Առնվազն կես տարվա ընթացքում փոքր չափաբաժիններով ասպիրինի ընդունումը զգալիորեն նվազեցնում է քաղցկեղով հիվանդացության հավանականությունը, այս մասին է վկայում Հոնկոնգի Չինական համալսարանի իրականացրած հետազոտությունը։
Daily Express-ի փոխանցմամբ՝ տարիների ընթացքում ավելի քան 600 հազար մարդու շրջանում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ասպիրինը հատկապես արդյունավետ է այն ուռուցքաբանական հիվանդությունների դեմ, որոնք ախտահարում են մարսողական համակարգը։ Եվ այսպես, լյարդի ու կերակրափողի քաղցկեղով հիվանդացության հավանականությունը ասպիրինի ընդունման արդյունքում նվազում է 47 տոկոսով, ստամոքսի քաղցկեղինը՝ 38 տոկոսով, ենթաստամոքսային գեղձինը՝ 34 տոկոսով, իսկ կոլոռեկտալ քաղցկեղինը՝ 24տոկոսով։
«Օրական 80 մգ չափաբաժնով ասպիրինի երկարատև գործածումը կարող է զգալիորեն նվազեցնել մարսողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների քանակը։ Համարժեք ցուցանիշներ են նաև քաղցկեղի մի շարք այլ տեսակների վերաբերյալ, որոնք կապ չունեն մարսողական համակարգի հետ, օրինակ լեյկեմիայի, թոքերի քաղցկեղի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի»,- հայտնել է Հոնկոնգի Չինական համալսարանի պրոֆեսոր Քելվին Ցոյը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ասպիրինը նվազեցնում է քաղցկեղի երեք վերոնշյալ տեսակներով հիվանդացության հավանականությունը 24, 35 ու 14 տոկոսով համապատասխանաբար։ Բայց կրծքագեղձի, միզապարկի, երիկամների քաղցկեղի ու միելոմային հիվանդության զարգացման վրա ասպիրինը ոչ մի ազդեցություն չի թողնում։
Աղբյուրը՝ 168.am