Ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանի ու իր թիմի աշխատանքը, կհամաձայնե՞ն ՀՀԿ-ականներն աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, կհրաժարվե՞ն արդյոք Ազգային ժողովի նախագահությունից և ինչպե՞ս են պատրաստվում քվեարկել նոր կառավարության ծրագրին. այս և այլ հարցերի շուրջ Aysor.am-ը զրուցել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

– Պարոն Շարմազանով, Կարեն Կարապետյանի ու իր թիմի կառավարության աշխատանքն ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ն։

 

– Եթե մենք Կարեն Կարապետյանի թիմի աշխատանքը վատ գնահատեինք, մենք Կարապետյանին առաջին փոխվարչապետի պաշտոնում չէինք առաջադրի։ Հիմա ՀՀԿ-ի գնահատականներում ոչ մի բան չի փոխվել. մենք ասել ենք, ներկայացրել ենք և տնտեսական աճը, և ներդրումների ավելացումը, և բարենպաստ միջավայրը։ Բավականին դրական դիինամիկա կա։ Ես այն գործիչներից չեմ, որ քաղաքական իրադարձությունների փոփոխության հետ փոխում են իրենց սկզբունքներն ու կարծիքները։ Ինչ ասել եմ Կարեն Կարապետյանի կառավարության մասին այս տարիների ընթացքում, մնում եմ իմ կարծիքին, ոչ թե նրա համար, որ հայտնի կենդանու համառությամբ չեմ ուզում փոխել իմ կարծիքը, ոչ, պարզապես սա իմ համոզմունքն է և ժամանակը բոլորին, ամեն մեկին կդնի իր արժանի տեղը։

– Հայտարարվում է, որ նոր կառավարությունում նպատակահարմար չեք գտնում, որ ՀՀԿ-ից մարդ լինի։ Եթե Փաշինյանի կողմից առաջարկ լինի, ինչպիսի՞ն կլինի ՀՀԿ-ի արձագանքը։

– Գիտեք ինչ կա, կա քաղագիտական նորմ. եթե դու ընդդիմություն ես, դու չես մասնակցում կառավարության ձևավորմանը: Հիմա ՀՀԿ-ն իր օրակարգում Փաշինյանի կառավարության գործունեության քաղաքական պատասխանատվություն չի դիտարկում: Սա է խնդիրը: Այստեղ որևէ անձնական խնդիր չկա: ՀՀԿ-ն բաց բաժնետիրական ընկերություն չի, ոչ էլ ՍՊԸ: ՀՀԿ-ն կայացած քաղաքական կուսակցություն է իր գաղափարախոսությամբ, իր անցած ճանապարհով, իր ծրագրով, իր ճշտով ու սխալով, իր ձեռքբերումով ու թերությունով, բայց կուռ գաղափարական թիմ է, որն ունի ծրագիր՝ ի տարբերություն որոշ ուժերի ու գործիչների, ովքեր նշում են, որ իրենք որևէ գաղափարախոսության չեն հարում: Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, մենք շարունակելու ենք մեր ծրագրին հետևելով իրականացնել մեր գործունեությունն արդեն այլ կարգավիճակում։ Մենք պատասխանատու չենք Փաշինյանի կառավարության գործունեության համար։ Մեր երկրում ընդդիմություն պետք չի՞։ Մենք ո՞ւր ենք գնում՝ դեպի դեմոկրատիա՞, թե՞ դեպի դիկտատուրա։ Ուզում են բոլորս ծափահարենք կառավարությանը. լավ կաշխատեն՝ կծափահարենք, վատ կաշխատեն՝ կներկայացնենք թերությունները։

 

– Կուսակցականները շարունակում են լքել ՀՀԿ-ն։ Ինչպե՞ս եք պատկերացնում խմբակցության աշխատանքն Ազգային ժողովում։ Կմնաք նույն մեծ կազմո՞վ, թե՞ էլի դուրս եկողներ կլինեն։

– ՀՀ նորագույն պատմության ընթացքում աննախադեպ քաղաքական բան տեղի ունեցավ. երբ կուսակցությունը զրկվեց իշխանությունից, երբ կուսակցության առաջնորդը հրաժարական տվեց, կուսակցությունն իր գործունեությամբ ու իր քվեարկությամբ ապացուցեց, որ մեծամասամբ ու հիմնականում միասնական է: Բացեք ՀՀՇ-ի պատմությունը, մնացածներինը նայեք: 100 և ավելի հազարանոց կուսակցություն է, որ մի քանի հոգի էլ դուրս գան, դրանից հեղափոխությունը չի տուժի։ Ով գնում է՝ Աստված իր հետ։  ՀՀԿ-ն դեռ անելիք ունի ու բոլոր նրանք, ովքեր փորձում են գուժել ՀՀԿ-ի քաղաքական վախճանը, չարաչար սխալվում են։


Աղբյուրը՝ 168.am

loading...