asekose.am -ը գրում է՝

«Շարժման ժամանակ պնդում էի, որ ԱԺ-ում գտնվող բոլոր կուսակցությունները ընդհանուր համաձայնագիր ստորագրեն: Ցավոք, դա տեղի չունեցավ, քանի որ Սերժ Սարգսյանն անակնկալ հրաժարական տվեց: Դա կոպիտ սխալ էր: ՀՀԿ ամբողջ թիմն անակնկալի էր եկել, որևէ մեկը նույնիսկ կես ժամ առաջ այդ հրաժարականի մասին չէր իմացել: Եթե պետք է հրաժարական տար, ապա ավելի լավ էր դա անել բանակցությունների ընթացքում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

Ինչ վերաբերում է որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, Իսագուլյանը նկատեց.

«Շատերն են ուրախանում այն ամենով, ինչ հիմա տեղի է ունենում: Փաշինյանը որպես վարչապետ իր խոսքի տերն է, ամեն ինչ ուղիղ եթերով ցույց է տալիս, երբեմն անվտանգության առումով գուցե ոչ թույլատրելի, բայց, եթե մարդը որդեգրել է գործունեության այդ ձևը, իր գործն է, սակայն սրա վերջն էլ կգա: Մեկ ամիս հետո ժողովուրդը ցանկանալու է տեսնել այն, ինչ ինքը ստացավ հեղափոխությունից հետո: Երկու ամիս հետո ավելի լուրջ հարցեր են բարձրացնելու: Պետք է 100 օր զերծ մնանք քննադատությունից ու օգնենք կառավարությանը: Մեզ համար անչափ կարևոր է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չձախողի, հակառակ դեպքում ՀՀ-ում քաոս կառաջանա, կազդի Արցախի Հանրապետության վրա»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այցին, Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդականը նշեց.

«Առաջին այցը, որ կատարեց Արցախ՝ շատ կարևոր էր: Նիկոլ Փաշինյանը ՀՀ, Բակո Սահակյանը Արցախի դրոշներով էին: Այն, ինչ ասել է պարոն Փաշինյանը՝ 100 տոկոսով իրականություն է, որովհետև առանց Արցախի մասնակցության Արցախի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել»:

Աղբյուրը՝ asekose.am

loading...