Վերջին հաղթական հարվածը հասցրեց Նիկոլ Փաշինյանը, բայց ՀԱԿ-ը իր դերն է ունեցել դրանում: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Հարցին, թե ինչու չստացվեց ՀԱԿ-ին իշխանափոխություն իրականացնել, իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Ես չեմ համարում, որ ՀԱԿ-ին չհաջողվեց: Ի վերջո, այս հաղթանակը ինչ-որ մեկինը չէ: Իսկ ՀԱԿ-ը քի՞չ է արել այս հաղթանակի համար: Մարտի 1-ի ողբերգությունը նաեւ սխրագործություն էր, 10 մարդ իրենց կյանքը դրեցին այս հաղթանակի համար: Ոչ ոք թող չասի, որ այդ զոհաբերությունը անպտուղ էր: Եթե բոլորով չանցնեինք «Մարտի 1»-ով, այսօր այս հաղթանակը չէր լինի: Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման գլխավոր թեման դարձավ Մարտի 1-ը: Այն պահից, երբ Սերժ Սարգսյանը սպառնաց նոր Մարտի 1-ով, դա էր հեղափոխության սկիզբը»,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով, այդ պահին ժողովուրդն արթնացավ եւ ասաց, որ սա մեր արժանապատվությանն անհանդուրժելի հարված էր. «Ուզում եմ ասել՝ սա մեր բոլորիս հաղթանակն է: Բա Կոնգրեսը չի՞ արել դա 2008 թվականին, 2011-ին, 2015-ին: Ես բացարձակ չեմ ցանկանում ասել՝ սա հաղթեց, նա հաղթել, վերջին հաղթանակը հարվածը հասցրեց Նիկոլ Փաշինյանը»:

Հարցին՝ ինչո՞ւ առաջին նախագահը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ, Լ. Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանին շնորհավորում եմ ընտրվելու կապակցությամբ, նա շատ մեծ գործ արեց ժողովրդի էներգիան արթնացնելու հարցում: Անուրանալի արարք էր դա, դա չի կարելի  չգնահատել, բայց ամեն ինչ կախված է նոր հայաստանցիների պահվածքից: Մենք պետք է շատ լավ հասկանանք, որ ժողովուրդը հանգստանալու որեւէ առիթ չունի, ոչ էլ՝ կան նախադրյալներ»:

Աղբյուրը՝ news.am

loading...