Երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանը հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Կարմիր բլուրում» մարմնավորած Մոնիկայի կերպարով։ Մոտ կես տարի Մնջախաղի պետական թատրոնում աշխատող Լուիզան առաջին անգամ  է  հեռուստադիտողներին գլխավոր հերոսուհու կերպարով ներկայանալու հնարավորություն ստացել և փորձում է արդարացնել այն։  Tert.am Life–ը հետաքրքիր զրույց է ունեցել դերասանուհու հետ ինչպես մասնագիտական ճանապարհի, այնպես էլ հայտնիության, անձնական կյանքը փակ պահելու պատճառի մասին։

«Ես առաջին անգամ էի ներկայանում որպես գլխավոր հերոսուհի։ Որքան էլ մասնագիտական կրթություն ստանալու ընթացքում բազա կուտակես, քեզ  նաև փորձ է պետք։ Գիտելիքդ պետք է ճիշտ կիրառես»,– ասաց նա ու հավելեց, որ Ելենա Արշակյանից ճիշտ ժամանակահատվածում է ստացել նկարահանվելու առաջարկը, քանի որ արդեն ավարտական կուրսում է։

Ինչ վերաբերում է ստեղծագործական և դերասանական կազմին` Լուիզան հավատացնում է` ադապտանալու խնդիր չի ունեցել։ Ասում է` ինքն անմիջական մարդ է, միանգամից կարողանում է տիրապետել իրավիճակին ու հեշտ ադապտանալ նոր միջավայրին։ «Ստեղծագործական թիմում բոլորս շատ լավ հարաբերություններ ունենք։ Երբ դրսում նկարահանումներ ենք ունենում, բոլորը զարմանում են, թե ինչ ջերմ ենք միմյանց հետ։ Ոչ ոք չի գոռում, մունաթ չի գալիս։ Կարծում եմ` դա գալիս է և՛ մեզանից, և՛ պրոդյուսեր Ելենա Արշակյանի դրած հիմքից։ Մեզ մոտ սիրո համեմունքներ կան»,– ընդգծեց նա։

Երիտասարդ դերասանուհու խոսքով` հետևողական է իր տեսարաններին, որպեսզի կարողանա աճ գրանցել. «Ես ինքնաքննադատ եմ։ Դա ընտանիքիցս է գալիս։ Մենք միշտ մատնացույց ենք արել միմյանց սխալները, փորձել ենք ուղղորդել իրար։ Ընտանիքիս անդամները դերասաններ չեն, սակայն շատ են հետաքրքրված ոլորտով ու  միշտ անում են իրենց դիտարկումները, ուղղություն են ցույց տալիս ինձ»։


Աղբյուրը՝ 168.am

loading...