Հայաստանի նոր կառավարության աշխատանքը պետք է գնահատել հարյուր օր անց: Մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով՝ կարևոր չէ՝ նոր կառավարության անդամները երիտասարդ են, թե ոչ այնքան, հարցն այն է՝ կառավարությունն իր առջև դրված խնդիրները կիրականացնի՞, թե՞ ոչ: Բադալյանը նշեց՝ խնդիրների իրականացման դրական արձագանքներ արդեն գալիս են, օրինակ՝ մաքսայինից:

«Սա ժամանակավոր կառավարություն է, անկախ նրանից՝ քանի ամիս կաշխատի: Այն մենաշնորհների վերացման, դատաիրավական համակարգի փոփոխության, որակի հարց պետք է լուծի, դեռ կան գլխավոր դատախազ, ՀՔԾ և Քննչական կոմիտեի ղեկավարներ, որոնք հին իշխանության ներկայացուցիչներն են: Հայաստանը դուրս է գալիս վասալային այդ գործընթացից, դրական է, որ որոշ նախարարներ չհայտնվեցին նոր կառավարությունում՝ Արտաքին գործերի, Սփյուռքի, Պաշտպանության և արդարադատության նախարարները, նրանք նախկին իշխանության խորհրդանիշներն էին, դա դրական էր, իսկ ամբողջովին աշխատանքը դրական կլինի, թե ոչ, կերևա»,- ասաց նա:

Բադալյանը նշեց՝ անընդհատ բարձրաձայնվում է, որ արտաքին քաղաքականությունը չի փոխվել, ինչու՞ էր վարչապետն անընդհատ դա նշում, քանի որ Ռուսաստանը ցանկացած փոփոխության հավանականություն հիվանդագին է ընդունում, ու չնայած պաշտոնական տեսակետից զուսպ է, սակայն փորձագիտական, շատ դեպքերում՝ հայազգի փորձագետների շուրթերով հնչում են ագրեսիվ հայտարարություններ: Բանախոսը նշեց՝ հենց դա էր պատճառը, որ վարչապետը ստիպված էր անընդհատ դա բարձրաձայնել:

Արցախի հարցին անդրադառնալով՝ Բադալյանը նշեց, որ Արցախի հարցը մինչև իննսունականները ինքնորոշման հարց էր, երկրորդ նախագահը գտավ, որ ինքը շատ լավ տիրապետում է խնդրին, Արցախին դուրս մղեց գործընթացից, և այն վերածվեց բանակցային վեճի, փոխվեց բանակցային գործընթացը: Այժմ, ըստ բանախոսի, վարչապետը փորձում է վերադառնալ իննսունականներին, նշում, որ սա ինքնորոշման հարց է, այն պետք է առաջ քաշի և բանակցությունների կողմ հանդիսանա ԼՂ ղեկավարությունը՝ հանձին Բակո Սահակյանի, իսկ Հայաստանը, բնական է, կարող է մասնակցել, երբ, օրինակ, Նոյեմբերյանում կամ Տավուշում սահմանային հարցեր լինեն:

Քաղտեխնոլոգը խոսեց վարչապետի բարձրաձայնած թափանցիկ աշխատանքի մասին և մասնավորապես՝ ուղիղ եթերների, նշեց, որ դա, իհարկե, թափանցիկության մի քիչ հասարակ ձևն է, պարզ, կինոյի ձևը, բայց իրականում Կառավարության թափանցիկությունը մաքսայինում, հարկայինում, դատաիրավական համակարգերում է, կառավարությունը նոր է ձևավորվում, և որոշակի գործողությունների դեպքում դեռ կերևա աշխատանքում թափանցիկությունը:
Եթե հուլիսին տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ապա ըստ Բադալյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող է մեծամասնություն ստանալ՝ հենվելով հեղափոխական այս պաթոսի վրա, բայց մյուսները կարող են տուժել:

Ժամանակի ընթացքում, ըստ նրա, հեղափոխական պաթոսը կպակասի, բայց եթե այս ընթացքում կառավարությունը կարողանա իրականացնել որոշակի բարեփոխումներ, նա նույնպես մեծամասնություն կստանա:

Բադալյանը նշեց՝ քաղաքական բոլոր ուժերը պետք է պատրաստ լինեն ընտրությունների: Արտահերթ ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն կհավաքի անհրաժեշտ ձայները, գրագետ քարոզարշավի դեպքում խորհրդարան կանցնեն ՀՅԴ-ն, Ժառանգությունը՝ բավական ազդեցիկ խմբով, հավանական է, որ անցնի նաև ՀԱԿ-ը, նաև հավանական է, որ կստեղծվի մի նոր ուժ, որը կներկայացնի Հայաստանում ռուսական կողմնորոշման ընտրողներին, որովհետև իրենք իրենց ներկայացուցչությունը չունեն: Քաղտեխնոլոգը նաև նշեց՝ մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն չի անցնի:

 

Աղբյուրը՝ panorama.am

loading...