Երգչուհի Սոնե Սիլվերը տեւական դադարից հետո երաժշտասերների դատին է հանձնել իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Ես եմ» երգի հիման վրա: Երգը հեղինակել է Նիկ Էգիբյանը, որը նաեւ տեսահոլովակի ռեժիսորն է: Սա Սոնեի առաջին աշխատանքը չէ երաժիշտի հետ: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սոնեն խոսեց Նիկի հետ հերթական համագործակցության մասին, ինչպես նաեւ պատմեց, թե որքանով է երգը համապատասխանում իր ներկայիս հոգեվիճակին.

«Ես Նիկ Էգիբյանին անսահման տաղանդավոր երաժիշտ եմ համարում: Դա ոչ միայն իմ կարծիքն է, այլեւ շատերի: Ես նրան անմնացորդ վստահում եմ, եւ փաստ է այն, որ երբեւէ չեմ սխալվել: Անչափ շնորհակալ եմ, որ նա կա իմ կյանքում՝ որպես լավ ընկեր, լավ մասնագետ եւ ուղղակի որպես լավ մարդ»,-ասում է Սոնեն՝ հավելելով, որ երգը շատ պատահական է ստեղծվել.

«Երգի ստեղծման պատմությունն այսպիսին էր. մեր հերթական ջերմ ընկերական երեկոներից մեկի ժամանակ Նիկը վեր կացավ եւ ասաց. «Հենց հիմա երգ եմ ուզում գրել քեզ համար»: Տեղափոխվեցինք դաշնամուրի մոտ, ու ստեղծվեց այս երգը»:

«Ես եմ»-ը դրամատիկ ենթատեքստով լիրիկական ստեղծագործություն է: Սոնեից հետաքրքրվեցինք՝ որքանով է երգի հոգեվիճակը համապատասխանում իր ներիկայիս ապրումներին.

«Ասեմ, որ ինչ-որ չափով ինչ-որ տողեր կարող են համապատասխանել յուրաքանչյուրիս ներաշխարհին: Ամեն ոք յուրովի է լսում եւ պատկերացնում, թե ինչ է թաքնված տողերի արանքում: Բայց վստահ կարող եմ ասել, որ այն իմ այսօրվա հոգեվիճակին չի վերաբերում»,-նշեց նա:

Սոնեն այն երգչուհիներից է, որն իր գործունեության ընթացքում հավատարիմ է մնացել իր ոճին եւ չի կատարել կոմերցիոն համարվող երաժշտություն: Որքանո՞վ է դա շահավետ համարում.

«Առաջին հերթին ուզում եմ լինել անկեղծ, առաջնային լսում եմ իմ սրտին, կարծում եմ՝ երգի մատուցումն է նաեւ կարեւոր: Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց կարծում եմ՝ երգիչն է նաեւ իր երգածով գին տալիս երգին: Բնական է՝ եթե այս երգը «կլկլացնելով» երգեին, ուրիշ պատկեր կարող էր ստացվել: Ամեն դեպքում, ամեն բան ներաշխարհից է գալիս, իսկ շահեկան կստացվի, թե ոչ, դա միայն ժամանակը կարող է ցույց տալ»,-եզրափակեց երգչուհին:


Աղբյուրը՝ NEWS.am STYLE

loading...