Մաշկի մուգ պիգմենտային հետքերը բավականին տարածված խնդիր են, որոնք կարող են պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Նման հետքերի առաջացմանը նպաստող գործոնների շարքին են դասվում հղիությունը, արևի ճառագայթների վնասակար ազդեցությունը, ծերացումը, ինչպես նաև գենետիկ նախատրամադրվածությունը:
Այս հետքերը ժամանակի ընթացքում ավելանում են, մեծանում և դառնում շատ ավելի ակնհայտ, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանցից ի հայտ գալուն պես: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական դիմակ, որը կօգնի գունաբացել մաշկն ու ազատվել տհաճ հետքերից: Ընդ որում՝ այս դիմակը ոչ միայն արդյունավետ է ու հասանելի, այլև չի առաջացնում կողմնակի բարդություններ ու առողջական խնդիրներ:
Դիմակի համար անհրաժեշտ բաղադրիչներն ընդամենը երկուսն են և դրանք կան գրեթե յուրաքանչյուրի խոհանոցում:
Բաղադրությունը.
· 1 ճաշի գդալ օրգանական մեղր
· 2 ճաշի գդալ վարսակի փաթիլներ
Դիմակի օգտագործման եղանակը.
Այս բնական գունաբացող միջոցը պատրաստելու համար պարզապես հարկավոր է բաղադրիչները խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Մինչ դիմակն օգտագործելը մաշկը հարկավոր է լավ մաքրել, այնուհետև քսել ստացված զանգվածը մաշկին, թողնել 30 րոպե և լավ լվանալ գոլ ջրով: Առավել լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում քնելուց առաջ նաև մի փոքր սնուցող ու խոնավեցնող նրբաքսուք քսել մաշկին:
Վարսակի մեջ պարունակվում է օսլա, որն օժտված է հզոր գունաբացող հատկություններով և օգնում է ազատվել մաշկի մուգ հետքերից: Միևնույն ժամանակ այս դիմակն օգնում է սնուցել ու խանվեցնել մաշկը և հագեցնում է այն բազմաթիվ օգտակար տարրերով:
Ինչպես կանխարգելել մուգ հետքերի առաջացումը
Մաշկը շատ զգայուն օրգան է, որը հաճախ է վնասվում և ենթարկվում արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությանը, ուստի հարկավոր է շատ ավելի ուշադիր լինել ու ճիշտ խնամել այն: Հարկ է հիշել, որ պիգմենտային հետքերի առաջացմանը նպաստող հիմնական գործոններից մեկն արևի ճառագայթների բացասական ազդեցությունն է, ուստի նման խնդրից խուսափելու համար հարկավոր է միշտ արևապաշտպան քսուք օգտագործել: Բացի այդ, անհրաժեշտ է հետևել նաև սննդակարգին, քանի որ այն նույնպես շատ մեծ նշանակություն ունի: Ընդ որում՝ մուգ հետքերից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ոչ միայն հարստացնել սննդակարգը մեծ քանակությամբ մրգերով ու բանջարեղենով, այլև օրական 6-8 բաժակ ջուր խմել:
Աղբյուրը՝ tert.am