Daily Mail պարբերականում դերասան ամուսիններ Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի ընտանեկան լուսանկարի հայտնվելը արդեն երկու օր է, ինչ բուռն քննարկումների կիզակետում է: Լուսանկարտը հայտնի պարբերականում տեղադրվել է Հայաստանում արջերի պահման պայմանների մասին հոդվածին կից: Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում արջերին ռեստորաների բակում պահում են վանդակների մեջ:
Նարբեի պնդմամբ`ինքն ու կինը ոչ միայն անտեղյակ են եղել, թե ինչ նպատակով է արվում լուսանկարը, այլեւ խաբեության զոհ են դարձել: Դերասանի փոխանցմամբ`տվյալ ռեստորանում ճաշելիս են եղել, երբ իրենց են մոտեցել եվրոպացիներ ու խնդրել լուսանկարել, իսկ, երբ Նարբեն փորձել է ճշտել, թե ինչ նպատակով, իր ծանոթներից մեկը միջնոդել է` ասելով, թե եվրոպացիները ցանկանում են ընտանիքի միջոցով ցույց տալ, թե ինչպիսինն է կյանքը Հայաստանում: Նարբեն համաձայնել է, քանի որ վստահել է իր` այս պարագայում միջնորդ ծանոթին, սակայն ավելի ուշ պարզել է, որ հենց նրա խաբեության զոհն է դարձել: Life.panorama.am-ին Նարբեն դեռեւս հրաժարվեց բացահայտել, թե ով է նա, միայն նշեց, որ իր այդ ծանոթը եւս հայտնի է հասարակությանը:
«Նա այժմ Հայաստանում չէ, չեմ կարողանում իր հետ կապ հաստատել, քանի որ իր հեռախոսն անջատած է, սակայն ինչ-որ պետք է, նրան գրել եմ նամակի տեսքով: Արձագանք դեռ չկա, լինելուց հետո ինքս կխոսեմ այդ մասին»,- նշեց Նարբեն:
Դերասանը հավելեց նաեւ, որ վաղը պատրաստվում է իր փաստաբանի միջոցով գրավոր նամակ հղել Daily Mail պարբերականին` պահանջով, որ հեռացվի իր ընտանեկան լուսանկարը:
«Իմ անձնական իրավունքն է պահանջել, որպեսզի իմ ընտանիքի նկարը հեռացվի այդ թերթից: Եթե նրանք ինձ խաբել են ու չեն տեղեկացրել, թե ինչ հոդված է հրապարակվելու, ուստի նկարը պարտադիր պետք է հանվի»,- նշեց նա, իսկ հարցին, թե ինչպե՞ս է Նարբեն ապացուցելու, որ ինքն անտեղյակ է եղել, պատասխանեց.
«Իսկ նրանք ինչպե՞ս են ապացուցելու, որ տեղյակ եմ եղել, կամ թույլ եմ տվել, որ նկարը հրապարակվի: Չէ որ, Daily Mail-ը հայտնի պարբերական է, որտեղ յուրաքանչյուր քայլից առաջ 3-4 ստորագրություն են վերցնում: Նրանք շատ լավ գիտակցում են, թե նման արարքը ինչ հետեւանքներ կունենար, պարզապես մտածել են, որ Հայաստանը ցածր կլասի երկիր է, ո՞վ պետք է իրավունք պահանջի, եւ դրա համար էլ նման բան են արել: Իսկ առհասարակ, նրանք փողոցում արված յուրաքանչյուր նկարի համար համաձայնություն են ստանում, անգամ անցորդների դեմքը առանց համաձայնության չեն հրապարակում, որովհետեւ կարող են դրա համար դատարանում հայտնվել: Ինքս էլ պատրաստ եմ գնալ մինչեւ վերջ ու, եթե չհեռացվի նկարս, ապա կգնամ մինչեւ դատարան. միեւնույն է, այդ դատը շահելու եմ»:
Աղբյուրը՝ Life.panorama.am