«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն այսօր նշում է ծննդյան 18-ամյակը: Արդեն չափահաս գեղեցկուհին տոնական երեկոյից ժամեր առաջ Life.panorama.am-ի հետ կիսվեց զգացողություններով և նոր տարիքից իր սպասելիքներով:
«Տարեդարձս սկսել է ջերմ շնորհավորանքներով ու անակնկալներով: Մի շատ հաճելի նվեր եմ ստացել՝ արծաթյա թևնոց, որն արդեն ձեռքիս է. Չեմ բացահայտի, թե այն ով է նվիրել, բայց պետք է նշեմ, որ սա ինձ համար չափազանց թանկ նվեր է»,- պատմեց Լիլին:
Չափահաս լինելու յուրահատկությունները Լիլին դեռ չի զգացել, այս մասին խոսելիս՝ նշեց.
«Այսուհետ իմ օրինակով կհասկանամ, թե ինչ է նշանակում չափահաս լինել, որին այդքան ձգտում են աղջիկներն ու տղաները: Իրականում, թեև ծնողներս ամեն հարցում կողքիս են եղել և փորձել են ամեն կերպ ինձ օգտակար լինել, բայց ես դեռ փոքրուց բավականին ինքնուրույն եմ եղել: Հաճախ եմ առանց ծնողների ինչ-որ վայրեր այցելել և անգամ փոքրիկ որոշումներ կայացրել: Այնպես որ, ես առանձնահատուկ կերպով չէի սպասում 18 տարեկանին, որպեսզի հնարավորություն ունենայի ինքնուրույն լինել: Իհարկե, չափահաս լինելու հետ կապված որոշ առանձնահատկություններ կան, օրինակ՝ հայրս ինձ մեքենա էր նվիրել դեռևս ամիսներ առաջ, և ես սպասում էի, թե երբ եմ դառնալու 18 տարեկան, որպեսզի կարողանամ վարորդական իրավունք ձեռք բերել, քանի որ արդեն վարել սովորել եմ»:
Լիլին խոստովանեց, որ փորձում է իրեն տրված հնարավորությունները ճիշտ գնահատել: Գեղեցկուհին նկատեց, որ «Միսս Արմենիա 2017»-ի տիտղոսին արժանանալն իր համար մեծ ձեռքբերում էր, սակայն միտված է առաջիկայում ավելիին հասնել:
«Ես իսկապես շատ երջանիկ եմ, որ «Միսս Արմենիա 2017»-ի տիտղոսակիրն եմ, այն ինձ իսկապես շատ բան տվեց, ամենակարևորը ես դարձա ճանաչված, ինչը մոդելինգի ոլորտում իսկապես կարևոր է: Հիմա ցանկություններս ավելի շատ արտերկրի հետ են կապաված: Նպատակ ունեմ աշխատել դրսի շուկայում, հուսամ՝ կկարողանամ իրագործել այդ ցանկությունս»,- նշեց նա, իսկ հարցին, թե Լիլին պատրաստվում է հեռանալ Հայաստանից, պատասխանեց.
«Մշտական բնակությամբ հաստատ չեմ հեռանա, որովհետև ես իմ Հայաստանը շատ եմ սիրում: Բայց կփորձեմ ժամանակս ու հնարավորություններս ճիշտ օգտագործել և ուժերս փորձել նաև դրսի շուկայում: Այսինքն՝ դա կլինի միայն ժամանակավոր աշխատանք, ոչ թե մշտական բնակություն դրսում»:
Գեղեցկուհուց հետաքրքրվեցինք նաև անձնական կյանքի ծրագրերից.
«Այս պահին ընտրյալ չունեմ: Իհարկե, ընդունում եմ, որ այս հարցում ծրագրեր գծելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Աստված է մեր ճակատագրի տերը, սակայն, երբ մտածում եմ ապագայիս մասին, կարծում եմ, որ ամուսնության համար լավագույն տարիքը 23-24 տարեկանն է»,- ավարտեց Լիլի Սարգսյանը:
Աղբյուրը՝ 168.am