Դերասանուհի Ադրիանա Գալստյանը, կարճ ժամանակ առաջ հայտնի դարձավ հանրությանը, սակայն ֆիլմերում նկարահանվելու առաջարկների պակաս չունի։ Tert.am Life–ի հետ զրույցում Ադրիանան խոսել է գործունեության այս փուլի,  իրեն հաջողակ համարելու և անձնական կյանքում նորություն ունենալու խոսակցությունների մասին։

«Նռան հատիկում» Ադրիանայի կերպարի անունը ևս Ադրիանա է։ Դերասանուհին նշեց, որ դա չի եղել իր  ընտրությունը։ Նա նկատեց, որ ֆիլմում չի խաղում ինքն իրեն, կերպարի հետ ունեն  ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ։ Պարզվում է` հերոսուհու պես Ադրիանան էլ սիրում է երգել, ավելին, փոքր տարիքում հաճախել է երաժշտական դպրոց, ունեցել է իր երգերը։

«Հերոսուհիս  երազում է երգչուհի լինել։ Միանշանակ, ֆիլմում կլինեն երաժշտական համարներ։ Հավաքված է  լուրջ անձնակազմ, որը մտածում է կերպարի զարգացման ուղղությամբ։ Նույնիսկ, հնարավոր  է, լինի հեղինակային երգ, սակայն դա կախված է ժամանակից։ Երգելն ինձ համար ամենաբարդ մասնագիտություններից մեկն է։ Միայն քաղցր ձայն ունենալը դեռ չի նշանակում լավ երգել։ Իմ կերպարը ոչ թե երգչուհի է, այլ ուզում է լինել երգչուհի։ Այդ իսկ պատճառով, անգամ, եթե ունենանք ոչ կատարյալ երաժշտական համարներ, դա կերպարով արդարացված կլինի։ Երգելն ինձ համար հոբբի է։ Փոքր տարիքում ունեցել եմ իմ երգերը։ Հիմա երգում եմ ստուդիայում, ունեմ երգերի cover տարբերակներ։ Մտածում եմ սիրողական երաժշտական գործունեություն ծավալելու մասին»,– ասաց նա։

 

 

Ադրիանան մասնագիտությամբ թարգմանչուհի է։ Երիտասարդ աղջիկների  համար երազանք է հեռուստատեսությամբ երևալը, հայտնի դառնալը, սակայն նա պնդում է, որ իր դեպքում այդպես չէ։ «Չեմ ուզում շաբլոն երևալ, սակայն ինձ չի գրավել հայտնի լինելու փաստը։ Ի սկզբանե, ես նպատակ ունեի ընդունվել ԵՊՀ` Լեզուների բաժին, լավ տիրապետել անգլերենին, ինչը ստացվեց ինձ մոտ։ Երբ մտածում էի հետագա աշխատանքիս մասին, հասկացա, որ շատ եմ սիրում նկարահանվել, դերասանությունը հենց այն է, ինչով ցանկանում եմ զբաղվել։ Որոշեցի մտածել այդ դաշտում գործունեություն ծավալելու մասին, մասնակցեցի քասթինգների։ Ճանապարհը հեշտ չէր, սակայն հաջողությունը երբեք չի լքել ինձ։ Ես կարծում եմ, որ ինչ–որ չափով հաջողակ եմ, որովհետև հաջողություն է կատարել սիրած աշխատանքն ու դրա համար վարձատրվել։ Ինչ վերաբերում է հայտնիությանը, այսօր յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ հայտնի դառնալ` համացանցի միջոցով։ Շատ ավելի կարևոր է սիրված ու գնահատված լինել, նվիրված լինել աշխատանքին, հասկանալ, որ դու դա չես անում միայն քո ու գումարի համար»,– ասաց երիտասարդ դերասանուհին` հավելելով, որ հաճելի է անծանոթ մարդկանց կողմից դրական արձագանքներ ստանալ։ Նա նկատեց, որ հանրության կողմից պահանջարկն ազդում է նաև առաջարկների վրա։

Հարցին` այս ընթացքում իր հոնորարներն աճե՞լ են Ադրիանան պատասխանեց. «Միանշանակ սկսում ես փոքր աստիճանից, հետո քիչ–քիչ բարձրանում ես։ Ամեն աստիճանի համար պահանջում ես համապատասխան գումար։ Ես ինձ դեռևս չեմ համարում ամենաբարձր կետում»։

 

 

Ըստ նրա` հասել է որոշակի կետի, որպեսզի կարողանա ներկայացնել նաև իր պայմաները։ «Ինձ համար ամենակարևոր պայմանը մարդկային հարաբերությունն է։ Որքան էլ լավ վարձատրվես, պետք է հասկանաս` կարո՞ղ ես արդյոք ընդհանուր լեզու գտնել դիմացինի հետ»,– ասաց նա։

Ադրիանան ընդգծեց, որ շատ է կարևորում խաղընկերներ հետ հարաբերությունները և շատ է ուրախացել, երբ իմացել է, որ կերպարային գիծը զարգանում է Հայկ Չոմոյանի հետ. «Նա շատ լավ խաղընկեր է։ Իր խաղը քեզ օգնում է։ Երբեմն, խաղընկերոջդ պատճառով չես կարողանում իմպրովիզներ անել, սակայն այս դեպքում հավաքվել է դերասանական պրոֆեսիոնալ կազմ»։

Դիտարկմանը, որ հաճախ պրոֆեսիոնալ դերասանները դժգոհում են մասնագիտական կրթություն չունեցող, ոչ պրոֆեսիոնալ դերասանների ներկայությունից էկրաններին, Ադրիանան արձագանքեց, որ խաղընկերների կողմից դրական կարծիքներ է լսել իր մասին։ ««Նռան հատիկում» իմ մոր և հոր կերպարները մարմնավորում են Իրինա Հարությունյանն ու Արա Դեղտրիկյանը, իրենք ինձ ասում են, որ ինձ հետ հաճելի է աշխատել։ Անգամ, նշում են, որ կա հակառակ տարբերակը, երբ մարդիկ երկար տարիներ սովորում են Թատերականում, սակայն չունեն շնորհ։ Ես դերասանությունն ավելի բարձր եմ համարում մասնագիտությունից, որովհետև այս դեպքում հիմքը տաղանդն ու ցանկությունն է»,– նշեց նա։

 

 

Ադրիանան նշեց նաև, որ վերջերս նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում, որում մարմնավորել է  Ադրիանա անունով  աղջկա։ Ռոմանտիկ կատակերգության մեջ խաղացել են նաև Էմիլ Գալստյանը, Արսեն Գրիգորյանը, Ռաֆայել Երանոսյանը, Անահիտ Հարությունյանը, Արթուր Հակոբյանը և այլք։ Պրեմիերան կլինի գարնանը։

Ինչ վերաբերում է վերջերս շրջանառվող խոսակցություններին, որ Ադրիանան ընտրյալ ունի, երիտասարդ դերասանուհին ասաց. «Ես չեմ հերքել այն փաստը որ լուսանկարում ես եմ, սակայն ինչ–որ բան չեմ էլ հաստատում։ Երբ իմ կյանքում  կլինի մեկը, որի հետ մեր հարաբերությունները կլրջանան, ինքս լուսանկար կտեղադրեմ և կխոսեմ այդ մասին»։


Աղբյուրը՝ tert.am

loading...