Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում բացարձակ առաջնահերթություն է Հայաստանում աղքատության հաղթահարումը, որը ոչ այնքան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լուծման, որքան տնտեսական ընդհանուր զարգացման և կառավարման արդյունավետության խնդիրն է:

«Ես առանձնահատուկ ուշադրություն եմ ուզում դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը,  մանկատների գործունեությանը և այնտեղից դուրս եկած անձանց իրավունքների հետագա պաշտպանությանը: Կարևորագույն շեշտադրումներից մեկն եմ համարում պատշաճ կրթություն ստանալու հնարավորությունը, որը նրանց կյանքի հետագա կազմակերպման կարևորագույն նախապայմանն է լինելու »,- ընդգծել է պարոն Փաշինյանը:

Այնուհետև Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կատարած աշխատանքի համար և նշել. «Այն համագործակցության ու համերաշխության մթնոլորտը, որ մենք հաստատել ենք Հայաստանի Հանրապետությունում համոզված եմ, որ պետք է իր արտահայտումն ունենա նաև պետական կառավարման մարմիններում: Մարդիկ իրենց աշխատանքով պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը, ՀՀ քաղաքացուն և հայ ժողովրդին»:

Արտեմ Ասատրյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և հայտնել իր պատրաստակամությունը օգնելու յուրաքանչյուր հարցում և իր փորձն ու գիտելիքները ի նպաստ բերելու սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ու ամրապնդմանը:

Նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել պարոն վարչապետին դժվարագույն ոլորտի վստահության համար և նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ կարգավիճակից ու սոցիալական դիրքից: Եվ յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա աշխատանքից է կախված լինելու նրանց խնդիրների արագ լուծումը: «Իմ նոր գործընկերների հետ երկօրյա շփումներից ու աշխատանքային քննարկումներից կարող եմ փաստել, որ մենք արդեն ֆիքսել ենք առաջնահերթությունները և համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ ժամկետներում գտնելու ենք վերհանված խնդիրների լուծումները »,- ասել է Մանե Թանդիլյանը:


Աղբյուրը՝ 1in.am

loading...