Երգչուհի Զարուհի Բաբայանն օրերս հանդիսատեսին է ներկայացրել իր նոր` «Բախտի նվեր» տեսահոլովակը, որի ստեղծման պատմության մասին պատմել է Life.panorama.am-ին:
«Այս երգը ծնվել է իրական պատմության վրա, այն նվիրում է կոնկրետ մարդկանց: Երգի իսկական հերոսներն անձամբ են ցանկացել, որպեսզի հենց ես կատարեմ այն, իսկ երբ ինձ եղավ այդ առաջարկը, սիրով ընդունեցի, քանի որ ինձ համար այդ փաստը շատ կարեւոր ու խորհրդանշական էր: Սա գեղեցիկ սիրո խոստովանություն է` իմ շուրթերով, իսկ դառնալ սիրո խոստովանության ու պատմության մի մասը, մեծ ուրախություն է»,- նշեց Զարուհին ու հավելեց.
«Միշտ ներքին բողոք եմ ունեցել, երբ երիտասարդները ավելի շատ երգում են կոտրված, չստացված եւ տխուր սիրո մասին: Իմ մեջ այդ առումով անգամ ներքին պայքար կար: Կարծում եմ` պետք է զարկ տալ լուսավոր, գեղեցիկ, երջանկություն բերող սիրո մասին երգերին, ինքս էլ մշտապես գերադասել եմ երգել հիմնականում նման երգեր, որոնք ժպիտ ու հաճելի զգացողություններ են պարգեւում: Նման երգերի ժամանակ ինքս ինձ բավարարված եմ զգում, դրանք ինձ հավելյալ ժպիտ են նվիրում: Այս երգում, կարծում եմ, խոսքերն ուղղակի հիասքանչ են, այստեղ անմիջապես զգում ես անկեղծ ու երջանիկ սեր, նաեւ սպասում, որ կյանքը պետք է շատ ավելի լուսավոր դառնա սիրելի մարդու կողքին»:
Երգի երաժշտության հեղինակն է Արա Թորոսյանը, խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը: Տեսահոլովակը նկարահանվել է աշնան սկզբին` Թաիլանդում եւ Սեւանա լճի ափին:
«Իմ ցանկությունն էր հենց ծովի, լճի ափին նկարահանել այս տեսահոլովակը, քանի որ ծովը, բնությունը, արեւը կապում ենք լավ հիշողությունների հետ: Ծովն ինձ համար սիրո ու հավերժության խորհրդանիշ է, որին նայելով կարելի է անվերջ երազել: Ծովի առաջ ակամայից սկսում ես ինքդ քեզ խոստովանություններ անել, ծովը մի տեղ է, որտեղ կարողանում ես ինքդ քեզ ինչ-որ չափով բացահայտել, ինքդ քեզ խոստովանել, որ երջանիկ ես ունեցածդ սիրո համար: Սա էլ հենց պատճառն էր, որ ցանկացա այդ ամենը ներառել իմ տեսահոլովակում: Իրականում չէի ցանկանում, որ սյուժետային խաղ նկարահանեինք, բայց ուզում էի լինեին փոքրիկ էլեմենտներ, որը կհուշեր սիրող զույգերի մասին, այդ իսկ պատճառով փոքրիկ դրվագներ ներառեցինք, բայց դա արեցինք պարզ ու մինիմալիստականն լուծումներով: Ի դեպ` ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է: Սա իմ ու նրա արդեն երկրորդ աշխատանքն է, եւ պետք է ասեմ, որ նա ուղղակի տաղանդավոր աղջիկ է, ով շատ լավ գիտի, թե ինչպես ստանալ գեղեցիկ աշխատանք: Նա ոչ միայն գիտի, թե ինչ է ուզում ունենալ, այլեւ գիտի լսել դիմացինին ու իր մասնագիտական հնտություններով հասնել հաջող արդյունքի: Մենք միասին էլի պլաններ ունենք, հույս ունեմ, որ ապագայում կկարողանանք կրկին նոր աշխատանքներ ներկայացնել հանդիսատեսին»,- պատմեց երգչուհին:
Ի դեպ` «Բախտի նվեր» տեսահոլովակում նկարահանվել է Զարուհի Բաբայանի դուստրը` կրտսեր Սոֆի Դեւոյանը: Խոսելով նրա մասնակցությունից` երգչուհին նշեց.
«Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Քանի որ որոշել էինք, որ տեսահոլովակում զույգեր են լինելու, բայց նրանց դեմքը չի երեւալու, եւ նրանք պարզապես իրենց սերն են ցույց տալու շարժումի միջոցով, ուստի որոշեցինք փնտրտուքների մեջ չընկնել, քանի որ Սոֆին համապատասխանում էր: Իսկ տղայի դերում Էդուարդ Կարապետյանն, ով առաջին անգամ էր նկարահանվում»:
Տեսահոլովակում Զարուհին, ինչպես ամեն անգամ, փայլում է իր գեղեցկությամբ ու երիտասարդությամբ: Հարցին, թե որն է երգչուհու երիտասարդության ու գեղեցկության գաղտնիքը, Զարուհին նշեց.
«Ինչպես յուրաքանչյուր գործի դեպքում, այս անգամ էլ ամեն ինչ եղել է թիմային աշխատանքի շնորհիվ: Իմ տեսքի համար շնորհակալ եմ Cataleya Wellness Club-ին, նաեւ Alisa Fashion-ին գեղեցիկ զգեստի համար: Իսկ առհասարակ, կարծում եմ մարդու գեղեցկությունն ու երիտասարդությունն իր ներսում է: Եթե դու սիրում ես այն, ինչ քեզ շրջապատում է` մարդկանց, աշխատանքդ, քաղաքդ, ապա այդ ամենը ազդում է ներքինիդ վրա: Երբ ներսումդ խաղաղություն եւ ներդաշնակություն է տիրում, ապա դեմքիդ եւս այն արտահայտվում է: Ակամայից դեմքդ ուրախությամբ ու երջանկությամբ է լցվում, այլ ոչ թե հոգսերով ու տրտմությամբ: Ես սիրում եմ ժպտալ, բարեւել ժպիտով, խոսել ժպիտով: Ես ժպտում եմ կյանքին եւ կյանքն էլ ինձ է ժպտում: Իհրակե, սա չի նշանակում, որ կատարյալ երջանկության մեջ ես ապրում, կյանքի տարբեր փուլերում լինում են եւ դժբախտություններ, եւ անհաջողություններ, եւ պարտություններ, բայց երեւի դա է կյանքը, ու ես շատ եմ սիրում կյանքը»:
Աղբյուրը՝ Life.panorama.am