hraparak.am-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ «լայվով» ու լավով արած հայտարարությունից հետո, թե մաքսային ձեւակերպումները պետք է արագացնել, եւ ով ինչ ուզում է, պիտի անարգել ներկրի, մի իսկական իրարանցում ու խառնաշփոթ է առաջացրել մաքսային համակարգում։ Մենք տեղեկացանք, որ այս օրերին մարդիկ վարչապետի «օն լայն» տված «դաբրոյով» սկսել են ճնշել մաքսավորներին, թե «Նիկոլն ասել ա՝ ինչ ուզում ենք, պիտի ներկրենք», ու պահանջում են արագ ձեւակերպել իրենց ապրանքները։
Ու սա խնդիր է հարուցել ՊԵԿ-ում։ Մաքսավորները դժգոհում են, որ մարդ կա՝ աղմկելով, մարդ կա՝ տեսախցիկով սպառնալով, գալիս ու պարտադրում է իր քմահաճույքները։ Օրինակ՝ եղել է դեպք, երբ սահմանված նորմայից ավելի, առանց մաքսազերծման ապրանք են ցանկացել անցկացնել՝ դարձյալ հիշատակելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը։ Կամ, օրինակ, ակնհայտ թանկարժեք ապրանքը, որը պետք է մաքսազերծվի հսկիչ գնով եւ բարձր արժեքով, պարտադրել են մաքսազերծել իրենց գրած նկատելի ցածր ինվոյսային արժեքով՝ կրկին ապավինելով վարչապետի խոսքերին։ Ոմանց դեպքում իրավիճակն այնքան է թեժացել, որ անգամ հասել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին, որ նա լուծում տա այս կամ այն քաղաքացու հարուցած խնդրին։ Հարությունյանն էլ հրահանգել է անխոչընդոտ ներկրել, բայց՝ օրենքի սահմաններում, ոչ թե ամենաթողությամբ»։