Россельхознадзор-ը հաղորդագրություն է տարածել, որով հնարավոր է համարել լոլիկի և վարունգի արտահանման ժամանակավոր սահմանափակումները Հայաստանից Ռուսաստան:

Ըստ պաշտոնական վարկածի` Ռուսաստանի վերահսկողական այս ծառայությունը մայիսի 3-9-ը ստուգումներ է իրականացրել Վերին Լարսի անցակետում և Հայաստանից եկած լոլիկի և վարունգի խմբաքանակներում հայտնաբերել է միջատների վնասատուներ:

Ավելորդ է նույնիսկ ասել, որ Ռուսաստանի պատկան մարմինների այս որոշումը մեծ հարված է Հայաստանի գյուղատնտեսությանն, որի արտահանման միակ շուկան, թերևս, Ռուսաստանն է: Սակայն խնդիրն, անշուշտ, տնտեսականից զատ` ունի հստակ քաղաքական բաղադրիչ:

Россельхознадзор-ը վաղուց դադարել է լինել միայն գյուղատնտեսական ոլորտի վերահսկողական կազմակերպություն և վաղուց դարձել է Կրեմլի պատժիչ կառույցներից մեկը, երբ Ռուսաստանը խնդիր է ունեցել այս կամ այն հետխորհրդային երկրի հետ: Առհասարակ` այսպես կոչված, առևտրային պատերազմները Մոսկվայի կայսերական քաղաքականության կարևոր զենքն են և պարբերաբար օգտագործվել են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հանդեպ, երբ վերջիններս փորձել են դուրս գալ ռուսական վերահսկողությունից: Տակավին վերջերս նման «պատժամիջոց» կիրառվեց բելառուսական կաթնամթերքի դեմ, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել էր հերթական անգամ «հաշիվներ պարզել» Վլադիմիր Պուտինի հետ:

Այս համատեքստում խիստ ուշագրավ է, որ հայկական լոլիկի և վարունգի մեջ վնասատուներ «հայտնաբերվեցին» թավշյա հեղափոխությունից հետո:

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հավաստիացում է, թե հայկական հեղափոխությունը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի և Հայաստանի օրակարգում չկա ԵՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության չեղարկման հարց, Մոսկվայում Հայաստանի իշխանությանն օտարի աչքով են նայում: Ռուսաստանի իշխանական էլիտայում հրաշալի հասկանում են, որ հայկական հեղափոխության սլաքն ուղղված է քրեաօլիգարխիայի դեմ, որի դիրքերի թուլացումը Մոսկվայում համարում են մարտահրավեր իրենց աշխարհաքաղաքական շահերին:

Մյուս կողմից` մայիսի 14-ին Սոչիում նախատեսված է ԵՏՄ գագաթաժողովը և այդ շրջանակում` Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումը: Ռուսաստանի նախագահի ոճն է` նման հանդիպումներից առաջ հոգեբանական ճնշում գործադրել ապագա զրուցակցի վրա` բանակցություններում առավելագույնը կորզելու նպատակով:

Ըստ ամենայնի` Մոսկվայում խորապես գիտակցել են, թե ուր է տանելու թավշյա հեղափոխության վերջնական հաղթանակը և որոշել են լոլիկով «հարվածել» հայաստանյան գործընթացին:


Աղբյուրը՝ 1in.am

loading...