ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը, որ հայտնի է Գազի Անդո անունով, անցած տարում 10 մլն դրամով վաճառել է «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենա:
Նրա դրամական միջոցները 2017 թվականի վերջին կազմել են 31 մլն 855 հազար դրամ, 265 հազար դոլար եւ 10.5 մլն ռուսական ռուբլի: Հարությունյանը անցած տարում որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական ընդհանուր կազմել է 1 մլն 202 հազար դրամ: Իսկ ահա պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ պատգամավորն ունի մեկ բնակարան, երկու հողամաս, մեկ ավտոտնակ, շենք-շինություններ եւ երկու հատ «Mercedes-Benz 200», «Lexuz LX 570» մակնիշի ավտոմեքենա, որից մեկը վաճառել է:
Ի դեպ, տեղեկացնենք, որ նա հայտարարագրել է նաեւ ունեցած 8 մլն դրամը գերազանցող մեկ հատ ժամացույց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորի կինը` Մերինե Ղեւոնդյանը, ոչինչ չի հայտարարագրել: Նշեք, որ 40-ամյա Հարությունյանը, մինչ պատգամավոր ընտրվելը, աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում եւ ԱԺ-ում համարվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դրածոն: Ինչով էլ պայմանավորված է Կոտայքի մարզում ՀՀԿ-ականների շրջանում երկրորդ տեղը զբաղեցնելու հանգամանքը: Չէ՞ որ Անդրանիկ Հարությունյանը ստացած ձայներով առաջ էր անցել այնպիսի կարկառուն ՀՀԿ-ականներից, ինչպիսիք Արամ Հարությունյանը` Բուլկի Արամը ու Վարդան Այվազյանն էին:
Աղբյուրը՝ armlur.am