Lif.panorama.am-ն ադեն պատմել է, որ դերասան ամուսիններ Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի ընտանեկան լուսանկարը հայտնվել է բրիտանական հայտնի «The Daily Mail» պարբերականում: Հայաստանում արջերի պահման պայմանների մասին հոդվածին կից թերթը Նարբեի չիմացությամբ հրապարակել էր նրանց ընտանեկան լուսանկարը, ըստ որի, նրանք տվյալ ռեստորանում ընտանիքով ճաշում էին, իսկ հետնամասում արջերը վանդակում էին: Լուսանկարի տարածվելուց անմիջապես հետո Նարբեն հայտնել էր, որ նրանց նկարել են իր հայտնի ծանոթի միջնորդությամբ, բայց չեն ասել, որ լուսանկարը պարբերականի եւ այն էլ նման հոդվածի համար է: Նարբե Պողոսյանը պատրաստ էր անգամ դատի տալ «The Daily Mail»–ին, եթե պարբերականը հրաժարվի նյութից հեռացնել իրենց լուսանկարը, սակայն իր փաստաբանի հետ առաջին իսկ ուղարկած նամակին «The Daily Mail»-ն արձագանքել է:
«Ես նրանց պարզ գրել էի, որ լուսանկարն արվել է առանց իմ իմացության, եւ որ ես պահանջում եմ, որպեսզի իմ ընտանիքի լուսանկարը հեռացվի: Ուրախ եմ, որ պատասխանը չուշացավ, նրանք ինձ անմիջապես պատասխանեցին, շնորհակալություն հայտնեցին, որ դիմել եմ նրանց եւ ասացին, որ ընթացք կտան այդ հարցը: Իսկ արդեն հաջորդ օրը մեր դեմքերը փակեցին, ինչն ինձ լիովին բավարարեց»,- Life.panorama.am-ին ասաց Նարբեն:
Դերասանն իր ընտանեկան լուսանկարի հետ կապված միջադեպի ժամանակ հայտնել էր, որ այդ նկարն արվել է իր ծանոթի միջոցով, ով ավելի ուշ մեկնել էր երկրից ու Նարբեն նրա հետ կապ հաստատել չէր կարողանում: Հետաքրքրվելով, թե ի վերջո Նարբեին հաջողվեց նրա հետ կապ հաստատել եւ ինչ հարաբերություններ ունեն հիմա, պատասխանեց.
«Այո, մենք խոսեցինք, նկարի հեռացման, այս դեպքում փակման հարցում նրա միջնորդությունը եւս եղավ, քանի որ մինչ այդ էլ նրա միջամտությամբ էր լուսանկարը եղել: Բնականաբար, այս իրադարձությունը չէր կարող չանդրադառնալ մեր հարաբերությունների վրա, այսօր մենք այլեւս առաջվա կապը չունենք, բայց, միեւնույն է, նրա անունը չեմ ուզում բացահայտել»:
Անդրադառնալով «The Daily Mail»-ի հրապարակումից հետո տվյալ ռեստորանից արջերի հեռացմանը, որից հետո բրիտանական պարբերականը կրկին անդրադարձավ թեմային եւ տեղեկացրեց, որ կենդանիներն արդեն ազատ են արձակվել, Նարբեն նշեց.
«Եթե այդ կենդանիների պայմաններն իսկապես վատն էին, ապա շատ ուրախ եմ, որ նրանք արդեն ազատ են արձակվել: Ես շատ եմ սիրում կենդանիների եւ, բնականաբար, ուզում եմ, որ նրանք լավ պայմաններում ապրեն, պարզապես այդ հրապարակումն ինձ բարկացրեց, քանի որ իմ ընտանիքի հետ էր տվյալ միջադեպը ասոցացվում»: