ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել ՀՅԴ տարբեր կառույցներում և վերնախավում սկիզբ առած խմորումների վերաբերյալ: Արևելյան և Արևմտյան Ամերիկաների, Իրանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեները պահանջում են կուսակցության արտահերթ ընդհանուր ժողով՝ քննարկելու կուսակցության քաղաքական կուրսին առնչվող հարցեր:

ՀՅԴ ներսում առկա խորքային տարաձայնությունների առաջին հրապարակային դրսևորումը եղավ մայիսի 1-ին, երբ կուսակցության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Աղվան Վարդանյանը, հակադրվեց կուսակցության որոշմանը և չքվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին, ինչի հետևանքով զրկվեց պատգամավորական մանդատից: ՀՅԴ-ն խիստ պատժեց Վարդանյանին՝ հասարակությանը ցույց տալով իր միասնականությունը և հավատարմությունը համաժողովրդական շարժմանը: Սակայն այդ իրադարձությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ, համոզված ենք, կուսակցությունից հեռացվում էին պակաս հայտնի մարդիկ, ովքեր հանդգնում էին խոսել Սերժ Սարգսյանի կաբինետում ՀՅԴ մասնակցության դեմ:
ՀՅԴ-ն ստեղծված իրավիճակում չի կարող ունենալ քաղաքական միասնականություն, որովհետև 2003-ից սկսած՝ որոշակի ընդմիջումներով, ՀՅԴ միակ կրեդոն եղել է իշխանությանը մաս կազմելը: Արդյունքում դաշնակցական էլիտայի մի մասը դարձել է Ռոբերտ Քոչարյանի կոռումպացված համակարգի կցորդը, մյուսներն ինտեգրվել են Սերժ Սարգսյանի քրեաօլիգարխիկ համակարգին, հիմա ՀՅԴ-ն փորձում է ադապտացվել համաժողովրդական շարժմանը՝ դառնալով Նիկոլ Փաշինյանի համաձայնության կառավարության մաս՝ կուսակցություն բերելով տարբեր, իրարամերժ շահեր:
Քաղաքական վիճակը փոխվում է արմատապես, սակայն ՀՅԴ-ն կառչած է մնում իշխանությանը՝ հավատարմության երդում տալով մի դեպքում՝ օլիգարխիային, մյուս դեպքում՝ թավշյա հեղափոխությանը: Տարբեր իշխանությունների կցորդը լինելու հանգամանքը ՀՅԴ էլիտայի տարբեր ներկայացուցիչների, նաև ֆինանսական թելերով, կապել է տնտեսական, օլիգարխիկ տարբեր խմբերի հետ՝ կուսակցությունը դարձնելով նրանց բախումների թատերաբեմ:
Այս իրավիճակում խիստ բնական է, որ մի կողմից՝ ավանդական կուսակցության, այսպես կոչված, գաղափարաքաղաքակսն սեգմենտը հակադրվում է իշխանության համը տեսած կուսակցական էլիտային, մյուս կողմից՝ շահերի բախումներ են տեղի ունենում օլիգարխիկ տարբեր սեգմենտների հետ կապված կուսակցականների միջև:
ՀՅԴ «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Աբո Պողիկյանը արտաքսվել է Դաշնակցության շարքերից։ Վերջին 20 տարիներին Պողիկյանը բազմիցս քննադատել է ՀՅԴ հայաստանյան կառույցի իշխանամետ գործունեությունը՝ Դաշնակցության վարկանիշի անկումը կուսակցության որդեգրած սխալ ռազմավարության արդյունքը համարելով։
Ինչպես տեսնում ենք, «ֆիլտրումները» հասել են Դաշնակցության վերնախավ. համենայնդեպս, վերջին կես ամսվա մեջ կուսակցությունից հեռացվում են հայտնի անուններ, որոնց ողջ քաղաքական գործունեությունը կապված է եղել ՀՅԴ-ի հետ:
Թավշյա հեղափոխությունն ավելի է խորացրել ՀՅԴ ինստիտուցիոնալ և գաղափարական ճգնաժամը, ինչի հետևանքով ավանդական կուսակցությունը կարող է հայտնվել քաղաքական լուսանցքում՝ ավանդական մյուս կուսակցությունների կողքին: ՀՅԴ-ն հիմա ֆորմալ առումով իշխանության մաս է, սակայն իներցիայի ու թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի բարեհաճության շնորհիվ: Հայաստանում ՀՅԴ-ն կորցրել է գործունեության քաղաքական տարածությունը, մյուս կողմից՝ չկա այն համակարգը, որը ավանդական կուսակցության համար ապահովի խորհրդարանական անցողիկության շեմը:
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ բազարներում ՀՅԴ-ն խաղարկում էր Սփյուռքի գործոնը, իր համազգային կառույց լինելու հանգամանքը: Թավշյա հեղափոխությունը սրբեց-տարավ նաև այդ հաղթաթուղթը, որովհետև ժողովրդավարության գաղափարը, Երևանի Հանրապետության հրապարակը կոնսոլիդացիայի ազդակ դարձան ոչ միայն Հայաստանի հասարակության, այլ նաև ողջ հայության համար: Կարճ ասած՝ Սփյուռքում ՀՅԴ-ի կարիքը Փաշինյանը բացարձակապես չունի:
Գլոբալ իմաստով թավշյա հեղափոխությունը Հայաստանին վերադարձրեց իրական քաղաքականությունը, որտեղ տեղ չկա «զենքի վրա երդվող» ընկերների ու բուրջհամուտյան մենթալիտետի համար:

Աղբյուրը՝ 1in.am

loading...