Երեկվա օրը պայմանականորեն իրանական կարող ենք համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գերհագեցած օրակարգում: Նախ՝ Փաշինյանը հայ-իրանական հարաբերությունների թեմայով հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, ապա, մինչև Սոչի մեկնելը, հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Պատասխանելով Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա կամ Վրաստան իրանական գազի տրանսֆերի մասին «Ազատության» հարցին՝ Փաշինյանն ասել է. «Չեմ կարծում, թե պետք է մեղադրել Ռուսաստանին, որովհետև դա Հայաստան-Իրան հարաբերությունների հարց է, և ճիշտ չէ մեր հարաբերություններում որևէ դրվագի համար մեղադրել երրորդ կողմերին: Եթե մենք ունենք կամք՝ որևէ խնդիր լուծելու, մենք էդ խնդիրը կլուծենք»: 

Արտաքուստ կարող է թվալ, թե Փաշինյանը հավատարիմ է մնացել Ռուսաստանին չքննադատելու սկզբունքին, սակայն մյուս կողմից՝ Փաշինյանը կարծես թե այլ մարտավարություն է որդեգրել. նա փորձում է հրապարակայնորեն հայ-իրանական հարաբերությունները ձերբազատել ռուսական ազդեցությունից, հնարավոր խոչընդոտներից՝ մանավանդ, որ, նրա խոսքով, Իրանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություն կա ռազմատեխնիկական, էներգետիկայի, տուրիզմի ասպարեզում:

Հայաստանի վարչապետը նշում է հայ-իրանական համագործակցության զարգացման պոտենցիալ առնվազն երկու ոլորտում, որոնք գոնե մինչև այս պահը, այսպես ասած, մենաշնորհված են Ռուսաստանի կողմից: Սակայն հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցում էական է ոչ միայն ռուսական գործոնը, այլ նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած միջազգային ճգնաժամը, որը կարող է նույնիսկ նոր պատերազմ բորբոքել Մերձավոր Արևելքում: Երեկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հնարավոր է համարել եվրոպական ընկերությունների դեմ որոշ պատժամիջոցներ կիրառելը, եթե նրանք խախտեն Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից մտցված պատժամիջոցների ռեժիմը։

Բնականաբար, Հայաստանը նույնպես, գոնե տեսականորեն, ապահովագրված չէ ամերիկյան հնարավոր պատժամիջոցներից: Մյուս կողմից՝ Վաշինգտոնում միշտ ըմբռնումով են մոտեցել հայ-իրանական հարաբերություններին՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական որոշ առանձնահատկություններ:

Արդյո՞ք Փաշինյանը համարում է, թե թավշյա հեղափոխությունը թույլ է տալիս Հայաստանին հայ-իրանական հարաբերությունների զարգացման հարցում ստանալ Վաշինգտոնի քարտ-բլանշը, թե՞ վարչապետն ավելի հավակնոտ մտադրություններ ունի:

Փաշինյան-Ռոհանի հեռախոսազրույցի մասին ծանուցող պաշտոնական տեղեկատվության մեջ ուշագրավ մի դրվագ կա, հատուկ արձանագրում այն մասին, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ և այդ համատեքստում հույս են հայտնել, որ հնարավոր կլինի բանակցությունների արդյունքում հասնել ստեղծված իրավիճակի կարգավորմանը:

Տեսականորեն չի բացառվում, որ Հայաստանի նոր իշխանությունը որոշակի միջնորդական առաքելություն է փորձում իրականացնել Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերություններում: Մի բան, որին, թերևս, դեմ չեն լինի ԱՄՆ-ում և Իրանում: Կրկնում ենք՝ սա հիպոթետիկ վարկած է, որը, սակայն, իրականություն դառնալու հնարավորություն ունի՝ հաշվի առնելով Հայաստանի միջազգային հեղինակության շեշտակի աճը:


Աղբյուրը՝ 1in.am

loading...