Ֆիզիկական դավաճանությունը զգալն ու հասկանալն ավելի հեշտ է, քան էմոցիոնալը: Եթե Ձեր ամուսինն անընդհատ «աշխատում» է, նրա վրայից կանացի օծանելիքի բույր է տարածվում կամ վերնաշապկի վրա շրթներկի հետք կա, պարզ է, որ նրա կյանքում այլ կին կա: Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ նրա մտքում ինչ-որ մեկը կա: Կարծես թե նա Ձեզ հետ է, բայց միևնույն ժամանակ՝ խորասուզված է իր մտքերի մեջ: Թվում է, թե ձեզ մոտ ամեն բան կարգին է, բայց նրա մոտ նոր հետաքրքրություններ են ի հայտ գալիս, նոր բառապաշար ու խոսելաձև, տարօրինակ վարքագիծ: Այս ամենը կարող է վկայել այն մասին, որ նրա մտքերն այլ կնոջով են զբաղված:
Հոգեթերապևտը հուշում է, թե ինչպես վաղ շրջանում հասկանալ, որ նա գայթակղված է ինչ-որ մեկով:
- Ձեր սեքսուալ կյանքը կամ կտրուկ անհետանում է, կամ, ընդհակառակը, ավելի լավն ու բազմազան է դառնում…
Եթե Ձեր ամուսինն ինչ-որ մեկն ունի, և նրա պլատոնական զգացմունքը դեռ չի հասցրել վերածվել ավելիի, Ձեզ հետ սեքսով զբաղելու հաճախականությունը կարող է ավելանալ: Հոգեթերապևտը դա բացատրում է նրանով, որ նոր օբյեկտի նկատմամբ կիրքը դեռ իր գագաթնակետին ու ելքին չի հասել, այդ պատճառով էլ նա, կոպիտ ասած, օգտվում է նրանից, ինչ ձեռքի տակ կա: Անկասկած, բոլոր մարդիկ տարբեր են, և որոշ տղամարդիկ նման իրավիճակում, ընդհակառակը, խուսափում են կնոջից՝ մինչև նոր զուգընկերոջ հետ հարաբերությունների տրամաբանական զարգացման հասնելը:
- Նա խուսափում է Ձեզնից, օտարանում…
Եթե Ձեր զուգընկերն ուշադրության ու էմոցիոնալ կապվածության է ձգտում ուրիշ կնոջ հետ, նա կարող է դադարել Ձեզ հետ քննարկել իր գործերը: Ըստ հոգեթերապևտի` մարդկանց հետ շփումները հաճախ այնքան ուժ ու էներգիա են խլում, որ Ձեր տղամարդն այլևս ուժ ու տրամադրություն չի ունենում Ձեզ ժամանակ տրամադրելու համար: Եթե նախկինում նա անընդհատ Ձեզ հետ կիսվում էր իր առօրյայով, պատմում տարբեր իրադարձությունների, աշխատանքային իրավիճակների և շատ այլ մանրուքների մասին, իսկ հիմա դա չի անում, նշանակում է՝ նա դա անում է այլ տեղում, այլ մարդու մոտ: Դա հաստատապես խոսում է այն մասին, որ նա ինչ-որ մեկն ունի իր մտքում: Սրան կհաջորդի այն, որ նա ֆիզիկապես Ձեր կողքին կլինի, սակայն Ձեզ կթվա, որ նա ամենուր է, բացի Ձեզ հետ լինելուց:
- Նրա վերաբերմունքը Ձեր նկատմամբ փոխվել է:
Եվ այսպես, ձեր միջև արդեն անդունդ է գոյացել: Հիմա նա կարող է սկսել գովել իր նոր ընկերուհուն, իսկ Ձեզ նվաստացնել: Օրինակ, հանկարծ Ձեր տղամարդուն կարող է դուր չգալ, թե ինչպես եք Դուք պատրաստում: Նա կարող է սկսել քննադատել Ձեր ճաշակը, ընդ որում, նախկինում այն նրան շատ էլ դուր էր գալիս: Հոգեթերապևտը սա բացատրում է նրանով, որ այս դեպքում տղամարդը սկսում է իդեալականացնել իր կրքի նոր օբյեկտին:
- Փոխվում է նրա վերաբերմունքը սոցցանցերի, կարճ հաղորդագրությունների և նորագույն տեխնոլոգիաների ընձեռած այլ հնարավորությունների հանդեպ…
Եթե նախկինում նրան բարդ էր ստիպել հաղորդագրություն գրել, իսկ հիմա նա օրը 24 ժամ կամ հեռախոսից է կախված, կամ սոցցանցերում է, մտահոգվելու առիթ է: Իրավիճակն ավելի պարզ կլինի, եթե Դուք հարցնեք, թե ում հետ է նա այդքան շփվում: Հավանաբար նա կփորձի խուսափել ուղիղ պատասխանից, ինչ-որ բան կհորինի, կխաբի և կսկսի թաքցնել հեռախոսը: Հոգու խորքում նա գիտակցում է, որ մեղավոր է, և այդպես վարվել չի կարելի, սակայն նոր կիրքն այնպես է գրավում նրան, որ նա դիմադրել չի կարողանում ու ստիպված է թաքցնել դա: Նա անկեղծորեն մտածում է, որ այդպիսով խնայում է Ձեզ և ցավ չի պատճառում:
- Նա անընդհատ արտաբերում է այլ կնոջ անուն…
Մենք բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հիշում ենք մեր ընկերներին և մեր զուգընկերներին, նրանց մասին ինչ-որ բան պատմում, բայց եթե խոսակցության մեջ Ձեր տղամարդն անընդհատ միևնույն կնոջ անունն է տալիս, նշանակում է, որ նրա նկատմամբ տածում է բոլորովին էլ ոչ ընկերական զգացմունքներ:
- Վիճելիս նա իրեն այլ կերպ է սկսում պահել…
Եթե վիճելիս նա նախկինից տարբերվող վարքագիծ է դրսևորում, նոր բառեր է գործածում և նոր հնարքներ, հնարավոր է, որ ՆԱ գոյություն ունի: Ամենայն հավանականությամբ, Ձեր տղամարդն այդ կնոջ հետ քննարկում է ձեր հարաբերությունները, նրանցում ծագած բարդությունները, և այդ կինը նրան խորհուրդներ է տալիս և որոշակիորեն արտահայտվում Ձեր հասցեին: Հենց այդ բառերն էլ նա տուն է բերում:
- Ձեր սեփական հարաբերություններում Դուք Ձեզ կողմնակի, երրորդ անձ եք զգում…
Եթե հարաբերություններում Դուք նախկինի պես համար 1-ը չեք զգում Ձեզ և կասկածում եք, որ ամենակարևոր պահերը Ձեր զուգընկերը կիսում է ոչ Ձեզ հետ, ապա շտապենք Ձեզ վշտացնել. հավանաբար դա այդպես էլ կա, և Դուք նրա համար այլևս առաջին տեղում չեք:
Եթե վերոբերյալ 7 պնդումներից 2-3-ին Դուք հաստատական պատասխան տվեցիք ինքներդ Ձեր մեջ և չեք կարողանում ազատվել այն զգացողությունից, որ Ձեր հարաբերությունների մեջ 2-ից ավելի անձ կա, ճիշտ ժամանակն է այդ մասին մանրամասներն իմանալու: Որքան էլ ցավոտ լինի, ավելի լավ է դա շուտ անել, քան ուշ: Ձեր զուգընկերոջը դրդեք անկեղծ խոսակցության, բայց աշխատեք չճնշել նրան: Անկեղծորեն պատմեք նրան Ձեր անհանգստությունների մասին:
Աղբյուրը՝ 168.am