Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «պատրաստ են առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»:
«Իհարկե տեսնենք, եթե Հայաստանը հրաժարվի տարիներ շարունակ Թուրքիայի նկատմամբ թշնամական դիրքորոշումից, Թուրքիայի տարածքային ամբողջականության, սահմանների նկատմամբ սխալ դիրքորոշումից, եթե հրաժարվի ամեն ինչից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ, մանրամասներն ուսումնասիրելով, համարժեք որոշում կկայացնենք»-, ասել է Թուրքիայի վարչապետը:
Մայիսի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում խոսել էր հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը` «առանց նախապայմանների»։
«Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև երկու երկրների հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման լինել երրորդ երկրի հետ հարաբերությունը»,- ասել է նա։