ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Իր շնորհավորական ուղերձում Թրամփը մասնավորապես նշում է. «Անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում՝ առևտրի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում: Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան»։ Սպիտակ տան ղեկավարն իր լավագույն մաղթանքներն է հղել Փաշինյանին և հայ ժողովրդին։
Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը շնորհակալություն է հայտնում նախագահ Թրամփին շնորհավորանք հղելու համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեջբերելով Թրամփի շնորհավորական ուղերձի այն հատվածը, որտեղ Սպիտակ տան ղեկավարը կարևորում է համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, Արփի Վարդանյանը նշեց՝ յուրաքանչյուրս պետք է անենք հնարավորը, որպեսզի այդ տողերը թղթի վրա չմնան. «Շատ ուրախ եմ, որ ԱՄՆ նախագահ Թրամփը շնորհավորել է՝ դա շատ կարևոր է։ Ընդհանրապես պետք է ֆիքսենք, որ սա նախագահ Թրամփի պաշտոնավարման օրոք Հայաստանի ղեկավարին ուղղված առաջին շնորհավորանքն է, իսկ շնորհավորական տեքստը բավականին ոգևորող է։ Ես անհամբեր սպասում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները էլ ավելի սերտանան»։
Արփի Վարդանյանն ընդգծում է՝ Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության պատմությունը չի սկսվել 1991 թվականից, երբ Հայաստանն անկախացավ ԽՍՀՄ կազմից՝ 100 տարվա պատմություն ունենք: «Հետո ինչ-ինչ պատճառներով կտրվեց այդ համագործակցությունը, 1991 թվականից նորից սկսվեց, բայց ես հիմա հուսով եմ, որ մեր հարաբերությունները կսերտանան, շատ ոլորտներ կան, որոնք լուրջ զարգացման ու խորացման պոտենցիալ ունեն։ Հայ ժողովուրդը տեսել է, թե 1988 թվականից ի վեր ԱՄՆ-ը որքան է ձգտել մեզ հետ համագործակցել, նպաստել, որ Հայաստանում զարգանա ժողովրդավարությունը։ Այդ հարաբերությունները չպետք է մնան նույն տեղում, դրանք զարգացման լուրջ պոտենցիալ ունեն։ Ես շնորհակալ եմ, որ նախագահ Թրամփը հենց այսպիսի շնորհավորանք է հղել, մենք պետք է պահանջենք ու մեր հասանելիքն անենք, որ այդ նամակի բովանդակությունն իրականացվի և չմնա թղթի վրա»,- եզրափակեց Արփի Վարդանյանը։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Թրամփի շնորհավորանքն անխուսափելի էր։ Ըստ նրա՝ չէր կարող լինել այնպիսի իրավիճակ, որ Թրամփը Նիկոլ Փաշինյանին չշնորհավորեր. դրա համար կան մի քանի նախապայամաններ. «Առաջինը՝ պետք է նկատի ունենանք, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում վարչապետ է ընտրվել. սա ամերիկյան կարևորագույն արժեքների տրամաբանության շրջանակներում է։ Եվ երկրորդ՝ Թրամփն օրեր առաջ շնորհավորել էր նաև Ադրբեջանին, նա չէր կարող շնորհավորել Ալիևին և չշնորհավորել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ, որովհետև որպես Մինսկի խմբի համանախագահ՝ պարտավոր էր պահել բալանսավորված մոտեցումը»։
Մեր զրուցակիցը հավելում է. «Օրեր առաջ Պետդեպը խոսնակի միջոցով առանձին շնորհավորական ուղերձ էր հղել Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ։ Այս ամենի բացառիկությունն այն է, որ վերջին տարիներին Միացյալ Նահանգներն առանձնապես ակտիվ չէր Հայաստանի նախագահների ընտրություններից հետո այսպիսի ձևակերպումներով շնորհավորանք հղելու հարցում։ Չեմ ասում՝ չէին շնորհավորում, բայց ձևակերպումները մի փոքր այլ էին»։
Սուրեն Սարգսյանը հիշեցնում է՝ 1996 թվականին Միացյալ Նահանգները չշնորհավորեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին վերընտրվելու կապակցությամբ. «Ըստ էության՝ այդ պրակտիկան ժամանակ առ ժամանակ շարունակվում էր։ Չնայած Քոչարյանին և Սերժ Սարգսյանին շնորհավորել են, բայց ձևակերպումները մի փոքր այլ են եղել։ Հիմա Թրամփը շատ կարևոր շեշտադրումներ է անում՝ մասնավորապես երկկողմ բիզնես կապերի զարգացման, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ նախագահը կարևորում է բիզնես կապերի ամրապնդումն ու զարգացումը, ինչը պետք է լինի մեր նոր կառավարության օրակարգում»։
Միջազգայնագետը շեշտում է՝ Հայաստանը պետք է շարունակի առավել ակտիվ աշխատել Միացյալ Նահանգների հետ. «Պետք է միշտ նկատի ունենալ, որ ԱՄՆ-ում կա նոր, բավականին պրագմատիկ վարչակազմ, որը նոր կանոններ է թելադրել միջազգային հարաբերություններում, և որոնց պետք է հետևի նաև Հայաստանի արտգործնախարարությունը։ Հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է խորացվեն և ոչ ի հաշիվ այլ պետությունների հարաբերությունների»։
Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարի փոփոխության վերաբերյալ մեր հարցին, ընդգծեց՝ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է. «Կանգնած է եղել մեր արտգործնախարարության ակունքներում, եթե չեմ սխալվում՝ 1991 թվականից աշխատել է արտգործնախարարությունում և շարքային դիվանագետից բարձրացել և հասել է մինչև գլխավոր դիվանագետի։ Պրոֆեսիոնալ է, ընդունելի և ընկալելի ոչ միայն Մոսկվայում, այլև Բրյուսելում, Վաշինգտոնում, նաև ՄԱԿ-ում, որտեղ վերջին 4-5 տարիների ընթացքում բավականին պրոֆեսիոնալ աշխատել է։ Վստահ եմ, որ պրոֆեսիոնալիզմի և նախաձեռնողականության պակաս չենք ունենալու»։
Աղբյուրը՝ 1in.am