:

«Իրականում այս երգը դեռեւս ամռանն է հնչել` մեր ստուդիայի համերգի ժամանակ: Մտադրություն ունեինք մեր որդու մկրտությանն ընդառաջ տեսահոլովակ նկարահանել, բայց քանի որ տղաս այդ ժամանակ դեռ շատ փոքր էր, որոշեցինք տեսահոլովակը մի փոքր ուշացնել: Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը ինքս եմ գրել, ի դեպ` բառերը ծնվել են այն պահին, երբ Ռոբերտոն գրկումս էր ու ես զգում էի անբացատրելի զգացողություններ. նրա հանդեպ սերը խելագարության է հասնում, որի մասին նաեւ երգում եմ խոսում: Սա կոմերցիոն աշխատանք չէ, այն անկեծ ու իրական ապրումներից է ծնվել եւ հոգուց է գալիս»,- պատմեց երջանիկ հայրիկը:

Տեսահոլովակի պրեմիերան կլինի այս շաբաթ: Ուրախ հոլովակում, բնականաբար, նկարահանվել է փոքրիկ Ռոբերտոն, իսկ ընթացքում կտեսնենք հայտնի ծնողների` իրենց երեխաների հետ միասին: Նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է, ով հանդիսանում է նաեւ «Ֆուլ հաուսի» եւ մի շարք տեսահոլովակների ռեժիսորը:

«Երգի ստեղծումից անմիջապես հետո արդեն պատկերացնում էինք, որ հենց այսպիսինն է լինելու տեսահոլովակը: Ուզում էինք այն ընտանեկան լիներ, իսկ հետո, երբ մտածում էինք երեխաների ընտրության մասին, որոշեցինք, որ նրանց ծնողները եւս մասնակցություն կունենան, որպեսզի ընտանիքի գաղափարն էլ ավելի ակնառու լինի: Նկարահանվել ենք մենք` մեր ընտանիքով, Մենչն` իր ընտանիքով, Գոռ Հակոբյանն` իր ընտանիքով, Սարգիս Գրիգորյանն ու Արսեն Գրիգորյանն` իրենց ընտանիքներով, ինչպես նաեւ Նարբեն եւ Աստղիկն` իրենց որդու հետ, DJ Smoke-ն` իր տղայի հետ: Իհարկե, շատ ընկերներ ունեինք, որոնց եւս կցանկանայինք ներգրավվել մեր տեսահոլովակում, բայց որոշներին հարմար չէր, եւ բացի այդ, չէինք ուզում, որ մասնակիցները կես վայրկյան երեւային, ուստի առաջինն, ում տեսանք հրավիրեցինք ու այդքանով սահմանափակվեցինք»,- նշեց նա:

Հետաքրքրվելով, թե փոքրիկ Ռոբերտոն ինչպե՞ս է իրեն պահել տեսախցիկների առջեւ, Գրիգորը նկատեց.

«Երբ, տղայիս բերեցինք նկարահանման տաղավար, ակամայից հիշեցինք մեր առաջին որդու` Ալբերտոյի, ռեակցիաները, երբ իր ծնունդից հետո էլ նրան առաջին անգամ իրեն նվիրված «Երեքով» տեսահոլովակում նկարահանեցինք: Ինչպես Ալբերտոն, այնպես էլ Ռոբերտոն ուշադիր, մի քիչ էլ վախեցած նայում էր լույսերին, տեսախցիկներին, բայց մենք շատ արագ նկարահանեցինք իր հետ կապված տեսարանները, որպեսզի մեր փոքրիկին նեղություն չտանք, ի վերջո, նա դեռ շատ փոքր է` ընդամենը ութ ամսական»:


Աղբյուրը՝ panorama.am

loading...