Այսօր Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյանների ընտանիքը ճիշտ հինգ տարեկան է դառնում: Զույգի ամուսնության հինգ տարին հետաքրքիր ու խորհրդանշական բնույթ է կրել դեռ երեկվանից: Նրանք երկրորդ անգամ են պսակադրվել, իսկ պատճառների մասին դերասան Ա. Բաբասյանը պատմել է Life.panorama.am-ին:
 
«Ամռանը Լիլիթը լողավազանում միամտաբար կորցրել էր մեր ամուսնական մատանին ու բավականին ծանր էր տանում  այդ փաստը: Նա անվերջ խոսում էր այդ մասին, անգամ ասում, թե դա կարող է վատ նշան լինել ու մենք կարող ենք ամուսնալուծվել: Եվ չնայած ես անվերջ համոզում ու բացատրում էի Լիլիթին, որ մատանու կորուստը ոչինչ նշանակել չի կարող, այնուամենայնիվ, նա շատ էր սրտնեղում: Իհարկե, ես պետք է կրկին կնոջս մատանի նվիրեի, սակայն, եթե դա հասարակ կերպով մատուցեի, գուցե այնքան էլ հետաքրքիր չլիներ: Ես սիրում եմ անընդհատ զարմացնել կնոջս, եւ սա էլ բացառություն չեղավ,- պատմեց դերասանն ու շարունակեց.
 
«Ընկերներիս օգնությամբ կայացավ անակնկալս: Նախապես ամեն ինչ արել էինք, որպեսզի Լիլիթը թեկուզ մի փոքր չկասկածեր: Լիլիթն Անահիտ Սիմոնյանի օգնությամբ եկավ Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ արդեն ես էի նրան սպասում` հարսանեկան ծաղկեփնջով, ճերմակ քողով եւ ամուսնական մատանիով: Հույս ունեմ, որ կինս այլեւս կմոռանա մատանու կորստի մասին: Ի դեպ` եկեղեցու ընտրությունը եւս պատահական չէր: Ես պարտադիր ուզում էի, որ մեզ օրհներ Տեր Զենոն քահանան, ով հինգ տարի առաջ պսկաադրել է մեզ, նաեւ մկրտել է որդուս: Նրա ամեն մի խոսքն ինձ համար կշիռ ու ուժ ունի»:
 

 
Ալեքսանդր Բաբասյանը վստահ է` հարաբերությունները մարդկանց ձեռքերում են, զույգերը երբեք չեն բաժանվի, եթե անձամբ չցանկանան:
 
«Ոչ մատանու կորուստը, ոչ հարսանեկան զգեստի վնասվելը, ոչ էլ մարդիկ չեն կարող բաժանել զույգին, եթե սերն ամուր է: Ամեն ինչ մարդու ձեռքերում է:  Բաժանության հետ կապված ես վախեր չեմ ունենում, դա ինձ համար անիմաստ է, քանի որ գիտեմ, որ իմ ընտանիքն ինձ համար թանկ է: Գիտեք, առհասարակ, եթե մարդ չցանկանա բաժանվել, դա չի լինի, թեկուզ 100 պատճառ ունենա, իսկ եթե այդ ցանկությունն ունենա, ապա նրան ոչինչ հետ չի պահի եւ ամեն մանրուք պատճառ կթվա: Կարծում եմ, նրանք, ովքեր անիմաստ, երբեմն անգամ կենցաղային պատճառներ են փնտրում բաժանվելու համար, պարզապես ուզում են իրենց արարքն արդարացնեն պատճառաբանություններով. Պաշտպանվում ու արդարանում է այն մարդն, ով սխալ է: Կայուն, հասուն ու գիտակից մարդը երբեք նման բաների չի գնա: Ինքս սիրո խոստովանություններ հաճախ եմ անում կնոջս, երբեք չեմ զլանում կնոջս ասել, որ սիրում եմ նրան: Իմ խոսքն իր մեջ պարունակում է եւ խորհուրդ, եւ գործ: Բայց սեր խոստովանել, ամեն անգամ կարելի է ավելի գեղեցիկ անել, որոնք ամրացնում ու թարմացնում են հարաբերութունները»,- շեշտեց Ալեքսանդրը:
 
Ամփոփելով ամուսնության հինգ տարիները, դերասանը նշեց.
 
«Մենք դժվար հինգ տարիներ ենք ունեցել: Գիտեք, հարաբերություններն անընդհատ խնդիրներ են ունենում, բայց դա շատ նորմալ երեւույթ է: Պետք է դողալ ընտանիքի համար, չեմ ընդունում այն տղամարդկանց, ովքեր պատրաստ են 3-4 անգամ ամուսնանալ եւ բաժանվել: Զույգերը նաեւ պետք է զիջող լինեն ու պատրաստ լինեն նորություններ մտցնելու իրենց ընտանիքում: Ես շատ եմ սիրում կյանքը, ամեն ինչի մեջ հաճույք եմ տեսնում, ու պատրաստ եմ ամեն տեսակ դժվարություններ հաղթահարել, որովհետեւ դրանից հետո էլ ավելի է ամրանում հարաբերությունները: Գուցե տարօրինակ թվա, բայց երբ իմ կյանքում ամեն ինչ հարթ է լինում, կարող եմ անգամ արհեստական խոչընդոտներ ստեղծել, քանի որ հաղթահարված դժվարությունները ամրացնում են հարաբերությունները: Ցավոք, այսօր ամուսնալուծությունները չափազանց շատացել են, իսկ դա արդյունքն է նրա, որ մարդիկ չեն գիտակցում ու գնահատում ունեցած երջանկությունը: Խորհուրդ եմ տալիս պայքարել սիրած մարդու համար, ում հետ կյանք եք անցկացրել ու միասին դժվարությունների միջով եք անցել: Մի թողեք, որ ձեր երեխաները անառողջ մթնոլորտում մեծանան»:
 

 
Հավելենք, որ երկրորդ անգամ պսակադրվելուց հետո զույգը հաճելի երեկո է անցկացրել ընկերների հետ միասին, իսկ այսօր կլինեն բացառապես երեքով` Ալեքսանդրը, կինն ու որդին: Ի դեպ` դերասանի խոսքով` այս օրն իր համար կրկնակի տոնական է:
 
«Գրեթե տասը օր որդիս այստեղ չէր, կնոջս հետ մեկնել էր Մոսկվա, երկու օր առաջ կինս եկավ, իսկ այսօր տատիկի հետ միասին նաեւ տղաս վերադարձավ: Այնպես որ, օրն ինձ համար էլ ավելի տոնական է: Ես առանց տղայիս չեմ պատկերացնում իմ կյանքը, դժվարանում եմ, երբ թեկուզ մի քանի օրով ինձնից հեռու է լինում»,- նշեց նա:

Աղբյուրը՝ panorama.am

loading...