«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հորդորել է երեք ամիս ոչինչ չձեռնարկել և լուռ սպասել Նիկոլ Փաշինյանի և իր թիմի աշխատանքին: Նրանք թաքուն հույս են փայփայում, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից, և վերջինս կձախողի: Ընդ որում` նրանք արդեն ծրագրեր են մշակում, թե ինչ են անելու այդ ժամանակ, երբ իսկապես իրենց սպասելիքներն իրականանան:
Ոչինչ չձեռնարկելու և սպասելու մասին են վկայում նաև ՀՀԿ խմբակցության անդամների պարբերաբար կրկնվող հայտարարություններն այն մասին, թե իրենք չեն խոչընդոտի Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը:
Հավելենք, որ հունիսի 7-ին խորհրդարանում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը, և արդեն իսկ ակնհայտ է, որ այն ընդունվելու է: Դրանից հետո արդեն կսկսվեն հստակ գործողությունները:
Երեկ այս տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից, սակայն պատգամավորները չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին»:
Աղբյուրը՝ 1in.am