«Քանի դեռ Ադրբեջանը մնում է իր կոշտ և անզիջում դիրքերի վրա, որևէ առաջընթաց սպասել պետք չէ։ Այն, ինչ դրված է բանակցությունների սեղանին՝ Մադրիդյան սկզբունքները (որին ես դեմ եմ), անգամ դրան համաձայն չեն։ Հիշեցնեմ, որ դա նախատեսում է 7 շրջանների հանձնում, գաղթականների վերադարձ, ապա նոր ազատ կամարտահայտում։ Եթե դրան համաձայն չեն, ապա ես որևէ առաջընթաց չեմ ակնկալում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Մոդուս վիվենդի» կոնտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը:
Ընդգծենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարությանը հանդիպել հունիսին: Այդ մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները հայտարարել են մայիսի 15-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Արա Պապյանն այնուամենայնիվ նշեց, որ լավ կլինի, որ այդ հանդիպումը կայանա։
Պապյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Փաշինյանը կկարողանա՞ բանակցել Արցախյան հիմնահարցի շուրջ։ Մեր զրուցակցին հիշեցրինք Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների ոչ վաղ անցյալում հնչեցրած այն հիմնավորումները, թե այդ հարցում Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, և ինքն է տարիներ շարունակ նստել Ալիևի հետ մի սեղանի շուրջ։ Ի պատասխան՝ Արա Պապյանն ընդգծեց. «Այն, որ Ալիևի հետ նստել է մի սեղանի շուրջ, առավելություն չէ։ Այդ նստելու հետևանքով մենք հասել էինք մի իրավիճակի, երբ Սերժ Սարգսյանը պատրաստ էր 12.000 քառակուսի կիլոմետրից 7.000-ը հանձնել։ Դա տեղի չունեցավ, որովհետև Ալիևն ավելին էր ուզում։ Այսինքն՝ ավելի լավ է՝ չնստեր մի սեղանի շուրջ»։
Պապյանը շարունակում է. «Բավական է մարդուն 1-2 օր զեկուցեն բանակցության մանրամասները։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որովհետև ընդդիմություն էր։ Բացի այդ՝ կան բուն բանակցողներ՝ և՛ նախագահականում, և՛ արտգործնախարարությունում մի ամբողջ ապարատ կա։ Ես վստահ եմ, որ Զոհրաբ Մնացականյանը արագ կմտնի հունի մեջ, կտիրապետի ու կբանակցի Հայաստանի անունից, իսկ ավելի բարձր գագաթնաժողովներում Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն։ Ասեմ ավելին՝ կառաջարկեի, որ Փաշինյանը լիազորի Արմեն Սարգսյանին, կամ նա Հայաստանի անունից բանակցություններ վարի։ Ի վերջո՝ պետության գլուխը, ըստ Սահմանադրության, երկրի նախագահն է։ Իր կարգավիճակն Ալիևի կարգավիճակից ցածր չէ»։
Աղբյուրը՝ 1in.am