Օրեր առաջ Հանրայինով եթեր հեռարձակվեց «Երգ երգոց» հաղորդման` Էդգար Էլբակյան կրտսերին նվիրված թողարկումը։ Tert.am Life–ն արդեն հայտնել է, որ դերասան Ստեփան Ղամբարյանի նախաձեռնությամբ և Մշակույթի նախարարության աջակցությամբ շուտով լույս կտեսնի Էդգար Էլբակյան կրտսերի երգերի ձայնասկավառակը։

Էլբակյանների ընտանիքի համար 18 տարեկանում Էդգարին կորցնելն անհաղթահարելի ցավ է մինչև օրս։ Դա է պատճառը, որ նրանք չեն խոսել կորստյան մասին։ Աննա և Արմեն Էլբակյանները շնորհակալություն հայտնեցին Էդգարի գործերին նոր շունչ տալու համար, սակայն այս թեմայով խոսել չկարողացան։ Tert.am Life–ը զրուցել է Էդգարի քրոջ` դերասանուհի Լիլի Էլբակյանի հետ, որը եղբորը կորցրել է, երբ դպրոցական էր` 8–րդ դասարան։

«Ես ու Էդգարը միասին ենք մեծացել, նա եղել է իմ օրինակը։ Ինքը նվագում էր, ես էլ էի նվագում, գրում էր, ես էլ էի գրում, երգում էր, ես էլ էի երգում։ Իրեն կորցնելն անբացատելի ցավ էր։ Ես ուղղակի մեծացա։ Մինչև հիմա, երբ քույր ու եղբայր եմ տեսնում, լաց եմ լինում։ Երբ երեխաներս վիճում են, ասում եմ` իրար գնահատեք, պահեք։ Մենք շատ կապված էինք և շատ էինք սիրում իրար։ Այդ ցավը երբեք չի մոռացվել, ուղղակի իմ ծնողները որոշում ունեին`իրենց ցավն ուրիշների վրա «չփաթաթել»։ Մենք նույնիսկ իրարից ենք փորձում թաքցնել այդ ցավը, որպեսզի իրար խնայենք։ Այն, ինչ մենք զգում ենք, ամեն մեկս ապրում ենք մեզ համար։ Կան բաներ, որոնք դժվար է անել, որովհետև դու ամեն անգամ վերապրում ես ցավը։ Մայրիկս Էդգարից հետո նույնիսկ նկարները չէր նայել, այդ օրը նայեց... Մեր միակ մխիթարությունն այն է, որ դեռ հանդիպելու ենք, այս կյանքով ամեն ինչ չի ավարտվում։ Էդգարը, կարծես, ժամանակին հավասար չապրեր, անընդհատ  շտապում էր, կարծես, ուշանար, միգուցե, ինչ–որ բան էր զգում։ Միշտ հարցնում էր, որ մահանամ, ի՞նչ կանեք։ Ինքը 18 տարիների ընթացքում ապրեց այն, ինչ մարդիկ ամբողջ կյանքում չեն ապրում»,– ասաց դերասանուհին։

 

 

Լիլին նշեց, որ այս նախագծի իրականացումը շատ է կարևորում, քանի որ այն մարդիկ, ովքեր չեն ճանաչել եղբորը, այս նախագծից հետո կճանաչեն։

«Ստեփանը միշտ ասում էր, որ նման նախագիծ անելու ցանկություն ունի, սակայն իրականացումն անսպասելի էր մեզ համար։ Այս ամենը մեզ համար շատ էմոցիոնալ էր։ «Երգ երգոցի» նկարահանման օրը տպավորություն էր, կարծես, նույն թաղման օրը լիներ, նույն մարդիկ էին հավաքվել... Շատ ոգևորիչ ու կարևոր է այս երգերի ծնունդը։ Էդգարը շատ փոքր տարիքում է գրել սրանք, շատ հետաքրքիր տեքստեր կան։ Սրանք այնպիսի երգեր են, որոնք պիտի ապրեին իրենց կյանքը, սակայն չկար գործիքավորումը։ Ստեփանը հրաշալի աշխատանք է արել։ Նա դա իր պարտքն էր համարում, սակայն ինձ մոտ տպավորություն է, որ նա վերադարձրել է մեզ Էդգարին։ Ես ուզում էի Էդգարի գրած գործերի հիման վրա ներկայացում բեմադրել, սակայն դեռ չեմ կարողանում։ 4 անգամ մոտեցել եմ այդ գործին ու չեմ կարողացել, ներսից ինչ–որ բան խանգարել է...»,– ասաց նա։

 

 

Լիլին պատմում է, որ Էդգարը շատ ընկարասեր էր, իսկ «Ընկերոջս» խորագիրը, կարծես, հենց ինքը ընտրած լիներ։ Հենց այդպես` ընկերասիրությամբ էլ նա և ընկերը հեռացան կյանքից` խեղդվեցին` փորձելով փրկել մեկը մյուսին։ Նրա տեսակի մասին լավագույն գնահատականը, թերևս, այն է, որ մահվանից 17 տարի անց ընկերները նախաձեռնել են այս նախագիծը։

«Թվում է` երգերը տխուր են, բայց նա շատ  կենսուրախ էր, կարողանում էր բոորին ուրախացնել։ Էդգարը մի հրաշալի հատկություն ուներ, որը, ասում են, պապիկիցս էր ժառանգել. կարողանում էր միավորել մարդկանց։ Նա շատ ընկերասեր էր, ամեն ինչի պատրաստ էր հանուն ընկերության։ Ես հիշում եմ, թե ինքս ինչպիսին էի առաջ, ինչպիսին էին մարդիկ առաջ։ Հիմա  ընդհանուր վազք կա, բոլորս վազում ենք ինչ–որ ուղղությամբ, չենք էլ հասցնում իրար հետ շփվել։ Ինքս էլ կարող եմ ասել, որ նախկին Լիկայից ոչինչ չի մնացել։ Կյանքը շատ է փոխվել, ամեն ինչ շահի համար է դարձել, երբեմն, մտածում եմ, որ Աստված իրեն տարավ, որովհետև ինքը չէր դիմանա այս ամենին։ Կարծում եմ` իր ընկերները` Ստեփանը, Խորենը և մյուսներն էլ են կարոտ այն մաքուր ընկերությանը, որ կար այն ժամանակ։ Շատերն ասում էին` Խորենին այդքան հուզված երբեք չէինք տեսել, ես էլ չէի տեսել, թեև շատ լավ եմ ճանաչում իրեն։ Բոլորիս մեջ հուզմունք կար, մենք ուղղակի կարոտում էինք Էդգարին, մեզ, այդ ժամանակները ու հուզվում»,– նշեց դերասանուհին։

 

 

Լիլիի 3-ամյա որդին կրում է Էդգարի անունը։ «Երբ էդգարը մահացավ, ես գիտեի, որ ունենալու եմ որդի և իր անունը լինելու է Էդգար, չնայած փոքր աղջիկ էի։ Երբ աղջիկ ունեցա, շատ էի տխրել, որ չեմ կարող իրեն տալ Էդգար անունը, թեև աղջիկս Էդգարին նման է` նրա պես ատամիկով էր ծնվել, նրա պես ձախլիկ է... Երբ երկրորդ բալիկիս էի սպասում, երազում էի որդի ունենալ։ Ես հասկանում եմ, որ ճիշտ չի լինի անընդհատ իրեն կապել եղբորս հետ, որովհետև ինքն առանձին տեսակ է։ Ամեն դեպքում, Էդգարին նմանություններ ունեն թե՛ աղջիկս, թե՛ տղաս։ Ես փորձում եմ իրենց ծանոթացնել Էդգարի հետ։ Երբ որդիս ավելի վարժ խոսի, սկսի արտասանել, որոշել եմ օրը մի բանաստաեղծություն սովորեցնել, որովհետև իմ եղբայր Էդգարը շատ էր սիրում Չարենցին, մյուս բանաստեղծներին»,– ասաց Լիլին։

Դերասանուհին նշեց, որ եղբայրը միշտ եղել է իր իդեալը, նույնիսկ կողակից ընտրելիս փորձել է նմանեցնել եղբորը. «Ես իրեն պահել եմ իմ մեջ։ Միշտ ասում էի, որ իմ ամուսինը պետք է նման լինի Էդգարին։ Համոյի մեջ անկեղծ ու մաքուր մի բան կար, որն ինձ հիշեցնում էր Էդգարին»։

 


Աղբյուրը՝ tert.am

loading...