Միացյալ Թագավորության Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական կենտրոնում ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Էրդողանը նախօրեին անդրադարձել էր Հայաստանի հետ հարաբերությանը՝ ասելով, որ Թուրքիան սատարում է Կովկասում և Միջին Ասիայում խաղաղությանն ու բարօրությանը՝ քայլեր անելով այդ ուղղությամբ, և այդ պատկերից միակ դուրս մնացողը Հայաստանն է, ու իրենք սպասում են, որ Հայաստանը ողջամիտ մոտեցում ցուցաբերի:
Էրդողանի հայտարարությունը հնարավոր է դիտարկել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համատեքստում, որ նա Ստեփանակերտում ունեցած մամուլի ասուլիսում արեց հայ-թուրքական հարաբերության առնչությամբ: Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը կողմ է առանց նախապայմանների հարաբերությունը կարգավորելուն, բայց քայլը Թուրքիայինն է: Դա, իհարկե, նոր դիրքորոշում չէ, բայց իրավիճակն է անշուշտ նոր, և ըստ այդմ հետաքրքիր է դրանում Թուրքիայի արձագանքը՝ հատկապես հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման պայմաններում, որի ուղղությամբ քայլն արել էր Սերժ Սարգսյանը, երբ դեռևս իշխանության էր:
Նիկոլ Փաշինյանին մինչ այդ արձագանքել էր Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը, որի արձագանքում ուշադրության արժանի էր այն, որ Թուրքիայի վարչապետը խոսում էր իր երկրի հանդեպ Հայաստանի, այսպես ասած, պատմական հավակնությունից հրաժարվելու, սահմանները ճանաչելու անհրաժեշտության մասին, սակայն չէր հիշատակում Թուրքիայի համար ավանդական Արցախյան խնդրի նախապայմանը:
Եվ այդ տեսանկյունից իհարկե հետաքրքիր է, թե արդյո՞ք Անկարան պատրաստ է իրապես հրաժարվել արցախյան նախապայմանից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Իսկ այդտեղ, իհարկե, հիմնական կամ գլխավոր ցուցիչը Էրդողանն է: Էրդողանի հայտարարության մեջ էլ չկա արցախյան նախապայման, սակայն մյուս կողմից՝ կարծես թե այն տողատակում է, քանի որ Էրդողանը դիտարկում է հայ-թուրքական հարաբերության հարցը ռեգիոնալ համատեքստում, այսինքն՝ անուղղակի կապում է Արցախյան խնդրի հետ:
Այդուհանդերձ, դրա ուղղակի հիշատակման բացակայությունը դարձյալ հետաքրքիր է, թեև Թուրքիայի նախագահի անդրադարձում ավելի շուտ աչքի է ընկնում այն, որ Անկարայի համար հայ-թուրքական հարաբերությունը ներկայումս կարևոր խնդիրների շարքում չէ: Այդ պատճառով է, որ Էրդողանը Chatham House-ի ելույթում թեմային անդրադարձել է շատ կարճ՝ հիմնականում կենտրոնանալով Մերձավոր Արևելքի իրողությունների վրա, որոնք Անկարայի համար, իհարկե, առավել կենսական են առնվազն այս փուլում: Դա նշանակում է, որ տեսանելի ապագայում հայ-թուրքական թեմայի աշխուժացում սպասելի չէ, և հարցը հրատապ չէ նաև Թուրքիայի արտահերթ ընտրության համատեքստում, որ տեղի է ունենալու հունիսին:
Էրդողանը, ինչպես հայտնի է, 2019-ին նախատեսված հերթական ընտրությունը բերեց գրեթե մեկ տարի առաջ և նշանակեց արտահերթ ընտրություն: Համենայնդեպս, առայժմ Անկարայի պահվածքը վկայում է, որ այդ հարցում Էրդողանը չի տեսնում «հայկական հարցի» խաղարկման և դրա շնորհիվ որոշակի միավորներ հավաքելու անհրաժեշտություն՝ ըստ երևույթին լինելով համոզված, որ միևնույն է՝ դա թույլ չի տա բարելավել հարաբերությունն Արևմուտքի հետ: Կփոխվի՞ որևէ բան արտահերթ ընտրությունից հետո: Դա, իհարկե, զգալիորեն կախված է ընտրության արդյունքից, և ոչ միայն Էրդողանի հաղթանակից կամ պարտությունից, այլ նաև այն հանգամանքից, թե հաղթելու դեպքում տոկոսային ինչ հարաբերությամբ կլինի Էրդողանի այդ հաղթանակը:
Թուրքիայում Սահմանադրության փոփոխության հանրաքվեից հետո Էրդողանը ստացավ գործնականում կիսված Թուրքիա, գրեթե 50/50, հաղթելով աննշան առավելությամբ: Եթե նախագահի արտահերթ ընտրությանը նրան չհաջողվի փոխել հարաբերակցությունը և դուրս գալ այդ վիճակից, մեծ է հավանականությունը, որ նա ստիպված կլինի փնտրել արտաքին նոր ռեսուրսներ և այդժամ հայացք ուղղել Հայաստանի կողմ:
Աղբյուրը՝ 1in.am