Այն, ինչ կատարվում էր Սոչիի օդանավակայանում` դժվար է բառերով նկարագրելը: Հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցներ հավաքվել էին Սոչիի օդանավակայանում` դիմավորելու համար Հայաստանի վարչապետին, թավշյա հեղափոխության առաջնորդին, որը դարձել է ժողովրդավարության և նոր Հայաստանի ներդաշնակության խորհրդանիշը:
Երրորդ հանրապետության պատմության մեջ նման նախադեպ պարզապես չի եղել, որովհետև երբևէ իշխանությունը չի ունեցել լեգիտիմության նման պաշար, նման օրգանական կապ հասարակության, նրա տարբեր խմբերի հետ:
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը օտար ոստիկանությունների կազմած պատնեշներով էին պաշտպանվում իրենց այցերի առթիվ բողոքի ցույցի դուրս եկած մեր հայրենակիցներից: Նիկոլ Փաշինյանի պարագայում հազարավոր մարդիկ շտապում էին դեպի օդանավակայանի մուտքը` Հայաստանի վարչապետի հետ առաջինը բարևելու, լուսանկարվելու համար:
ԵՏՄ գագաթաժողովը մեկնարկելու է վաղն առավոտյան, սակայն անկախ դրա ֆորմալ կողմից` Փաշինյանը արդեն դարձավ բարձր մակարդակի այս միջոցառման անվիճարկելի հերոսը` ստվերելով անգամ Վլադիմիր Պուտինին:
Ահա, թե ինչ հսկայական, անչափելի, մոգական ուժ ունի լեգիտիմ իշխանությունը, որը հենվում է ոչ թե օտար «դաբրոների», ոստիկանական բիրտ ուժի կամ օլիգարխիայի փողերի, այլ հասարակության, առանց չափազանցության` համազգային վստահության վրա:
Թավշյա հեղափոխությունը վերացրեց բարիկադները Հայաստանում, բայց նաև` հայրենիք – Սփյուռք հարաբերություններում:
Իր իշխանության մայրամուտին Սերժ Սարգսյանը հանդես եկավ 2040թ-ին չորս միլիոնանոց Հայաստան ունենալու ռազմավարական ծրագրով: Սարգսյանը որևէ կերպ չկարողացավ մարդկանց համոզել, որ իր ծրագիրը կապ ունի իրականության, համարժեքության հետ: Փոխարենը` թավշյա հեղափոխությունը միանգամայն իրական է դարձրել չորս միլիոնանոց Հայաստանի հեռանկարը` դառնալով հզոր ազդակ հայրենադարձության, օտարերկրյա ներդրումների համար:
Սա Հայաստանի աստեղնային ժամն է` Սոչիի օդանավակայանում հավաքված հազարավոր մարդկանց առաջ ունեցած ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նման մեծ` աննախադեպ վստահությունը ոգևորիչ է, պարտավորեցնող, ինչ-որ տեղ` վախեցնող:
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը սայթաքելու, նույնիսկ աննշան սխալի իրավունք չունեն…
Աղբյուրը՝ 168.am