Հոկտեմբերի 28-ից կմեկնարկի «Դոմինո» սիթքոմի վերջին եթերաշրջանը: Թե ինչ զարգացումներն են սպասվում սիթքոմի երկրպագուներին, դեռեւս անորոշ է, սակայն արդեն հայտնի է, որ նախորդ եթերաշրջանում սիրված Առաքելի կերպարը այս անգամ ավելի մեծ զարգացում կապրի: Նրան մարմնավորող դերասան Սերգեյ Գրիգորյանը Life.panorama.am-ին նշեց, որ ուժերը կենտրոնացրել է, որպեսզի սիրված կերպարն էլ ավելի մեծ համակրանքի արժանանա.

«Թե ինչ զարգացումներ կլինեն նոր եթերաշրջանում, այս պահին դժվարանում եմ ասել, թող հայտնի դառնա սիթքոմի եթեր հեռարձակվելուց հետո: Իսկ ինչ  վերաբերվում է իմ մարմնավորած կերպարին, նշեմ, որ այս նոր եթերաշրջանում նույնպես հանդես կգամ առաքիչ Առաքելի դերով, որն ինչպես ցույց տվեցին   արձագանքները,  միանգամից սիրվեց հեռուստադիտողի կողմից: Կարծում եմ` այս նոր եթերաշրջանում նույնպես կարդարացնեմ հեռուստադիողիս սպասելիքները»,- նշեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանը` հավելելով, որ շատ լուրջ է վերաբերվում իր կերպարի կերտմանը.

«Ինչպես յուրաքանչյուր դեր կերտելիս, այնպես էլ այս կերպարին, ամենայն լրջությամբ եմ վերաբերվում: Հայտնի խոսք կա  ` փոքր դերեր չեն լինում, այնպես որ, դա վերաբերվում է նաեւ այս դերին: Կփորձեմ հնարավորություններիս սահմաններում ներկայացնել  կերպարս  եւ ամեն ինչ կանեմ, որ այս անգամ եւս այն խաղի իմաստով հարուստ լինի»,- ընդգծեց նա:

Առաքիչ Առաքելը սյուժետային առումով առընչվում է գրեթե բոլոր կերպարների հետ: Նկարահանումները դեռ շարունակվում են:  

«Առաքելը կապված է մասնակից դերասաններից գրեթե բոլորի հետ: Այս  պահին, օրինակ, տեսարաններ ունեմ նկարահանվելու երգչուհի Ռիփփիի հետ. կարծում եմ` հետաքրքիր կլինի: Իսկ ընդհանրապես ինձ  նկարահանման ընթացքը շատ հետաքրքիր է եւ իմպրովիզացիաներով լի, որպես դերասան` ես ինձ բացահայտում եմ այլ մթնոլորտում»,- նկատեց Սերգեյը:

Դերասանը վստահ է` երբեք չպետք է օգտվել հանդիսատեսի կամ հեռուստադիտողի սիրուց.

«Եվ թատրոնում, եւ հեռուստատեսությունում լավ արդյունքի հասնելու համար պետք է շատ աշխատել: Այստեղ նույնպես աշխատանքը  շատ է, բայց ստեղծագործական մթնոլորտն այնպիսին է, որ յուրաքանչյուր նկարահանման օր անցնում է շատ հետաքրքիր ու հագեցած, հոգնածություն ընդհանրապես չես  զգում, միմիայն դրական էմոցիաներ, ինչը, հույսով եմ, էկրանից կփխանցվի նաեւ հեռուստադիտողին»,- հավելեց նա:

Բացի «Դոմինո»-ից, դերասանն այս շրջանում այլ զբաղվածություններ եւս ունի.

«Վերջերս նկարահանվել եմ գերմանացի երիտասարդ ռեժիսորի մոտ, որն, ի դեպ, հայկական արմատներ ունի: Նրա կարճամետրաժ ֆիլմում գլխավոր հերոսի  դերում եմ ներկայանում: Ֆիլմը նկարահանվում է Աղասի Այվազյանի պատմվածքների հիման վրա: Ի դեպ` Մարգարիտա Կոսմոլն մեծն Աղասի Այվազյանի թոռնուհին է: Կարծում եմ` հետաքրքիր աշխատանք է ստացվել: Թատրոնից բացի այս պահին զբաղվում եմ նաեւ պրոֆեսիոնալ սպորտով՝ ուժային եռամարտով: Ի դեպ`  վերջերս  նաեւ առաջին անգամ մասնակցեցի  հայաստանյան առաջնությանը եւ իմ քաշային կարգում գրավեցի առաջին տեղը»,- նշեց Սերգեյ Գրիգորյանը:

Խոսելով թատրոնային աշխատանքից, դերասանը հավելեց.

«Թատրոնում զբաղվածությունս ինչպես միշտ բուռն է: Պատրաստվում ենք նոր «Անթերի տղամարդը»  ներկայացմանը, որտեղ մարմնավորում եմ հարուստ ռեփերի կերպար: Ի դեպ` ասեմ, որ առաջին անգամ կենդանի  կատարմամբ ռեփ  եմ կարդալու. անհամեստ  չլինեմ ու ասեմ, որ լավ է ստացում: Նոյեմբեր  ամսին էլ պատրաստվում եմ մեկնել հյուրախաղեի` Ռուսաստանի Դաշնություն»:

Բուռն ստեղծագործական կյանք վարելուց զատ Սերգեյ Գրիգորյանը չի մոռանում նաեւ անձնական կյանքի մասին, սակայն այդ մասով նախընտրեց դեռեւս մանրամասներ չհայտնել.

«Անձնական կյանքում շուտով փոփոխություններ կլինեն, բայց փակագծերը դեռ չբացեմ»,- ավարտեց նա:


Աղբյուրը՝ Life.panorama.am

loading...