NEWS.am STYLE-ը շարունակում է բացահայտել նիհարակազմ հայտնիների նրբագեղության գաղտնիքները։ Մեր այսօրվա զրուցակիցն է սերիալներից հայտնի դերասանուհի Անուշկա Մարգարյանը․

«Առավոտս սկսում եմ 2 բաժակ ջրով։ Մեկ ժամ հետո վարսակ եմ ուտում բանանով եւ խտացրած կաթով։ 2 ժամ հետո նախավարժանք եմ անում, ցերեկվա ժամերին որեւէ համեղ բան եմ ուտում, երեկոյան՝ նույնպես։  Շատ խիստ չեմ հետեւում սննդակարգիս, պատահում է նույնիսկ 2 անգամ եմ ուտում օրվա մեջ, երբեմն՝ մեկ անգամ։ Հատուկ դիետա չեմ պահում, գիրանալու հակում չունեմ։ Փոքրուց ընկերուհիներիս համար նախանձի առիթ էի դառնում։ Գիշերները ուտում էի, չէի գիրանում, իրենք է ասում էին՝ օձերը չեն գիրանում (ծիծաղում է)»։

Դերասանուհին կարեւորում է նաեւ յոգայով զբաղվելը․

«Երեկոյան պարտադիր յոգայով եմ զբաղվում։ Սիրում եմ լինել ճկուն, բացի դա՝ յոգան միտքդ միշտ արթուն է պահում, ուղեղդ սկսում է ավելի արագ աշխատել, արագ ես սկսում մտածել, ներքին հանգստություն ես ձեռք բերում։ Ահա, թե ինչի եմ ձգտում՝ ներդաշնակության։ Գրեթե մեկ տարի թողել էի պարապմունքներս, հիմա նորից ուժ գտա մեջս եւ վերականգնեցի։ Նոր շունչ եմ զգում, մի տեսակ նորից սկսել եմ ապրել։ Միակ բանը, որ դեռ չի ստացվում կարգավորել, քունս է։ Երեւի չեմ ուզում, ես մի տեսակ գիշերային մարդ եմ։ Չեմ սիրում ապրել «պիտի»-ներով։ Եթե մի բան «պիտի»-ով է լինելու, չեմ անի։ Անում եմ այն, ինչ հոգիս է ուզում»,-ասում է Անուշկան՝ հայ կանանց եւ աղջիկնեին խորհուրդ տալով լսել իրենց օրգանիզմին։

«Պարտադիր չէ ապրեն այնպես, ինչպես գրված է գրքերում կամ կայքերում։ Մարդու օրգանիզմն ինդիվիդուալ է, յուրաքանչյուրի պահանջը՝ անհատական։  Եթե մի բան ես ուտում եւ վատ ես քեզ զգում, ուրեմն՝ չպիտի ուտես․ օրգանիզմը միշտ մեզ ազդանշան է ուղարկում՝ ինչ ուտել, ինչ խմել եւ երբ։ Ամենակարեւորը՝ զբաղվեք սպորտով, թեկուզ օրվա մեջ կես ժամ․ ցանկալի է՝ առավոտյան»,-ասում է նա։


Աղբյուրը՝ NEWS.am STYLE

loading...