Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հայաստանի պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, ըստ որի՝ մոտ 5 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել։

Տեսչությունը ստուգել է, թե 2017 թվականին որքանով են ճիշտ և օրինական ծախսվել պետական բյուջեից, հանրապետական հատուկ ֆոնդերից ու պետական այլ աղբյուրներից հատկացվող գումարները։ Իրականացված ստուգումներում ընդգրկվել են նաև պետական և 50%-ից ավելի պետական մասնակցությամբ ընկերություններն ու այլ սուբյեկտներ, որոնց գումար է հատկացվել պետական միջոցներից։

Ըստ ներկայացված հաշվետվության՝ 2017 թվականի ընթացքում ավարտված ստուգումներով արձանագրվել են 4.978 մլրդ դրամի խախտման փաստեր։ Այդ գումարից ավելի քան 3 մլրդ դրամն, ըստ նախարարության, ենթակա է վերականգնման (կամ վերաձևակերպման), այսինքն՝ ենթակա է վերադարձման պետական բյուջե, համայնքային բյուջեներ, ենթակա է հաշվառմամբ ձևակերպման և այլն։ «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ մնացած մոտ 1.957 մլրդ դրամը վերականգնման կամ վերաձևակերպման ենթակա չէ. «…քանի որ այդ գումարների ծախսման մասով արձանագրվել են հարկաբյուջետային և հաշվապահական հաշվառման սահմանված կանոններից շեղումներ՝ մասնավորապես թույլ են տրվել ընթացակարգային խախտումներ, որոնք ըստ էության չեն հանգեցրել գումարների անարդյունավետ և ոչ նպատակային ծախսման»:

Ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստեր՝ Հանրային հեռուստաընկերությունում
Ամենամեծ ծավալի խախտման փաստերն արձանագրվել են Հանրային հեռուստաընկերությունում, եթե դիտարկենք ըստ առանձին կառույցների: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում ստուգումների արդյունքում հայտնաբերվել է պետական աղբյուրներից հատկացվող գումարների ծախսման ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստ։ Այսինքն՝ արձանագրված ընդհանուր խախտումների (4.978 մլրդ դրամ) ավելի քան 40%-ը գրանցվել է Հանրային հեռուստաընկերությունում։

«2017թ. ընթացքում Տեսչության կողմից համապատասխան աշխատանքներ են տարվել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ: ՀՀ վարչապետի 20.04.2017թ. N 02/23.19/9694-17 հանձնարարականի հիման վրա «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվել է ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության ստուգում»,- նշված է հրապարակված նախագծում:

Ծրագրային խախտումները
Իսկ նախարարություններում, մարզպետարաններում և մարզային կառույցներում, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում և այլ կառույցներում ստուգումների արդյունքում ընդհանուր առմամբ 2.862 մլրդ դրամի խախտման փաստեր են արձանագրվել։

Օրինակ՝ առողջապահության ոլորտում խախտումները կազմել են 592.6 մլն դրամ, որից  421 մլն դրամը՝ Առողջապահության նախարարությունում։ Խախտումների են հայտնաբերվել այնպիսի ծրագրերի մասով, ինչպիսիք են «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագիրը, «Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օրթեզներով և կորսետներով ապահովման ծառայություններ» ծրագիրը, «Արյան հավաքագրման ծառայություններ» ծրագիրը և այլն։

Իսկ, օրինակ, Մշակույթի նախարարությունում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են 521.3 մլն դրամի խախտման փաստեր, որից մոտ 322 մլն դրամը հենց նախարարությունում, 106 մլն դրամը՝ «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում, 53.5 մլն դրամը՝ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում և այլն։

Յուրաքանչյուր ստուգման ավարտից հետո ֆինանսների նախարարի կողմից համապատասխան առաջարկություններով գրություններ են հասցեագրվել ստուգված կազմակերպություններ կամ պատկան վերադաս մարմիններ, և հսկողություն է իրականացվել վերջիններիս կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ:

Նշենք, որ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն ֆինանսների նախարարությունը առաջին անգամ չէ, որ իրականացնում է։ Նախարարության ներկայացրած գծապատկերում ցուցանիշներն են՝ 2013-2017թթ. իրականացված ստուգումների քանակի, արձանագրված, վերականգնման/ վերաձևակերպման ենթակա և փաստացի վերականգնված/վերաձևակերպված գումարների վերաբերյալ (մլն դրամ).


Աղբյուրը՝ 168.am

loading...