BlogNews.am-ն իր ընթերցողներին առաջինն էր հայտնել, որ սիրված դերասան Նիկոլայ Եղիազարյանի ընտանիքում շուտով համալրում է սպասվում: Դերասանի ու նրա կնոջ՝ Հելենի առաջնեկը, լույս աշխարհ է գալու գարնանը: BlogNews.am-ը զրուցել է երջանիկ հայրիկի հետ ընտանեկան կյանքի, զգացողությունների ու սպասումների մասին:
Պարզվում է՝ ծնող դառնալու լուրը շատ բան է փոխել զույգի կյանքում. «Միանշանակ, սա այն իրավիճակն է, երբ գիտակցաբար ու սրտով ենք հանգել ծնողներ դառնալու մտքին: Առաջին անգամ է, որ այսպիսի զգացողություններ եմ ապրում, որոնք բացատրել կամ բառերով նկարագրել չեմ կարող, հաճելի ու, միևնույն ժամանակ, պատասխանատու: Զգում եմ, որ առավել, քան երբևէ, պետք է հոգատար լինեմ Հելենի հանդեպ, նույնիսկ վերաբերմունքս է փոխվել, ավելի զգայուն ու ուշադիր եմ դարձել։ Մեծ հետաքրքրությամբ ենք սպասում բալիկիս լույս աշխարհ գալուն»,- անկեղծանում է դերասանը:
Ասում են՝ կանայք հղիության ընթացքում կամակոր ու պահանջկոտ են դառնում, սակայն Հելենի դեպքում այդպես չէ. «Հելենը պահանջկոտ չէ, բայց եթե նույնիսկ այդպես լիներ, ես սիրով ու համբերատար կկատարեի կնոջս բոլոր ցանկությունները»:
Նիկոլայի ու Հելենի առաջնեկը լույս աշխարհ է գալու մարտի սկզբին: Զույգը, սակայն, երեխայի սեռը բարձրաձայնելու հարցում չի շտապում: Ամուսիներն անհամբեր են միայն մի հարցում. ինչ իմացել են երեխայի մասին, սկսել են հաճախ շրջել մանկական խանութներով ու փոքրիկի համար գեղեցիկ շորեր ու խաղալիքներ գնել:
Ամուսնական կյանքը բավականին փոխել է Նիկոլային։ Նրա խոսքով՝ հիմա ավելի շատ ժամանակ է հատկացնում ընտանիքին ու կնոջը. «Իմ ընտանիքում, փառք Աստծո, ամեն ինչ խաղաղ ու ներդաշնակ է: Իհարկե, երբեմն տարաձայնություններ լինում են, ինչպես բոլոր ընտանիքներում, ու զիջողը միշտ լինում է Հելենը, սակայն իմ ընտանիքի հիմքում դրված են հասկացվածությունն ու համերաշխությունը»:
Խոսելով ստեղծագործական կյանքում ունեցած նորությունների մասին՝ Նիկոլայը նշեց, որ այս պահին պայմանականորեն գործազուրկ է. ««Պապայի աղջիկները» հեռուստասերիալը, որտեղ նկարահավում էի, արդեն ավարտվել է: Հիմա նոր առաջարկներ չունեմ, այլ գործով էլ չեմ ուզում զբաղվել. ինձ համար մասնագիտական գործունեությունն առաջնային է»,- եզրափակեց դերասանը: