Երգչուհի Աննա Խաչատրյանը երկարատեւ դադարից հետո նոր տեսահոլովակ է ներկայացրել: «Հարսանեկան վալս»` այսպես է կոչվում նրա նոր կատարումը, որը գուցե շատ նորապսակների համար խորհրդանշական երգ դառնա:

Life.panorama.am-ին Աննան պատմեց, որ այս երգն արդեն 2.5 տարվա պատմություն ունի, ու թեեւ շատ խոչընդոտներ են եղել երգը ներկայացնելու ճանապարհին, բայց նա ավելի համառ է գտնվել.

«Երգի հեղինակը Ռուզաննա Անդրեասյանն է: Տարիներ առաջ նրան դիմեցի` խնդրանքով, որպեսզի ինձ համար երգ գրի, այդ ժամանակ նա ինձ ասաց, որ մի պատրաստի երգ ունի ու այն միայն ինձ կտա, նույնիսկ հավելեց, որ եթե ես այն չհավանեմ, ապա ոչ մի երգչուհու չի տա եւ անձմաբ կերգի: Ինչ խոսք, նրա` ինձ վստահելը շատ ոգեւորեց, իսկ երբ երգը լսեցի, անմիջապես սիրահարվեցի ու որոշեցի, որ այն պետք է պարտադիր երգեմ,- պատմեց Աննան ու շարունակեց.

«Այս տեսահոլովակը դեռ 2016-ի ապրիլին պետք է նկարահանվեր, բայց մեր պայմանավորվածության նախօրեին տեղի ունեցավ արցախյան քառօրյա պատերազմն ու, բնականաբար, որոշեցինք թողնել մեր ծրագրերը: Դրանից հետո անդադար ուզում էի կյանքի կոչել այս աշխատանքը, սակայն անընդհատ ինչ-որ մի բան խանգարում էր: Հետո հասկացա, որ ես ավելի ուժեղ պետք է գտնվեմ ու պայքարեմ նպատակիս հասնելու համար. Ժամանակն իմ դեմ էր աշխատում, բայց ես  համառ աղջիկ եմ»:

Խոսելով տեսահոլովակի մասին` Աննա Խաչատրյանը նշեց, որ որոշել է ամբողջությամբ վստահել օպերատոր Կարեն Ստեփանյանին.

«Կարեն Ստեփանյանը տաղանադավոր օպերատոր է, նրան ես շատ եմ վստահում ու ինքս էլ շատ վստահ եմ ինձ զգում, երբ տեսախցիկի հետեւում ինքն է կանգնած: Այս անգամ նա կատարեց նաեւ ռեժիսորի պարտականությունները ու արդյունքը, կարծես թե, շատերին է դուր գալիս: Ի դեպ` վայրերն ամբողջությամբ հենց ինքն է ընտրել, անգամ նկարահանումից մեկ օր առաջ զանգեցի ԿՍ-ին ու ծիծաղելով ասացի` վերջապես ասա, թե ուր գանք: Նկարահանումներն իրականցվել են Սեւանում ու Ջրվեժի արգելոցում: Անկեղծ ասաց, գաղափար անգամ չունեի, որ Սեւանում նման տեսարան կա, անգամ հետո կատակելով ասում էի, թե տեսահոլովակս Մալդիվներում ենք նկարահանել»,- նշեց երգչուհին:

Աննան սկզբում մտադրություն է ունեցել անձամբ հանդես գալ հարսի դերում, բայց հետո որոշել է միայն երգել:

«Տեսահոլովակում հարսի եւ փեսայի դրում նկարահանվել են պրոֆեսիոնալ պարողներ Ծովինարն ու Արթուրը: Կարծում եմ` շատ ավելի ճիշտ էր, որ Ծովինարը ներկայանար որպես պարուհի, այլ ոչ թե ես»,- հավելեց նա:

«Հարսանեկան վալս»-ում երգել են նաեւ «Վաղորդյան կաթիլներ»-ի երեխաները, տեսահոլովակում եւս նրանք են  նկարահանվել:

Զրույցի վերջում անդրադառնալով երգի բովանդակությանը` Աննան նշեց, որ երգը կոմերցիոն է. «Քանի որ երգն ինձ համար նաեւ գումար վաստակելու միջոց է, ուստի չեմ կարող բացառապես հոգուս հարազատ երգեր երգել: Միաժամանակ, «Հարսանեկան վալս»-ով որակային առումով բացարձակ զիջումների չեմ գնացել, որովհետեւ երգը շատ գեղեցիկ ու գրագետ է: Կրկնում եմ` որոկային առումով ոչ մի զիջումների չեմ գնացել, որպեսզի փող աշխատեմ, բայց, իհարկե, սա կոմերցիոն նախագիծ է: Ի վերջո, ես շոու բիզնեսի ներկայացուցիչ եմ, իսկ շոու մեջ մի փոքր էլ բիզնես պետք է լինի»,- ընդգծեց նա:


Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...