«Իրավունք» թերթը գրում է. «Արդեն իսկ անուններ են շրջանառվում, թե այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ՀՀ վարչապետ ընտրվելու դեպքում, ովքեր կարող են տեղ գտնել նրա կառավարությունում:

Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ՀՀ բնապահպանության նախարարի պորտֆելը կարող է վստահել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին:
Մինչդեռ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արարտ Միրզոյանը կշարունակի մնալ խորհրդարանում, որպես «Ելք»-ում Փաշինյանի միակ հավատարիմ հենասյունը:

Ի դեպ, մինչ ՀՀ ՊՆ-ում որոշ շրջանակներ պատրաստվում են ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի վերադարձին, այս անգամ որպես պաշտպանության նախարար, պարզվում է՝ Փաշինյանն այս հարցում լուրջ փակուղու առջեւ է:

Դավիթ Տոնոյանը ՊՆ փոխնախարարն էր Սեյրան Օհանյանի օրոք, ուստի նրան այդքան էլ բարի խոսքերով չեն հիշում ոչ նախարարությունում, ոչ էլ նախարարությունից դուրս:

Միակ ելքը մնում է ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանին պաշտպանության նախարար նշանակելը, ինչը Փաշինյանն էլ է հասկանում, որ կդառնա իսկական գլխացավանք ոչ միայն իր, այլեւ ողջ երկրի անվտանգության համար:

Ինչ վերաբերում է առաջին փոխվարչապետին, թեպետ օրեր առաջ շրջանառվում էր այս պաշտոնում գործարար Խաչատուր Սուքիասյանի անունը, բայց Փաշինյանը դեռ հույս ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին համոզել տեղափոխվել այդ աթոռին: Թերեւս սա կլինի միակ մեղմացուցիչ հանգամանքը, որ այլեւս ընդդիմադիր ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք խորհրդարանում քաղաքական մեծամասնություն են կազմում, երբեմն-երբեմն փոխհամաձայնության գան գործադիրի հետ:

Դե իսկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աթոռին կրկին կվերադառնա Հրաչյա Ռոստոմյանը՝ լինելով դե յուրե «Ծառուկյան» դաշինքի միակ ներկայացուցիչը գործադիրում»:


Աղբյուրը՝ news.am

loading...