«Վիտամին» ակումբից հայտնի Չարենցի` Կարեն Սահակյանի եւ նրա կնոջ` երգչուհի Ալյա Սեդրակյանի կյանքն այս շրջանում առավել քան գունեղ է: Զույգը սպասում է իրենց առաջնեկին, փոքրիկը լույս աշխարհ կգա հունվարի կեսին:
 
Life.panorama.am-ին Կարենը պատմեց, որ ինքն ու կինը արդեն վեց ամիս է իրական երջանկության մեջ են ապրում:
«Այս բարի լուրն իմանալու առաջին իսկ օրից շատ երջանիկ ենք: Եթե շատ զույգեր, գուցե տարիքից ելնելով, երջանկության հետ մեկտեղ խառնվում են, ինչու ոչ նաեւ վախենում, ապա մեր դեպքում միայն ուրախություն է, չկա շփոթմունք ու վախ: Սա եւս, կարծում եմ, տարիքի գործոնն է: Թե ես, թե Ալյան պատրաստ ենք ծողներ դառնալ»,- նշեց Կարենը:
 
Մեր զրուցակցի խոսքով, եթե ինքը երբեմն աշխատանքով տարվում է ու ինչ-որ իմաստով անդադար չի կենտրոնանում, որ շուտով հայր է դառնալու, ապա կնոջ դեպքում ճիշտ հակառակ իրրավիճակն է:
 
«Ալյան անդադար ժպտում է, նրան ոչինչ չի հետաքրքրում: Ես էլ, երբ աշխատանքով տարվում եմ, մեկ-մեկ մոռանում եմ, բայց, երբ տուն եմ գալիս եւ տեսնում եմ այդ երջանկությունը, նաեւ կնոջս դեմքը, որը հուշում է, թե իրեն ոչինչ չի հետաքրքրում բացի փոքրիկից, շատ հաճելի է, այդ պահին արդեն վերադառնում եմ իրականություն»,- ծիծաղելով պատմեց Կարեն Սահակյանը:
Ապագա հայրիկը վստահեցրեց` իր համար բալիկի սեռը բացարձակ նշանակություն ունի: Թեեւ զույգը նախընտրում է դեռեւս չբացահայտել իրենց ապագա բալիկի սեռը, բայց անվան հարցում վստահ որոշում ունեն.
 
«Ճիշտ է` անվան հարցում դեռեւս վերջնական ընտրություն չենք կատարել, բայց հաստատ հայկական, մեր ականջին լսելի անուն ենք ընտրելու, քանի որ եվրոպական անուններին կողմնակից չենք»,- նկատեց նա:
Կարենը գիտակցում է, որ իրեն նոր, շատ ավելի պատասխանատու  կյանքի փուլ է սպասվում, հարցին, թե ինչպիսի հայրիկ է իրեն պատկերացնում, պատասխանեց.
 
«Այս հարցի շուրջ շատ եմ մտածում, բայց հստակ ոչինչ չեմ կարող ասել, մինչեւ չհայտնվեմ այդ կարգավիճակում: Իհարկե, մեծ պատասխանատվություն ունեմ, որպեսզի կարողանամ ոչ միայն շատ սեր, այլեւ ճիշտ դաստիարակություն տալ փոքրիկիս, բայց այդ ամենն իրենց ճիշտ ընթացքը կունեան նրա ծնունդից հետո միայն, այնպես որ, Աստված առաջ»: 
Life.panorama.am-ը շնորհավորում է Կարեն Սահակյանին եւ Ալյա Սեդրակյանին: 

Աղբյուրը՝ panorama.am

loading...