«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:


-Ի՞նչ հաշվարկով միացավ ԲՀԿ-ն շարժմանը, այնուհետև կառավարության ձևավորմանը:

-Հաշվարկ բառն իրապես տեղին չէ, որովհետև մեր ժողովրդի հետ մենք առևտուր չենք անում, ժողովրդի հետ նախապայմանների ու հաշվարկի լեզվով չենք խոսում, միշտ այնտեղ ենք, որտեղ ժողովուրդն է, և այսօր էլ, գիտակցելով, որ երկիրն իսկապես ծանր վիճակում է, քանի որ Հայաստանի անկախացումից հետո բոլոր իշխանությունները խեղել են զարգացման ուղին, իսկ այն, ինչ արեց ՀՀԿ-ն 20 տարում՝ երկիրը հասցնելով ազգային անվտանգությանը վտանգող սահմանագծին, սա յուրաքանչյուր քաղաքական ուժի առջև դնում էր խնդիր՝ կրել պատասխանատվության սեփական չափը:

-Բայց 2015թ. նույն ժողովուրդը սպասում էր ձեր քայլին, որը չարեց ԲՀԿ-ն, չգիտեմ՝ ինչ դրդապատճառներով:

-Պատասխանը շատ պարզ է. իշխանությունը ուժ էր գործադրելու և պատասխանատվությունը լինելու էր ԲՀԿ-ինը: Եթե հիշում եք՝ ձերբակալվեցին Գ. Ծառուկյանի շրջապատից 600-ից ավելի գործիչներ և ձեռներեցներ, և մենք ունենիք հստակ ինֆորմացիա, որ նախապատրաստվում են լրջագույն պրովոկացիաներ… Եթե լիներ բախում, ապա ի՞նչ էր ասելու պետական քարոզչամեքենան, որն ուղղորդվում էր մեկ կենտրոնից. ասելու էր, որ Ծառուկյանն իր բիզնեսների անձեռնմխելիությունը պահելու համար գնաց բախման: Ծառուկյանը այդ ժամանակ կայացրեց գուցե ի վնաս իրեն, ի վնաս ԲՀԿ-ի որոշում, բայց ընդամենը օրերի հարց կարող էր լինել, եթե Ծառուկյանը չկայացներ որոշում հօգուտ ժողովրդի և չկանգնեցներ ընթացքը: Սա է իրականությունը, այլ ենթատեքստեր փնտրելն անիմաստ է:

-Ինչո՞ւ այս դեպքում Ձեր նկարագրած վտանգավոր սցենարը չաշխատեց:

-Որովհետև իշխանությունն այլևս սպառել էր բռնութուն գործադրելու, բանտերը լցնելու, տեռորի իր գործիքակազմի արսենալը: Իշխանությունը հասկացավ, որ ինքն անգամ չունի բռնություն կիրառելու ռեսուրս. ինչ-որ բան եթե ունի սկիզբ, ունի նաև վերջ: «Մեր դեմ խաղ չկա»-ն, անլուծելի խնդիրների բեռը, անվստահության ճգնաժամը իշխանությունների հանդեպ, այս տոտալ այլանդակությունը և այլասերվածությունը բոլոր ոլորտներում բերեցին նրան, որ իշխանությունը կորցրեց նաև միջազգային աջակցությունը տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններից: Իշխանությունը չգանց բռնության ոչ թե նրա համար, որ շատ բարի էր, որոշել էր լինել ժողովրդավար, այլ այն հստակ պատճառով, որ չի ունենալու աջակցություն որևէ աշխարհաքաղաքական կենտրոնից:

-Հարգելի Նաիրա, պարզեցի՞ք, թե հայտնի քվեարկության օրը ինչու երկատվեց ԲՀԿ-ն:

-Եթե հիշում եք՝ Գ. Ծառուկյանը խորհրդարանում պատասխանեց այդ հարցին, ես ևս մեկ անգամ կպատասխանեմ՝ Ծառուկյանը յուրաքանչյուրի քվեարկությունը թողել էր իր խղճին, ինչպես նպատակահարմար կգտնեն: Միասնական քվեարկության վերաբերյալ որոշում չի եղել: Այլ հարց է, որ ես մնում եմ այն համոզմանը, որ պետք չէր կողմ քվեարկել Սերժ Սարգսյանին:

-Երևի ծանոթ ենք նաև այսպիսի բացատրությանը՝ ԲՀԿ-ն այս հարցում իր կառուցվածքով նմա՞ն է ՀՀԿ-ին:

-Բացարձակ համաձայն չեմ:

–Դե դուք էլ ունեք բիզնեսմեններ, որոնք ունեին պաշտպանվելու մտավախություն, որտե՞ղ փնտրեին այդ «տանիքը»:

-Ես հույս ունեմ, որ այլևս մեր երկրում որևէ մեկի մոտ մարդ չեն ուղարկի կամ մեսիջներ չեն ուղղի, որ եթե քվեարկեք այսպես կամ այնպես, ապա ձեր մերձավորների բիզնեսը, ձեր երեխաները կունենան խնդիրներ: Ես այս հեղափոխության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը համարում եմ ազատությունը… Ես՝ ինքս չէի պատկերացնում այն հուսահատության չափը, որի մեջ ժողովուրդն էր: Մարդիկ կարծես թե փրկվել էին կոնցլագերից: Դա ողբերգություն է, որ մեկ իշխանավորից, մեկ կուսակցությունից ազատվելը կարող էր բերել համազգային, համահայկական խրախճանքի: ՀՀԿ-ն սրանից լրջագույն հետևություններ պիտի անի:

–ՀՀԿ-ն այդ եզրակացությունը կանի ընդդիմության դիրքերում: Դուք պատրա՞ստ եք ՀՀԿ-ին ընկալելու որպես ընդդիմություն:

-Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք ունենա խիզախություն՝ լինելու ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության մեջ:

–Օլիգարխներ չպետք է լինեն իշխանության մեջ. ինչքանո՞վ է այս հայտարարությունը ձեզ վերաբերում:

-Ո՞րն է օլիգարխը. նա ով իշխանության լծակներին տիրապետելով՝ իշխանությունն օգտագործում է սեփական բիզնես իմպերիան զարգացնելու համար, և այն անձն է, որը տնտեսության մեջ ունի մոնոպոլիաներ: Ես առանց գույները խտացնելու կարող եմ ասել, որ հայաստանյան քաղաքական իրականության մեջ Ծառուկյանն այն եզակի գործիչներից է, որն ունենալով հնարավորություն, երբևէ իր ունեցած իշխանությունը չի ծառայեցրել իր բիզնես նպատակների համար, ավելին՝ իր սոցիալական ծրագրերն իրականացրել է որպես անհատ՝ երբևէ չծառայեցնելով քաղաքականությունն իր բիզնես շահերին:

–Միքայել Մելքումյանի՝ օրերս արած հայտարարությունը Ձեզ էլ է տարակուսանքի մեջ գցե՞լ:

-Ո՛չ: Իմ գործընկեր Մելքումյանի հայտարարությունը սխալ ընկալվեց: Նախ ասեմ, որ մեր քաղաքական խորհրդի միասնական որոշումն է եղել, թե ովքեր են գնալու կառավարություն: Այո՛, որոշում է կայացվել, որ այս փուլում խորհրդարանից որևէ պատգամավոր չի գնալու կառավարություն, որովհետև վերջապես գործելու է Սահմանադրության այն դրույթը, որ խորհրդարանը վերջապես դառնալու է բանավեճերի տեղ, դառնալու է իրական իշխանություն, ինչը մինչ այս չի եղել:

-Ի՞նչ սկզբունքով է որոշում կայացվել:

-Ելնելով պրոֆեսիոնալիզմից, լուրջ, պրոֆեսիոնալ մարդիկ են, ձեզ վստահեցնում եմ, որ իրենց աշխատանքի արդյունավետությունը շատ կարճ ժամանակում կտեսնեք: Պարոն Մելքումյանը նկատի է ունեցել, որ խորհրդարանի քաղաքական թիմից որևէ մեկը չի գնացել կառավարություն՝ մեր որոշմամբ: Սա անցումային կառավարություն է, որն ունենալու է իր խնդիրները, առաջին ամենակարևոր խնդիրը համարում եմ խաղի նոր կանոնների հաստատումը և արտահերթ ընտրությունների անցկացումը:

loading...