Հաղորդավարուհի Մարինա Գրեգը աշնանային եթերաշրջանում վարում է «Մաքսիմում» լրատվական վերլուծական հաղորդումը, որն ամեն կիրակի ամփոփում է շաբաթվա անցուդարձը։  

Tert.am Life–ի հետ զրույցում Մարինան ասաց, որ այս ձևաչափում իրեն շատ լավ է զգում։ Մարինայի փոխանցմամբ` չի ներկայանում զուտ որպես հաղորդավարուհի, ինքն է գրում իր տեքստերը, պատրաստում հարցերը։

««Մաքսիմում»–ում շեշտը դրված է բացառիկ հարցազրույցների վրա։ Հաղորդման պրոդյուսերը Հրաչ Քեշիշյանն է, գործադիր պրոդյուսերը` Գրիգոր Հովհաննիսյանը։ Ունենք նաև մի քանի լրագրող, սակայն հիմնական մասով զբաղվում եմ ես։ Իմ տեքստերը և հարցերը ինքս եմ կազմում»,– ասաց նա։

 

 

Եթե որոշ ժամանակ առաջ անսպասելի էր ժամանցային հաղորդումներից հայտնի հաղորդավարուհուն պատկերացնել լրատվական դաշտում, հիմա Մարինան իրեն այլ դաշտում չի պատկերացնում։ Նա նշում է, որ լրատվական ձևաչափում իրեն գտել է։

«Ամեն բառն արտասանելիս ադրենալին կա։ Երևի, ինձ դուր է գալիս թե՛ կերպարի խստությունը, թե՛ լրջությունը, թե՛ բովանդակությունը։ Ինչ–որ ինտրիգ կա, որն ինձ շատ  է դուր գալիս։ Սա այն տեղն է, որտեղ ես ինձ հիմա պատկերացում եմ։ Իհարկե, կյանքն անկանխատեսելի է, սակայն կարծում եմ` TV–ում ժամանցի ոլորտ չեմ վերադառնա, որովհետև իմ դեպքում դա կլինի 1 քայլ հետ»,–ասաց հաղորդավարուհին։

Կյանքի անկանխատեսելիությունը հասկանալով հանդերձ Մարինան չի վախենում այսպիսի բան ասել. «Չեմ վախենում, որովհետև ես ունեմ սկզբունքներ, որոնց չեմ դավաճանում։ Այն մարդկանցից չեմ, որ մտածեմ` էս գործը չի լինում, ոչինչ, թող մյուսը լինի։ Ավելի լավ է ես մի քանի ամիս, 1 տարի չլինեմ էկրաններին, հետո լինեմ այն ձևաչափով, որում ինձ պատկերացնում եմ։ Դու փուլերով անցնում ես, որից հետո նորից նույն կետին վերադառնալը ռեգրես է»։

 

 

Հանրությունը Մարինային ընկալում է որպես ժամանցային ձևաչափի հաղորդավարուհի, որին կարող է տեսնել նաև բաց, ազատ հագուկապով։ Ըստ Մարինայի` դա  իրեն չի խանգարում։ «Երբ ես նեկայանում եմ լրատվական ձևաչափում, կերպարս ամբողջովին փոխվում է։ Առօրայայում ավելի ազատ ու հարմարավետ եմ հագնվում, սակայն դա եթերին չի խանգարոմ։ Իմ կարծիքով` այդ կարծրատիպն արդեն կոտրվել է։  Կարծում եմ` մարդիկ ընկալել են իմ տեսակը։ Անգամ լրատվական ձևաչափում լուրջ կերպարով ներկայանալիս էլի կա ինտրիգ` կերպարի և հագուստի մեջ, որովհետև մեր առջև դրված չէ խնդիր` լինել դասական ոճում, կարող ես դասականը համադրել` դառնալով ավելի սեքսուալ, ինտրիգային։ Դա ինձ մի քիչ օգնում է, որովհետև շատ չեմ  հեռացել այն կերպարից, որը կա իրականում»,– ասաց նա։

Ըստ Մարինայի` սեքսուալ կերպարը չի շեղում բովանդակությունից, քանի որ ամեն ինչ չափի մեջ է արվում. «Չափը երբեք չենք անցնում։ Կարծում եմ` ինչ–որ չափով հետաքրքրություն է առաջացնում, որ հաղորդավարը կարող է լինել և՛ սեքսուալ, և՛ ինտելեկտուալ, և՛ բարի, նույնչափ լուրջ ու բովանդակությամբ ավելի հարուստ հաղորդումներ ներկայացնի»։

 


Աղբյուրը՝ tert.am

loading...