«Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 13 անդամներ (17-ից), քիչ առաջ քաղաքապետ Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ գումարելու նախաձեռնություն են հանդես բերել և նիստ են հրավիրում մայիսի 16-ին՝ ժամը 10-ին: Ուշադրություն չեն դարձրել իրենց մատնանշած ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածին, որի 4-րդ կետում ասվում է, որ «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 10։00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը»։

Մայիսի 14-ից հաշված երրորդ օրը մայիսի 17-ն է ստացվում, ոչ թե 16-ը: Շատ են շտապում, կամ ստորագրողներից ոչ մեկը ժամացույց չի ունեցել: Դրանից բացի՝ հաշվի չեն առել, որ նույն 68-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ևս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու»։

Այսինքն՝ օրենքով մինչև մայիսի 17-ը՝ ժամը 10:00-ին, ավագանու առնվազն 11 այլ անդամներ նույնպես կարող են թեկնածու առաջադրել քաղաքապետի պաշտոնի համար: Ու հանրապետական իմաստունները նիստը նշանակում են մայիսի 16-ին՝ 24 ժամ հետո, զրկելով ավագանու մյուս անդամներին 36 ժամում այլ թեկնածու առաջադրելու հնարավորությունից, մարդ է՝ ու ուզում են թեկնածու առաջադրել 30-րդ ժամում: Գուցե սխալվել են, կուղղեն իրենց սխալը: Կյանքներս գնաց վրեքն օրենք կարդալով: Բայց սա մանրուք է: Ավելի կարևոր հարց կա:

Տեսնես՝ ինչ է պատահել, որ «Բալասանյան» դաշինքով Բալասանյանի գլխավորությամբ իշխանության եկած, նրա բոլոր նախաձեռնությունները պաշտպանած ու ավագանու ընդդիմության բոլոր նախաձեռնությունները տապալած ավագանու այս անդամները որոշել են անվստահություն հայտնել Բալասանյանին, տեսնեն ինչից են դժգոհ, ինչ չեն կիսել, չեն ասում, չեն խոսում, չեն քննադատում, հեղափոխության օրերին աչքի չեն ընկել հեղափոխականությամբ: Բան էլ չի եղել: Ակնհայտորեն, սա ներքին հեղաշրջում չէ, բոլորը Բալասանյանի քաղաքական և անձնական մերձավորներն են, այդ թվում՝ քաղաքապետի իրենց առաջ քաշած թեկնածուն՝ Տիգրան Հովհաննիսյանը, որը որևէ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվությամբ կամ նախաձեռնողականությամբ աչքի չի ընկել: Գուգլում որոնեցի՝ որևէ հրապարակային խոսք չգտա: Ամենայն հավանականությամբ (91%), կամենում են տապալել անվստահությւն հայտնելու իրենց իսկ նախաձեռնած ակցիան, դրանով վստահություն հայտնելով Բալասանյանին:

Երկրորդ քիչ հավանական սցենարը (8%), իսկապես Բալասանյանին չարչարանքներից ազատելն է, ու քաղաքապետի պաշտոնը իրենց կուռ՝ 17 հոգանոց ավագանիով քաղաքական ասպարեզում անհայտ իմ գործընկերոջը հանձնելն է, որին, ըստ օրենքի՝ մեկ տարի անվստահություն հայտնելու իրավունք չի ունենա ավագանին: (ՏԻՄ օր. 68-8 «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ ներկայացնելու նախաձեռնություն կարող է ցուցաբերվել համայնքի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց և անվստահության հարցը քննարկելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո):

Ակնհայտ է, որ շատ են խառնվել իրար: Անկախ ամեն ինչից, վերոհիշյալ հիմքով՝ մայիսի 16-ի բալասանյանական=հակաբալասանյանականների հրավիրած նիստը ժամկետի առումով ապօրինի է, ճիշտ կանեն, որ նիստը օրենքին համապատասխան կերպով հրավիրեն: Այլապես կորդեբալետ է ստացվելու, ուզում են կորդեբալետ, կստանան կորդեբալետ, վաղուց ելույթ չեմ ունեցել: Հիշեցնեմ, որ 2016-ին Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ Սերժիկի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերով Ընտրական օրենսգրքի կամայական մեկնաբանության արդյունքում Գյումրու ավագանու երկու խմբակցություններից երկու մանդատ խլվեցին և ապօրինաբար շնորհվեցին «Բալասանյան» դաշինքին, որպեսզի 33 հոգանոց ավագանու կազմում հանրապետականներն ունենան 17 տեղ, լինեն բացարձակ մեծամասնություն և ինչ ուզեն անեն՝ ապօրինի որոշումներն ու քաղաքի շահերին դեմ որոշումների կայացումը ներառյալ»:


Աղբյուրը՝ 168.am

loading...