Հանկարծ նշանակումներդ չլինեն ընդդեմ քեզ:

Ընտրվեցիր երկրի Վարչապետ, որը ժողովրդի պահանջն էր: Ինչ խոսք, որ տեսակդ ճակատագրողի է, իսկ ոգիդ էլ պարտվողական չէ: Առավել ևս այդ մասին փաստում է այն իրողությունը, որ 2016թ. ապրիլի 3-ին, երբ Երևանում էին գտնվում բազում կուրծք ծեծող մարած գեներալներ, այդ օրը քեզ հանդիպեցի Մարտակերտի վարչական շենքում, որի հարակից տարածքները ամբողջապես հրանոթային կրակի և անօդաչու սարքերի ռմբակոծման տակ էին: Այդ օրվանից քո նկատմամբ ավելի մեծ հարգանքով լցվեցի՝ որպես թե՛ գործընկերոջ և թե՛ հայրենասեր մարդու:

Որոնումների մեջ չեմ և քծնելու ոչինչ չունեմ. դա իմ տեսակից դուրս է, և դու ինձ լավ ես ճանաչում: Պարզապես, լավատեսությունից ելնելով՝ կասեի՝ մի պահ կա՛նգ առ, և ուշիուշով հետևիր քո կողմից նշանակվող և քեզ առաջարկվող կադրերին:
Շատ լավ գիտես, որ Վարչապետի պաշտոնը ճակատագրողի է և ընտրված Վարչապետը ինքնին դառնում է սեփական ժողովրդի ճակատագիրը: Ո՛չ համաձայնության իշխանություն ձևավորող քաղաքական ուժերը և ո՛չ էլ ընկերներդ ոչինչ չունեն կորցնելու, կորցնողը դու ես լինելու, քանի որ երկրի վարիչ մեքենայի ղեկը ստանձնելով, գրավ ես դրել քո երկարատև պայքարի արդյունքը և քո հանդեպ ժողովրդի սերը:
Սա երկիր է, որի համար արյուն է թափվել, և մեր բոլոր հաղթանակները հայ ժողովրդի հոգեկան բարձր կարողությամբ են պայմանավորված եղել:
Արյամբ ձեռք բերված անկախ պետականություն ունեցող երկրում բարձր պաշտոններ զբաղեցնելը ուժեղների արտոնություն է: Միայն ուժեղներին է հատուկ, որ իրենց անցած ճանապարհի ու փորձերի շնորհիվ կարող են հասնել այնպիսի բարձրության և ուժի՝ ներկայիս և ընդհանուր առմամբ երկրում առկա բոլոր ծագող խնդիրների մղումը զգալու համար:

Իշխանական դաշտ մտնող ամեն ոք պիտի հասկանա՝ ինքը անկախության և հրամայելու համար է կողմնորոշված, թե ոչ: Բարձր կարգի ղեկավարներ ծնվում են երկրին և ժողովրդին սպասվող մեծ վտանգների ժամանակ, քանի որ մարդ արժևորած տեսակը առաջանում է էականորեն բարդ պայմանների հետ երկար պայքարելով, որից նա կայուն ու պինդ է դառնում: Այդ ամենը ինքդ լավ գիտես, քանի որ քո անցած ուղին էլ այդքան հանգիստ ու հարթ չի եղել: Այսօր մեր նորանկախ Հայատանին պինդ նվիրյալներով համալրված իշխանական դաշտ է պետք, բայց ցավոք, ասես ընթացքը տխուր է: Նշանակվում են մարդիկ, որոնք ոչ միայն ազատագրական պայքարի շարունակական բովով չեն անցել, այլ նաև նրանց կյանքը հղկող ու ոգեղենացնող ձևի մեջ չի եղել: Քաջ գիտես, որ երկրի դաշտերը դեռ կարմիր են մեր եղբայրների թափված արյունով, ունենք արյամբ ընդգծված հայրենիքի սահման, ժողովրդի վրայից դեռ վառոդի հոտ է գալիս, ուստի նման երկրում, որը մերն է իշխանական բարձր ոլորտներում կատարյալ ղեկավարներ են պետք, որոնք բացի այդ ձևական իշխանությունից ու օրենքներ կիրառելուց, ժողովրդի կողմից կընկալվեն որպես նվիրյալների: Միայն նմանները, ազատագրականի ճիգն ու զոհողությունները իրենց մեջ բարձր պահելով, առավել պատասխանատու, պահանջկոտ ու անվրեպ կլինեն այն քայլերի նկատմամբ, որոնք կխաթարեն երկրի տնտեսության զարգացումն ու պետության անվտանգությունը: Պատերազմող երկիր ենք, մարզպետներն ու քաղաքապետները պիտի լինեն վերագտնված մարդիկ՝ վտանգի, հերոսականի, ճակատագրի մարդը, հատկապես սահմանամերձ մարզերում:

Հեղափոխության հաղթանակի գլխավոր պատճառը այն էր, որ նախորդ իշխանության նշանակած պաշտոնյաների մոտ 80%-ը անկախ ապրելու համար չէին կողմնորոշված, ուր մնաց, որ անկախ երկրում բարձր պաշտոններ գրավելուն:
Կա՛նգ առ…

Նշանակումներիդ մեջ եղիր զգուշավոր, քանի որ դա է լինելու իմիջդ պահպանելու կամ կորցնելու գլխավոր գրավականը, որում այնքան մտահոգ չեմ, ինչքան որ մեր արյան իմաստության արժեքի և հայրենասիրության վսեմ գաղափարի կորսվելը ամեն մի փոխվող իշխանության հետ:

Երդվալ Ազատամարտիկների Միության
հիմնադիր նախագահ,
Մարտական Խաչի Ասպետ՝ Ռուբեն Գևորգյան

Աղբյուրը՝ 168.am

loading...