Նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը շեշտել է՝ իրենք կառավարության կցորդը չեն լինելու ու չեն պատկերացնում, թե ինչպես է վարչապետը ժողովրդին փողոց հանելու՝ «քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար»։

Շարմազանովի վերջին միտքը թերևս դասագրքային ճշմարտություն է, որովհետև աշխարհում իսկապես եզակի են դեպքերը, երբ գործադիր իշխանությունը հանրահավաքների միջոցով փորձում է ազդել ընդդիմության վարքագծի հետ: Մյուս կողմից` այսօրվա Հայաստանում գործ ունենք ոչ թե դասական ընդդիմության, այլ` ՀՀԿ ցուցանակի տակ պատսպարված հակահեղափոխության հետ, որը հարմար առիթի է սպասում` ռևանշի հասնելու համար:

Ինչքան էլ Շարմազանովը կամ մյուս հանրապետականները խոսեն որակապես նոր ընդդիմություն ձևավորելու իրենց հաստատակամության մասին, առավել քան ակնհայտ է, որ այդ թեզը հակադրվում է ՀՀԿ խմբակցության միասնականությունը պահպանելու ջանքերի հետ: ՀՀԿ-ն իրապես կարող է դառնալ քաղաքական նախագիծ և ինստիտուցիոնալ ընդդիմություն, եթե ձերբազատվի օլիգարխիկ բալաստից: Բայց այս պարագայում` երբեմնի կառավարող կուսակցությունը հենց այս խորհրդարանում ժամերի ընթացքում կզրկվի մեծամասնությունից` վերջնականապես հրաժարվելով նաև հակահեղափոխության ռևանշի նկրտումներից:

Բնականաբար, ՀՀԿ-ն գնում է տրամագծորեն հակառակ ճանապարհով` փորձելով պահպանել իր միասնականությունն` առնվազն վերնախավի և օլիգարխիայի մակարդակում: Խորհրդարանական այսօրվա մեծամասնությանն անհնար է կոնսոլիդացնել ռացիոնալ օրակարգի, քաղաքականության շուրջ` առհասարակ: Երեկ նրանց միավորում էր իշխանություն ունենալու հանգամանքն, այսօր` ռևանշի հասնելու հույսը:

Երիտասարդ, անփորձ կադրերով կառավարության ձևավորումը Հանրապետական վերնախավի մոտ դրա ձախողման հույսեր է ծնել` հատկապես, որ արտահերթ ընտրությունների թեման թաղվել է մշուշի մեջ, ինչը մեծացնում է հակահեղափոխության ռևանշի հնարավորությունը:

Հենց այս գործոններն են կոնսոլիդացված պահում ՀՀԿ-ն, ինչի վկայությունն է այս օրերի հրաժարականների առատությունը. Հանրապետականի նույնիսկ միջին օղակը հեռանում է իշխանությունից:

Առաջիկա երկու-երեք ամիսներին Նիկոլ Փաշինյանը դեռ կարողանալու է «տաք» պահել փողոցը և շատ կարևոր է, որ այս ժամանակահատվածում նրա կառավարությունը կարողանա նախաձեռնել ընտրական և հարակից օրենսդրության բարեփոխումը: Դրա համար պարտադիր չէ, որ վարչապետը ժողովրդին փողոց հանի՝ «քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար»` ինչպես պնդում է Շարմազանովը: Էականն այն է, որ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորինս երկար զգա փողոցի «շունչը»` հակահեղափոխության հնարավորությունը բացառելու համար:

Ամեն դեպքում` առաջիկա ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքը զարգանալու է հենց հեղափոխության և հակահեղափոխության պայքարի առանցքով և այսօր շատ դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները:

Արտահերթ ընտրությունները կարող էին դառնալ քաղաքական ճգնաժամի հաղթահարման ամենակարճ ու ռացիոնալ տարբերակը, սակայն դրանք այս պահին ձեռնտու չեն ոչ ոքի` սկսած ՀՀԿ-ից, վերջացրած` համաձայնության կառավարությանը մաս կազմած ԲՀԿ-ով և ՀՅԴ-ով, բացառությամբ` Նիկոլ Փաշինյանի: Վերջինս ակնհայտորեն չուզեց հեղափոխության ֆորմալ հաղթանակը ապահովել քաղաքական համակարգի լիակատար կապիտուլյացիայի համատեքստում` փորձելով քաղաքական ճգնաժամը հաղթահարել համաձայնությունների, փուլային լուծումների միջոցով: Սա` մի կողմից, խոսում է Նիկոլ Փաշինյանի ինքնավստահության մասին, մյուս կողմից` հակահեղափոխության ռիսկեր է ծնում, ինչի ինստիտուցիոնալ հնարավորությունը ստեղծում է կոնսոլիդացված ՀՀԿ-ն: Կարելի է ասել` հակահեղափոխությունը մեկնարկի վրա է և սպասում է ազդանշանի և պատեհ առիթի:

Աղբյուրը՝ 1in.am

 
 
loading...