Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը բրիտանական հեղինակավոր BBC-ի հետ խոսել է Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ կատարվածն անվանելով «յուրօրինակ հեղափոխություն»:
Թանկյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ տարբերվում է Հայաստանի նախկին առաջնորդներից:
«Նա ակտիվիստ է եղել, քաղաքական կարիերայի ընթացքում մեծամասամբ եղել է շրջակա միջավայրի, մարդու իրավունքների, սոցիալական անվտանգության համար պայքարող ակտիվիստ»,- նշել է Թանկյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում շատ նման ոլորտներ բարեփոխման կարիք ունեն:
Երաժիշտը հայտնել է, որ հեղափոխությունը նախաձեռնվել է երիտասարդության կողմից: «Դա իսկապես յուրօրինակ է, դա ամեն օր տեղի չի ունենում, երբ դու ունենում ես հեղափոխություն առանց մեկ փամփուշտ կրակելու, առանց մեկ մարդու զոհ գնալու: Լիակատար շրջադարձ մի քանի շաբաթվա ընթացքում: Եվ սա պայքար չէր Արևելքի ու Արևմուտքի միջև: Դե ասացեք, թե վերջին անգամ երբ է նման բան եղել»,- հռետորական հարցադրմամբ BBC-ի լրագրողին է դիմել Թանկյանը:
Աղբյուրը՝ 168.am