Արդեն երկու օր է, ինչ հայկական շոու բիզնեսում իսկական խառնաշփոթ է: YouTube-ը արգելափակել է Անահիտ Շահբազյանի, Սոնա Շահգելդյանի, Գաբի Գալոյանի, Հովհաննես Բաբախանյանի, մոդել Դավիթ Ղարիբյանի, Սեդրակ Պապյանի, Կարեն-Սեւակ փրոդաքշենի, Վիրաբ Վիրաբյանի, Սարգիս Աբրահամյանի, Նորայր Մելքոնյանի եւ այլ հայտնիների պաշտոնական էջեր: Նրանց բոլորին եկել է միեւնույն նամակը, թե խախտել են իրավունքները, այդ իսկ պատճառով կատրավել է արգելափակում: Տուժած հայտնիները այս պահին փորձում են վերականգնողական աշխատանքները, քանի որ, եթե նրանց էջերը չվերականգնվեն, ապա իրենց գործունեության ողջ տարիների հրապարակած տեսանյութերը, հոլովակները, բնականաբար, նաեւ դիտումները, հետեւորդներն ու մեկնաբանությունները կկորչեն:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչ Սեդրակ Պապյանը նշեց, որ եթե չհաջողվի վերականգնել, ապա խմբակային հայց կներկայացնեն ու դատի կտան YouTube-ին:
«Մենք նամակ ենք գրել YouTube-ին, քանի որ մեր տարիների աշխատանքն է ջուրն ընկնում: Մեր նամակում հստակ նշել ենք, որ մեր կողմից ոչ մի իրավունք չի խախտվել, մենք կատարել ենք համապատասխան վճարումները` ըստ որի պաշտոնական էջ ենք համարվում, սակայն դեռեւս մեր նամակին չեն պատասխանել: Կարծում եմ, եթե լուծում չտրվի մեր դիմումին, ապա խմբակային հայտ կլինի ու դատական ճանապարհով կփորձենք վերականգնել մեր իրավունքները»,- նշեց նա:
Երգիչ Հովհաննես Բաբախանյանը եւս խուճապի մեջ է, պատրաստ է պաշտպանել սեփական իրավունքները, սակայն չի հավատում, որ կարող են հարկ եղած դեպքում դատարանում հաղթել YouTube-ի նման կազմակերպությանը:
«Մենք մեծ օվկիանոսում ընդամենը մի կաթիլ ենք, գուցե կարողանանք պայքարել, բայց հաղթելը դժվար կլինի: Հավանաբար ավելի ճիշտ կլինի համախմբվենք ու բաց նամակ հղենք: Ամեն դեպքում, չեմ ուզում մտածել վատթարագույնի մասին, հույս ունեմ, որ մեր պաշտոնական էջերը կվերականգնվեն, հակառակ դեպքում դա բոլորիս համար մեծ կորուստ կլինի: Կոնկրետ իմ էջում 42 տեսանյութ կար, դեռ 11 տարեկանից արված հոլովակներ, որոնք ուղղակի կկորչեն: Հիմա ընկերներով փորձում ենք հասկանալ, թե ինչպես պետք է ուղղենք մեր քայլերը: Մենք արդեն իսկ հավաքվել ենք, բայց դեռեւս հստակ չգիտենք, մեր պաշտոնական էջերին կից կազմակերպությունները ինչ քայլեր կձեռնարկեն»,- նշեց նա:
Հովհաննեսը չի կարծում, որ սա կարող է հակերների ձեռքի գործը լինել.
«Ամենաուժեղ հակերն անգամ դժվար թե կարողանար նույն ժամին այդքան շատ էջեր կոտրեր: Բոլոր նրանց, ում էջերը փակել են, գործընկերներ ենք, մենք ժամանակին որոշակի գումար ենք վճարել YouTube-ին, որ մեր էջերը պաշտոնական դառնան, իսկ մեր ըներների ոչ պաշտոնական էջերը կոտրված չեն: Հիմա հարց է առաջանում` եւ պաշտոնական լինենք, եւ գումար վճարենք, եւ նման խնդրի առաջ կանգնենք: Ոմանք ասում են, թե սա ընդհանուր խնդիր է, որը կլուծվի, բայց միչեւ շտկում չլինի, հանգիստ չես կարող լինել»,- ընդգծեց երգիչը:
Երգչուհի Անահիտ Շահբազյանը նշեց, որ իրենք եւս սպասում են իր պաշտոնական էջին կից կազմակերպության պատասխանին.
«Տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում: Կարծում եմ` մեղավորությունը իմ պաշտոնական էջին կից կազմակերպությանն է, նրանք պետք է այդ ամենը վերականգնեն: Ինձ թվում է, բոլոր տուժած հայտնիներն էլ կցված են եղել միեւնույն կազմակերպությանը եւ խնդիրը դրա մեջ է: Չգիտեմ, սա եւս պաշտոնական հայտարարություն չէ, հնարավոր է, որ ես սխալվում եմ իմ կարծիքի մեջ: Ես պարտավոր եմ սպասել մեր հարցման պատասխանին, հետո նոր խոսել իմ հետագա քայլերի մասին»,- հավելեց երգչուհին: