Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը. նա բոլորում է 29-ամյակը, ինչն առիթ հանդիսացավ, որպեսզի Tert.am Life-ը դերասանուհու հետ խոսի ընտանիքի, ձեռքբերումների, երազանքների մասին։
Սոֆյան նշեց, որ երբեք խնջույք չի կազմակերպել տարեդարձի առթիվ, սակայն շրջապատված է այնպիսի մարդկանցով, որոնք թույլ չեն տալիս, որ իր օրը հենց այնպես անցնի։
Այսօր դերասանուհին տարեդարձը կնշի ամենամտերիմ մարդկանց հետ, իսկ հաջորդ տարի` 30-ամյակին, վերջապես, մեծ խնջույք կկազմակերպի։ «Ամեն տարի ծնունդս չնախատեսված իրադարձություններով ու անակնկալներով լի է անցնում։ Այս տարի էլ անակնկալներ եղել են, սակայն նախընտրում եմ գաղտնի պահել դրանք։ Կարծում եմ` դա անձնական է»,– նշեց Սոֆյան։
Դերասանուհին երկվորյակ եղբայր ունի`Սիմոնը, որի հետ կիսում է տարեդարձի օրը։ «Մեր միջև ներքին կապ կա։ Նա ամենալավն է հասկանում ինձ այս աշխարհում։ Մենք շատ նման ենք մտածում։ Ամեն տարի միասին ենք նշում մեր ծնունդը, սակայն այս տարի այդպես չի լինելու»,– ասաց նա։
Իր ամենամեծ ձեռքբերումը Սոֆյան համարում է մեծ ու համերաշխ ընտանիքը, քրոջն ու եղբորը։ Ինչ վերաբերում է սեփական աշխատանքի միջոցով ունեցած հաջողությունները` դերասանուհին նշեց. ««Ես շատ ինքնաքննադատ եմ և չեմ կարող ասել, որ բավարարվում եմ իմ ձեռքբերումներով։ Գուցե, ուրիշի համար դա շատ է, ինձ համար` ոչ։ Միաժամանակ, ես միշտ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ունեմ»։
Ամեն տարին իր հետ բերում է նոր մտավախություններ։ ««Ես չեմ սիրում ծննդյանս օրը։ Այսքան տարի փորձել եմ հասկանալ՝ ինչու, սակայն չեմ կարողանում բացատրել։ Երևի թե, ինձ վրա ծանր է անդրադառնում այն հանգամանքը, որ ժամանակը շատ արագ է անցնում։ Ամեն տարի ծննդյանս օրն ամփոփում եմ անցածս ճանապարհը։ Երևի թե, դա է պատճառը, որ տրամադրություն չեմ ունենում։ Ինձ վախեցնում է, թե որքան արագ է ժամանակը թռչում։ Ես փորձում եմ ամեն ինչ հասցնել, սակայն այն միտքը, որ գուցե ինչ–որ բան պակաս եմ արել, վախեցնում է։ Տարիների ընթացքում կյանքի փորձը շատ կարևոր դեր է խաղում։ Յուրաքանչյուր մարդ իր սխալների արդյունքում է հասունանում և հմտանում։ Միաժամանակ, պետք է նշեմ, որ իմ կյանքի սկզբունքներից մեկն է ոչնչի համար չփոշմանել։ Հենց այնպես ոչինչ չի լինում։ Ամեն բան ունի իր պատճառաբանությունը…»,– ասաց դերասանուհին։
Աղբյուրը՝168.am