ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանը շատերին է տպավորել Եվայի դերով` իրանա-հայկական արտադրության համանուն ֆիլմում: Այս ֆիլմի մեծ մասը նկարահանվել է 2015-ին, որոշ հատվածներ` 2016-ին, սակայն միայն վերջերս այն բարձրացավ մեծ էկրաններ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային կինոակադեմիան Անահիտ Աբադի «Եվա»-ն առաջարկել է ընդգրել հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությանը` որպես լավագույն օտարալեզու ֆիլմ: Օրերս էլ հայտարարվեց, որ ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է 90-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաստատված հայտերի ցանկը, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը:
«Եվա»-ն Նարինե Գրիգորյանի համար դեբյուտային է եղել: Սա առաջին լիամետրաժ ֆիլմն է, որում դերասանուհին նկարահանվել է. դրան արդեն մեկը մյուսի հետեւից հաջորդել են նոր ֆիլմերը:
Հիշելով առաջին ապրումները` Life.panorama.am-ին Նարինեն պատմեց, որ զգացողությունները անմոռանալի են, դերասանուհին մինչ այսօր հիշում է արցունքները, որոնք այդպես էլ էկրաններին չերեւացին:
«Օրերս ԵՊՀ-ում կայացավ ֆիլմի ցուցադրությունը, այդ ժամանակ մի ուսանող ասաց, թե Եվան ցավը կուլ տվող, զսպող տեսակ է, որի հետ ես էլ եմ համաձայն: Եվան ինձնից զատ կերպար է: Նկարահանումներից առաջ ես լրիվ այլ պատկերացում ունեի նրա մասին, ընթացքում` բոլորովին այլ, դե իսկ հետո, երբ տեսա էկրաններին, շատ ավելին հասկացա: Անահիտը նկարահանումների ժամանակ իր խոսքերով ինձ հասցնում էր մի վիճակի, որ արցունքներս ակամայից թափվում էին. ինձ թվում էր, թե շատ լացկան կերպար է լինելու Եվան, բայց պետք է ասեմ, որ ողջ ֆիլմում արցունք չեք գտնի: Կտեսնեք լցված աչքեր, լարված դեմք, բայց ոչ`արցունք: Եվան լացն ու ցավը կուլ տված կին է»,- հիշեց Նարինեն, իսկ հարցին, թե Եվան բնորո՞շ է հայ կնոջ կերպարին, պատասխանեց.
«Գուցե մենք ավելի զգացմունքային ազգ ենք, թեեւ արցախցու մեջ ես տեսնում եմ Եվային բնորոշ տեսակ: Նրանց մեջ էլ շատ ցավ կա, բայց ամեն հարցում չէ, որ կտեսնես նրանց զգացողությունները: Վստահ եմ, որ հայ հանդիսատեսը սիրում է էմոցիա տեսնել, գուցե ես էլ եմ այդպիսին, բայց շատ հետաքրքիր է, որ Եվան չի արտահայտում իր զգացմունքները եւ միայն վերջում, երբ շատ ծանր որոշում է կայացնում, ասում է` ես խաղաղված եմ: Գիտեք, էկրաններից լացը ստանալը շատ ավելի հեշտ է, իսկ զսպված լաց ու զգացմունք, նաեւ դեմքի խաղաղություն ստանալը` բավականին դժվար»:
Յուրաքանչյուր ֆիլմ կամ ներկայացում արտիստին տալիս է նոր մտքեր, կերտում բնավորություն, հուշում նաեւ սխալ ու ճիշտ ճանապարհների մասին: Հարցին, թե ի՞նչ տվեց «Եվա»-ն Նարինե Գրիգորյանին, պատասխանեց.
«Երբ ֆիլմի առաջին ցուցադրությունը ավարտվեց, ես հասկացա, որ չնայած մեր ազգը շատ ցավեր է տեսել, բայց պետք է կարողանալ Եվայի նման կուլ տալ դրանք ու առաջ շարժվել. մենք պետք է կարողանանք Եվայի նման դժվարությունները արժանապատվորեն ու կուլ տված տանել, բավական է լաց լինենք: Ինձ Եվան շատ բան սովորեցրեց, նրանից համառություն սովորեցի` անկախ ամեն տեսակ դժվարություններին: Այս կերպարի շնորհիվ ավելի պինդ դարձա, սովորեցի զսպել ինքս ինձ, սովորեցի նաեռւ հունից դուրս չգալ եւ ոչ մի բանից: Նաեւ շատ մասնագիտական հմտություններ եմ ձեռք բերել, ինչը եւս շատ կարեւոր է: Շատ շնորհակալ եմ Անահիտ Աբադին այս ամենի համար»:
Խոսելով ռեժիսոր Անահիտ Աբադի հետ աշխատանքից` դերասանուհին նշեց.
«Նա գերպրոֆեսիոնալ մարդ է: Նա ամեն ինչի մասին հազար անգամ էր մտածում, հետո նոր անում փոքրիկ մի քայլ: Նրան հետաքրքրում էր անգամ ամենավերջին պլանում դրված ծաղկամանը, կամ հերոսուհու զուգագուլպայի գույնը: Նա ամեն ինչ հաշվարկում էր, որը միայն լավագույն արդյունքների էր բերում: Իհարկե, Անահիտն ասում է, թե իր երազանքի միայն 5%-ն է կատարվել, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ պրոֆեսիոնալ է իրականացված: Գիտեք, այն, որ Անահիտը իրանահայ ռեժիսոր է, ֆիլմին տվեց մի կարեւոր առավելություն. Միշտ այդպես է չէ՞, երբ դրսում են ապրում, ավելի շատ են գնահատում հայրենիքի հետ կապված ամեն բան, նրանց մեջ կա անսպառ կարոտ, որը միայն դրականորեն է անդրադառնում նրանց գործերի մեջ: Անահիտը նկարահանումների ժամանակ մի օր անգամ շատ ուժեղ վիճեց պարսիկ նկարչի հետ, ով պարսկական մտածողությամբ էր նկարում, իսկ Անահիտը անընդհատ պահանջում էր հայկական ճաշակ: Նրա համար սկզբունքային էր, որ սա լինի հայկական ֆիլմ, իսկ դրա համար մեծ դժվարություններ հաղթահարեց»:
Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` Նարինե Գրիգորյանը պատմեց.
«Օրեր առաջ վերադարձել եմ Լիտվայից, որտեղ «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկայացումով մասնակցում էի միջազգային մոնոփառատոնի, ուր կար ընդամենը մեկ գրամպրի, որն էլ մեզ արժանացրին: Ինձ համար ամենահետաքրքիրն այնն էր, որ պատմում էի պատերազմի ժամանակ մեր կյանքի մասին, որը գուցե շատ սուբյեկտիվ էր, բայց այնտեղ օտար մարդիկ լաց էին լինում ներկայացմանս ժամանակ: Ի դեպ` հեղինակներն ենք ես ու Սառա Նալբանդյանը, այն նվիրել եմ հայրիկիս: Սա վավերագրական ներկայացում է, քանի որ իմ մանկությունն է ներկայացվում պատերազմի տարիներին. այդ ժամանակ Հայաստանից Արցախ էինք տեղափոխվել: Ներկայացման ժամանակ պատմում եմ նաեւ, թե ինչպես են ադրբեջանցիները հայրիկիս գերի վերցրել, այստեղ դոկումենտալ կադրեր կան, որի ժամանակ հայրս պատմում է իր հետ կատարվածի մասին: Հիմա այս ներկայացման համար հրավերներ ունենք Գերմանիայից, Ուկրաինայից, Իսպանիայից, իսկ նոյեմբերի 7–ին այն կրկին կներկայացնեմ երեւանյան հանդիսատեսին: Այժմ Սերգեյ Թովմասյանի հետ զբաղված ենք նաեւ Անուշ Ասլիբեկյանի պիեսով` «Թռիչք քաղաքի վրայով», այն ներկայացնում ենք Հայաստանի մարզերում: Այս ներկայացումը սեպտեմբերին խաղացինք Եգիպտոսում, իսկ առաջիկայում հրավերներ ունենք Մարոկկոյից, Հորդանանից, Լիբանանից եւ Չիլիից»:
Աղբյուրը՝ panorama.am