ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը վստահ է, որ իրենց խմբակցությունում պառակտման հիմքեր չկան, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին ՀՀԿ-ականների 13 քվեն քաղաքական որոշման արդյունքում է եղել:

NEWS.am-ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հավաստիացրեց, թե վարչապետի ընտրության նիստից իր բացակայությունը հիվանդության պատճառով է եղել, հակառակ դեպքում ինքն էլ քվեարկելու էր այնպես, ինչպես որոշեր կուսակցությունը:

«Կուսակցության որոշումները ընդունվում են քաղաքական հիմքի վրա եւ պարտադիր են բոլորի համար: Ես 20 տարվա կուսակցական եմ եւ չի եղել այնպիսի դեպք, որ ես քաղաքական որոշումը կատարած չլինեմ կամ կուսակցական պարտականությունը խախտած լինեմ: Ես ներկա չեմ եղել բացառապես հիվանդության պատճառով: Բնական է, որ ներկա լինելու դեպքում միանշանակ կատարելու էի իմ կուսակցության քաղաքական որոշումը»,-հայտարարեց Նաղդալյանը:

Ըստ նրա՝ այդ որոշումը չի կարող իր ազդեցությունն ունենալ նաեւ ՀՀԿ-ի հետագա գործունեության վրա, այսինքն՝ Փաշինյանի օգտին քվեարկած ՀՀԿ-ականները շարունակելու են աշխատել խմբակցության որոշումների տրամաբանությամբ:

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ նրանք շրջվեն գործող իշխանության կողմը եւ այսուհետ քվեարկեն իրենց շահերին համահունչ, ոչ թե կուսակցության տրամաբանության, հատկապես, որ քվեարկողները ազգային փոքրամասնության եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներն են, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. ՙ«Այս պահին նման պառակտման համար հիմքեր չկան եւ չեմ կարծում, որ ապագայում նման հիմքեր լինեն»:

Նշենք, որ նախօրեին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը լրագրողների հետ զրույցում խոստովանել էր, որ Նիկոլ Փաշինյանի քվեարկության ժամանակ ՀՀԿ խմբակցությունում ընդհանուր դիրքորոշումից եղել է շեղում, որի առիթով կլինեն լուծումներ, այդ թվում քաղաքական:


Աղբյուրը՝ news.am

loading...