Դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի ընտանեկան լուսանկարը հայտնվել է Daily Mail պարբերականում` Հայաստանում արջերի պահման պայմանների մասին հոդվածին կից: Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում արջերին ռեստորանների բակում պահում են վանդակների մեջ:

Tert.am Life–ի հետ զրույցում Նարբեն ասաց, որ իրենք չեն իմացել, թե ինչի համար են իրենց լուսանկարում։

«Ինձ ասել են ուրիշ բան, հետո լուսանկարն օգտագործել են այլ նպատակով։ Բնականաբար, պետք է դատի տամ։ Մենք ճաշում էինք ռեստորանում, մեզ մոտեցան եվրոպացիներ, խնդրեցին  լուսանկարել, հարցրեցի` ինչու։ Իմ ծանոթներից մեկը միջնորդեց, ասաց, որ ուզում  են ցույց տալ կյանքը Հայաստանում, ընտանիքի, որը ճաշում է բնության գրկում։ Ես, ճանաչելով այդ մարդուն, համաձայնեցի։ Առայժմ չեմ հայտնում, թե ում մասին է խոսքը, քանի որ բանակցությունների մեջ ենք։ Առավոտյան ինձ սկսեցին զանգահարել, նյութ ուղարել և իմացա, թե ինչ նպատակով է օգտագործվել իմ ընտանեկան լուսանկարը։ Ինձ զայրացրել է սուտը»,– ասաց Նարբեն։

 

 

Դերասանը կարծում է, որ օգտագործվել է իր և ընտանիքի հայտնիությունը. «Ինչու են իմ անունն օգտագործում։ Եթե Պողոս Պողոսյանին լուսանկարեին, գուցե, ոչ ոք  չիմանար այդ մասին։ Իմ ընտանիքի լուսանկարն օգտագործել են, որ իրենց շահերն առաջ տանեին։ Թող ինձ տեղեկացնեին, հարցնեին իմ կարծիքը թեմայի շուրջ։ Եթե ես իմանայի, որ նրանք այդպիսի բան էին գրելու, երբեք իմ չէի վարկաբեկի երկիրը»։

Նարբեն հայտնեց, որ առայժմ սպասում է լուսանկարի համար միջնորդած անձի արձագանքին, որից հետո կորոշի իր քայլերը։ «Իմ պահանջն այն է, որ իմ նկարը շատ արագ հեռացվի այդ նյութի տակից։ Եթե լուսանկարը չհեռացնեն, ես դատի կտամ լրատվամիջոցին։ Նախնական  ամեն ինչ պատրաստ է»,– ասաց նա ու հավելեց, որ արդեն խորհրդկացել է փաստաբանի հետ։

 

 

Որպես փոխհատուցում` գումարային պահանջ կներկայացնի՞, թե՞ ոչ, Նարբեն առայժմ չգիտի. «Ժամանակն ամեն ինչ ցույց կտա։ Հիմա ոչինչ ասել չեմ կարող։ Ինձ համար ավելի կարևոր է, որ լուսանկարը հեռացվի»։


Աղբյուրը՝ Tert.am Life

loading...